ՀԱԿ-ի առաջարկից վատ հոտ է գալիս
18 Փետրվար 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՀԱԿ-ի առաջարկը Նիկոլ Փաշինյանին ես այսպես եմ հասկանում` Նիկոլ, դու լավը չես, դու վարչապետ չես, քո խելքն այդ գործից չի հասնում, արի, քանի դեռ քեզ իշխանությունից չեն հեռացրել, սահմանադրությունը փոխիր, դարձիր նախագահ: Փաշինյանի համար սա ստորացուցիչ առաջարկ է, էլ չասած` հայհոյանք հեղափոխություն իրականացրած և Փաշինյանին իշխանության բերած ժողովրդի հասցեին: ՀԱԿ-ը Փաշինյանին այլ առաջարկ չէր էլ կարող անել, որովհետև այդ ուժը գենետիկորեն ի վիճակի չէ ոչ տնտեսություն ըմբռնել, ոչ որևէ բան զարգացնել և ոչ էլ հոգ տանել ժողովրդի մասին, որի վերաբերյալ, ներքին լսարանո, սովորաբար, գործածում է «ախմախներ», «սովածներ», «ամբոխ», «սատկացնել» բառերը:
ՀԱԿ-ն ամենևին էլ նոր կլուբ չէ: Դա նույն ՀՀՇ-ն է` Տեր Պետրոսյանի խոսքով` գեղի կլուբ, որը կողմ է բացառապես քյոխվայական կարգերի: Հանուն ճշմարտության նշեմ, որ ես նույնիսկ մի փոքր զարմացա, երբ տեսա, որ առաջարկում են անցում կատարել կիսանախագահական սահմանադրության: Սա իրենցից չէ: Էլ ինչո՞ւ մի հատ վերադառնալ կիսանախագահականի, հետո էլ` սուպերնախագահականի: Երևի ամաչել են իրերն իրենց անունով կոչել: Ինչևէ:

«Իմ քայլից» հետո ՀԱԿ-ը երկրորդ և վերջին քաղաքական ուժն է Հայաստանում, որ ցնծությամբ է դիմավորում Փաշինյանի կառավարության հեքիաթային ծրագիրը: Ճաշակի հարց էլ կա, իհարկե, բայց չպետք է մոռանալ, որ խոսքն այս դեպքում կառավարության գործունեության հիմնական փաստաթղթի մասին է, կառավարության ռազմավարության մասին, երկրի ու ժողովրդի ապագայի մասին: Հետևաբար զրո արժեք է ներկայացնում ՀԱԿ-ի հիացմունքը մի փաստաթղթից, որ սահմանափակվում է, հենց իրենց խոսքով ասած`«առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ» մատնանշելով: Խնդիրների այդ «լա՛յն» շրջանակը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը չի հայտնագործել: Խնդիրները կուտակվել են մեր անկախության 30, այդ թվում և ՀՀՇ-ի տխրահռչակ իշխանության տարիներին: Սա ժխտելու համար նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի տիտանական միտքը չի հերիքի, բայց դու տես, որ ավելի առաջ են գնացել ու Փաշինյանին «խորհուրդ» են տալիս վերադառնալ նախագահական կարգերին: Հարց` ինչո՞ւ, եթե խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանի հեղափոխական կառավարությունը վերջապես ներկայացրել է մի ծրագիր, որը ՀԱԿ-ի խելքով` «պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսիք են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը և այլն։ Որով հռչակվում է անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ, արտահանման վրա հիմնված, արդար մրցակցային և մասնակցային տնտեսության և ներդրումային նպաստավոր միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները տնտեսության և ռազմարդյունաբերության լոկոմոտիվ դարձնելու ռազմավարությունը, ներկայացված են երկրի զարգացման բազմաթիվ այլ հավակնոտ ծրագրային նպատակներ»:
Պարոն Տեր-Պետրոսյան, կամ Դուք ստում եք, և վարչապետ Փաշինյանի ծրագիրն այդքան չարժե, և կամ Դուք` 3 նախագահներով, նախընթաց ողջ ժամանակահատվածում չեք կարողացել գրել մի ծրագիր, որպեսզի երկիրը չընկներ «կոշտ ավտորիտարիզմի» ճահճի մեջ:
ՀԱԿ-ում բավականին սխալ պատկերացումներ ունեն վարչապետ Փաշինյանի հնարավորությունների մասին: Նրանց կարծիքով` Փաշինյանն ի զորու չէ արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի, արմատախիլ անել կոռուպցիան, վերացնել ոչ բնական մենաշնորհները, երաշխավորել մրցակցային հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար, ընդունել հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն, էապես կրճատել ստվերային տնտեսությունը, դատական համակարգը մաքրել, ազատել դատավորի բարձր կոչումը վարկաբեկած, կոռումպացված ու կամակատար դատական կադրերից, կիրառել անցումային արդարադատություն: Կիրառելով «Իմ քայլի» հակադարձման մեթոդը` արժե, կարծում եմ, Տեր-Պետրոսյանին և նրա կլուբի գրագետներին հիշեցնել, որ այն ամենը, ինչ իրենք այստեղ թվարկել են, հենց իրենց ժառանգությունն է, որ դժբախտաբար թողել են Հայաստանին: Եվ հիմա եկել, երգում են, որ մնչև նախագահական կարգերը չվերադառնան, ավգյան ախոռները չեն մաքրվի: Դուք դա լո՞ւրջ եք ասում, Փաշինյանի նախկին ակումբակիցներ:
Եվ վերջում Տեր-Պետրոսյանի դատավճիռն է հնչում: Հիշեք, խնդրում եմ, նրա` մատը վեր տնկած նկարը և նրան` ասելիս. «Առաջարկում եմ, մասնավորապես, մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին, նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել Հանրապետության նախագահի ընտրություններ»: Տատս կասեր` «ըղո՞րթ»:
Հայ ազգային կլուբի ակտիվիստներ, հանգիստ նստեք տեղներդ: Ժողովուրդը ոչ ձեզ է կարոտել, ոչ էլ ձեր ժամանակները: Ուրիշը ձեր փոխարեն գետինը կմտներ, բայց եկել, ուզում եք հերթական էշի հարսանիքը սարքել Հայաստանում: Ոչ ոք չի պատրաստվում մի հատ «հեղափոխություն» էլ ձեր մասնակցությամբ անել` այս անգամ արդեն հայտնվելով քյոխվայական կարգերում: Եթե կարող եք, իսկ ես կասկածում եմ, որ կարող եք, աջակցեք Փաշինյանին իր ծրագիրն իրագործելու հարցում և ոչ թե խորհուրդ տվեք գնալ մի ճանապարհով, որով Թուրքիան է գնացել: Այդ ճանապահից վատ հոտ է գալիս: