ՀՅԴ երեսունչորսերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2022 թվակականի փետրվարի 28-ից մարտի 8՝ Դիլիջանում, Հայաստանի Հանրապետություն:
Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակները քննարկեցին և արժևորեցին համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշեցին ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։
Ժողովը արձանագրեց, որ.
•Ողջ հայությունը, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, հայտնվել են մեր նորագույն պատմության ճակատագրական փուլերից մեկում, որն աննախադեպ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար։
•ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը, արտաքին եւ ներքին ճակատներում առաջ եկած մարտահրավերներին անհամարժեք արձագանքն ու սխալ գործողությունները հանգեցրել են 44-օրյա աղետալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար ստեղծելով լինելիության վտանգ։
•ՀՀ իշխանությունները խորացրել են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք ուղեկցվում են քաղաքական հետապնդումներով, բանտարկություններով եւ ճնշումներով։ Փլուզված է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները։
•Սփյուռքը բազմաթիվ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրված, համազգային պառակտման եւ հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից եւ հետպատերազմյան զարգացումներից հետո գտնվում է հուսալքության, ահռելի դժվարություններ հաղթահարելու եւ ելքերի փնտրտուքի փուլում, որն հարկ է հունավորել ու արդյունավորել։
•Տարածաշրջանում ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Հայաստանի իշխանությունները դադարել են լինել Արցախի Հանրապետության և արցախահայության անվտանգության երաշխավորը։
ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ.
•Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնական ներուժով։
•Հայության ներուժի, ազգային արժեքների նահանջի պայմաններում Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարությունը։
•Սփյուռքը իբրեւ գլխավորաբար Հայոց ցեղասպանության ծնունդ, Արեւմտահայաստանի կորուստի արդյունք եւ արեւմտահայերենի պահպանման կռվան՝ ռազմավարական նշանակություն ունի հայության մղած պայքարի համար: Անհրաժեշտ է նոր ավյուն ներարկել Սփյուռքի առավել կազմակերպման եւ համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։
•Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավոր հաստատումը չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի, Արցախի եւ համայն հայության օրինավոր եւ անժամանցելի իրավունքների:
•Արցախում ստեղծված նոր կացությունը անհրաժեշտություն է առաջացնում պայքարի նոր մոտեցումների եւ ռազմավարության որդեգրման՝ մեկնակետ ունենալով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը։
•ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ և նվիրումով ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարության հաստատման աշխատանքներին։
•ՀՅԴ-ն հավատարիմ Հայ դատի պայքարին՝ հանդես է գալու ցանկացած գործընթացի դեմ, որը կհակասի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հրապարկված համահայկական հռչակագրերին։
•Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցությունը շարունակելու է ընդլայնել հունավորվող ազգային դիմադրության շարժումը:
ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով եւ համակիրների աջակցությամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարությունը։
ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողով
8 Մարտ, 2022
-Այցելություն Եռաբլուր՝ ՀՅԴ Ընդհանուր ժողովի նախօրյակին
-Տեղի ունեցավ ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի պաշտոնական բացումը
-ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթը
-ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը
-Ամերիկահայ բարերար Մայք Սարյանը հաջողություն է մաղթել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին
-Դաշնակցությունն ուժեղ է իր աջակիցներով. Հակոբ Տեր-Խաչատուրյան
-ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները
-ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովի հայտարարությունը
-Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներին
ՀՅԴ երեսուներեքերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2019 թվակականի հունվարի 16-24-ը՝ Սեփանակերտում, Արցախի Հանրապետություն:
Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովը արձանագրելով, որ՝
-Անցնող քառամյակում կուսակցությունը, հարազատ մնալով իր ռազմավարական սկզբունքներին, մշտապես գործունեության առանցքում է պահել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, Հայաստանի պետականության ամրապնդման, երկրի կայունության եւ անվտանգության հարցերը.
-Վերահաստատում է Արցախի հիմնահարցի վերաբերյալ նախապես հայտարարված դիրքորոշումները.
-Հայկական աշխարհը, իր բաղադրիչ մասերով` Հայրենիք եւ Սփյուռք, որպես մեկ միասնական ամբողջություն, այն ուժն է, որը կարող է մրցակցային առավելություններ ապահովել ժամանակակից աշխարհում.
-Ապրիլյան համաժողովրդական շարժման արդյունքում ապագայի նկատմամբ ոգեւորության եւ հույսի նոր ալիք է բարձրացել, որի ճիշտ հունավորումը կարող է ապահովել Հայաստանի եւ հայության հետագա առաջընթացը.
-Առաջիկա ժամանակահատվածում Հ.Յ.Դաշնակցությունը գործելու է ներքաղաքական և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում.
-Հայկական Սփյուռքի կազմակերպման և զարգացման գործը շարունակում է մնալ Հ.Յ.Դ. համահայկական ռազմավարության էական բաղադրիչներից մեկը.
-Հ.Յ.Դ.-ն հավատարիմ է հայության Պահանջատիրությանն ու անժամանցելի իրավունքների վերականգնմանը.
Հայտարարում է՝
Իբրեւ արտախորհրդարանական քաղաքական ուժ, ազգային ուղեգծին ու ընկերվարական (սոցիալիստական) իր գաղափարախոսությանը հավատարիմ, Դաշնակցությունը շարունակելու է իր մշտանորոգ ընթացքը, նպատակ ունենալով կերտել ազատության, արդարության և համերաշխության հիմնարար սկզբունքների վրա հիմնված իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն։
-Հավատարիմ է մնալու «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքին, թույլ չտալով որեւէ շեղում ազգային ուղեգծից ու նպատակադրումներից.
-Կողմնակից է Հայաստանի բազմաբեւեռ, փոխլրացնող արտաքին քաղաքականությանը.
-Որակական նոր թափ է հաղորդելու Հայ Դատի պայքարին.
-Շարունակելու է աջակցել ջավախահայության իրավունքների պաշտպանությանը.
-Վճռականորեն հակազդելու է ներազգային պառակտումների ցանկացած փորձի.
-Հանդես է գալու հայության ազգային, հոգեւոր հաստատությունների եւ արժեքների պաշտպանության հանձնառությամբ.
-Խրախուսելու է տարբեր հարթակներում կանանց առավել շոշափելի ներկայությունը։
Առ այդ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է ուղղում աշխարհասփյուռ իր շարքերին, համակիրներին եւ ուղեկից կառույցներին՝ համախմբվելու հայության ու Մայր հայրենիքի կենսական շահերի շուրջ՝ հանուն Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստնի կերտման:
Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողով
25.01.2019 թ
-Մեկնարկել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը
-Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՅԴ Ընդհանուր ժողովի մասնակիցներին
-Արցախի Թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ելույթը ժողովի բացմանը
-ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ ժողովի բացմանը
-Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովի օրակարգը
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովին
-ՀՅԴ Ընդհանուր ժողովի մասնակիցները հանդիպեցին նախագահ Բակո Սահակյանի հետ
ՀՅԴ երեսուներկրորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2015 թվակականի հունվարի 16-24-ը՝ Դիլիջանում, Հայաստանի Հանրապետություն:
Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց 2015 թվականի հունվարի 16-24-ին՝ Դիլիջանում։ Ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։
Ժողովը քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։
Ժողովը արձանագրեց որ՝
ա) Հայաստանն ու հայությունը դիմագրավում են լուրջ մարտահրավերներ՝ Հայաստանի եւ Արցախի անկախ հանրապետությունները ամրապնդելու, արդյունավետ կառավարում ապահովելու, համահավաք ուժերով գործելու, մեր ժողովրդի ինքնադրսեւորման համար բարենպաստ, ազատ պայմաններ երաշխավորելու առումով։
բ) Հայաստանի քաղաքական համակարգի անկատարությունը, ժողովրդավարության արմատավորման դժվարությունները, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, անարդարությունները խարխլում են հայ հասարակության վստահությունը սեփական պետության հանդեպ։ Մեծ չափերի հասնող գործազրկությունն ու աղքատությունը, արտագաղթը պարտադրում են վարվող տնտեսական քաղաքականության արմատական փոփոխություն։
գ) Հայաստանի ներքաղաքական հիմնական հարցերն են` իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգի կայացումը, բիզնեսի եւ քաղաքականության իրական տարանջատումը, ժողովրդի ազատ կամարտահայտությամբ նոր որակի իշխանության ձեւավորումը, ընկերային արդարության հաստատումը, քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանությունը։
դ) Հարավային Կովկասում եւ ընդհանրապես տարածաշրջանում, սաստկացել է մեծապետական ուժերի մրցապայքարը՝ ազդեցության գոտիների ընդլայնման կամ ամրապնդման նպատակով։
ե) Եւրասիական Տնտեսական Միությանն անդամակցությունը Հայաստանին կանգնեցրել է ռազմավարական նոր մարտահրավերների առջեւ։
զ) Ադրբեջանը նոր թափ է հաղորդել իր ռազմապաշտ քաղաքականությանը, զինադադարի գրեթե ամենօրյա խախտումներ կատարելով եւ լայն ծավալի առճակատման վտանգ ստեղծելով։
է) Թուրքիան կիրարկում է ագրեսիվ քաղաքականութուն իր երբեմնի կայսերապետական դիրքերը վերականգնելու նպատակով, որի թիրախներից են հայրենամերձ գոտիների հայկական գաղութների կազմալուծումն ու ֆիզիկական վտանգի ենթարկելը։
Ընդհանուր ժողովը որոշեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հետամուտ պետք է լինի՝
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգի արմատական փոփոխությանը՝ սահմանադրական բարեփոխումների ճանապարհով եւ ընկերային արդարության հաստատումով.
բ) Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ջանքերը շարունակելով, հայության ուժերի մեկտեղման միջոցով` դիմակայել Հայրենիքի անվտանգությանը սպառնացող վտանգներին.
գ) Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը նկատելով որպես Հայ Դատի պայքարի վերանորոգման հանգրվան՝ Հայ Դատի ռազմավարական նպատակ նկատել Թուրքիայից հողային պահանջատիրութունը. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը հետապնդել համազգային համակարգված ծրագրով.
դ) Պաշտպանել Ջավախքի հայության իրավունքները. Ջավախքի հայկական ինքնության պահպանումը համարել հայ-վրացական հարաբերությունների սերտացման գրավական.
ե) Ամբողջական զորակցություն եւ հետեւողական օժանդակութուն ցուցաբերել սիրիահայության ինքնապահպանման պայքարին՝ քաղաքական, նյութական եւ բարոյական բոլոր ուղղություններով.
զ) Համախմբել Սփյուռքի ուժերը` ի խնդիր հայկական գաղթօջախների կենսունակության եւ Հայրենիք-Սփյուռք համագործակցության ընդլայնման։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր ամբողջական զորակցութունն է հայտնում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անկախության գլխավոր երաշխավոր հայոց բանակին, զինված ուժերի ողջ անձնակազմին, որոնք օրնիբուն, հակառակ բոլոր վտանգների, պաշպանում են Հայրենիքի անվտանգությունն ու մեր ժողովրդի անդորրն ու խաղաղությունը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր 125-ամյակի առիթով վերանորոգում է հանձնառությունը՝ բոլոր ուժերով նվիրվելու Հայաստանի ու հայության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, տարածաշրջանում ազդեցիկ գործոն դառնալու, մեր ազգային արժանապատությունը պահպանելու, ինքնիշխանութունը ամրապնդելու եւ համահայկական ներուժի ամբողջական կազմակերպումն ու հզորացումը իրականացնելու համար։
ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողով
24 Հունվար 2015
ՀՅԴ երեսունմեկերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 24-ից հուլիսի 1-ը՝ Ծաղկաձորում, Հայաստանի Հանրապետություն:
Հանգամանալից քննության ենթարկելով Հայրենիքի եւ Սփյուռքի ազգային-քաղաքական իրավիճակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կարողականության լիարժեք օգտագործման հնարավորությունները, Երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական կացությունն ու դիմագրաված արտաքին մարտահրավերները՝ ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովը արձանագրում է.
Ինքնիշխան, ժողովրդավար, իրավական եւ սոցիալական պետություն կառուցելու, տարածաշրջանում եւ աշխարհում ազդեցիկ գործոն դառնալու մեր ժողովրդի նպատակը տակավին մնում է չիրագործված։
Սփյուռքը, շարունակելով անբարենպաստ պայմանների մեջ իր հայկական ինքնությունը պահպանելու ճիգերը, ստիպված է դիմագրավել լուրջ մարտահրավերների, ինչը պահանջում է ներուժի կուտակման եւ միասնության առավելագույն աստիճան։
Արցախի հիմնահարցը շարունակում է մնալ չկարգավորված, ցայսօր չի հաջողվել միջազգայնորեն ամրագրել ԼՂՀ փաստացի անկախությունը, չի ապահովվել մեզ պարտադրված պատերազմի արդյունքում նվաճված ռազմաքաղաքական ձեռքբերումների անշրջելիությունը։
Հայ-թուրքական հարաբերությունները, Թուրքիո կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության հանդեպ ժխտողական կեցվածքի պատճառով, ի սկզբանե դատապարտված էին ձախողման։ Անհրաժեշտ է Հայաստան-Թուրքիա արձանագրություններից Հայաստանի ստորագրության ետկանչմամբ եզրափակել ներկա գործընթացը։
Հայաստանի Հանրապետությունում՝
ա) Գործող իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի բխում բնակչության բացարձակ մեծամասնության շահերից:
բ) Խորանում է աղքատությունը, նվազում է վստահությունը ապագայի հանդեպ, արտագաղթի վտանգավոր միտում է նկատվում:
գ) Քաղաքական ու տնտեսական իշխանությունների սերտաճումը հանգեցրել է մենաշնորհների, ազատ մրցակցության բացակայության եւ ստվերայնության մեծ ծավալների:
դ) Երաշխավորված չեն անհատի եւ հանրության իրավունքներն ու ազատությունները, լիարժեք քաղաքացիական հասարակություն չի կայանում, առկա բացասական բարոյահոգեբանական մթնոլորտը խոչընդոտում է Հայրենիքի լիարժեք քաղաքացու ձեւավորմանը եւ սոցիալական առաջընթացին:
ե) Հայտարարված սկզբունքների եւ իրական կյանքի անհամապատասխանությունը հանգեցրել է պետականության ու իշխանության, ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձեւավորելու հանդեպ անվստահության:
Մեկնելով այս հաստատումներից ` Ընդհանուր ժողովը հայտարարում է.
ՀՅ Դաշնակցության քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունն ու համակուսակցական խնդիրը առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստությունն է՝ նպատակ ունենալով համակարգային իշխանափոխությամբ նոր որակի իշխանության ձեւավորումը, համակարգային բարեփոխումները, ազգային-պետական ուղեգծի եւ սոցիալական արդարության սկզբունքների արմատավորումը, քաղաքական համակարգի լիարժեք կայացումը, Հայաստանի արագընթաց զարգացումը։
Մենք վստահ ենք, որ Հայաստանի բնակչությունն ու աշխարհասփյուռ հայությունը կարող են մեկտեղել իրենց ուժերը եւ մեր Հայրենիքի ու ժողովրդի համար արժանապատիվ ապագա երաշխավորել։
Մենք ի վիճակի ենք առանց զիջելու եւ վտանգելու համազգային ձեռքբերումները, նպատակներն ու շահերը` ապահովել Հայրենիքի կայուն զարգացումը, ի նպաստ հայության կարգավորել Արցախի հիմնահարցն ու հայ-թուրքական հարաբերությունները, հետապնդել Ցեղասպանության եւ հայրենազրկման հետեւանքների արդարացի հատուցումը, պաշտպանել ջավախահայության օրինական իրավունքները։
Մենք կարող ենք նոր որակ հաղորդել Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, փոխլրացնել միմյանց եւ աշխարհին ներկայանալ համայն հայության ներուժով։ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները պետք է ստանան առավել խորքային բնույթ։ Սփյուռքի կազմակերպման եւ առավել քաղաքականացման ճիգը պետք է լինի տեւական։
Մենք պարտավոր ենք Հայաստանը դարձնել հզոր, ժողովրդավար, սոցիալական արդարության վրա հիմնված, թռիչքաձեւ զարգացող պետություն, ուր ազատ անհատն ու համերաշխ հասարակությունը վստահությամբ կնայեն ապագային, կապրեն բարեկեցիկ, ստեղծագործ կյանքով։ Մենք պետք է կարողանանք բացառել ներազգային պառակտումն ու թշնամանքը, վեր կանգնել անձնական ու խմբակային շահերից, օրենքի իշխանություն եւ սոցիալական արդարություն հաստատել, երկիրը դուրս բերել զարգացման մայրուղի։
Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 20-ամյակի շեմին, ՀՅ Դաշնակցությունը վերահաստատում է իր կամքն ու վճռականությունը՝ բովանդակ ուժերով եւ աշխարհասփյուռ կարողականությամբ կարելին ու անկարելին անելու հանուն հայ մարդու, հայ հավաքականության եւ հայկական պետականության անշեղ վերելքի։
ՀՅԴ 31-ՐԴ Ընդհանուր Ժողով
Ծաղկաձոր, 1 հուլիսի 2011թ.
ՀՅԴ երեսուներորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2008 թվականի մայիս 21-26-ը՝ Ծաղկաձորում, Հայաստանի Հանրապետություն:
Հայ Յեղափոխական Դաշնակցության 30-րդ Ընդհանուր Ժողովը վերահաստատում է, որ կուսակցությունը հավատարիմ է ազգային գաղափարախոսությանը, հեղափոխական ավանդներին, ընկերվարական համոզումներին եւ իր ծրագրային նպատակներին:
Հ. Յ. Դ. գործունեության առանցքը հայ ազգի լինելիության ապահովումն է, որի բաղկացուցիչներն են՝ հայ անկախ պետականությունը` իր անվտանգության, քաղաքական, ընկերային-տնտեսական, հոգեւոր-մշակութային ստորոգելիներով, եւ բովանդակ հայության կարողականությունը£
Մեկնելով վերոնշյալից` Հ. Յ. Դ. 30-րդ Ընդհանուր ժողովը գտնում է, որ՝
Հայաստանի Հանրապետությունը դիմագրավում է կայացման եւ ժողովրդավարացման դժվարին փուլ£
Արցախի հիմնահարցը սպասում է արդարացի լուծման, որին անհրաժեշտ է հասնել բանակցությունների միջոցով, նաեւ` Ադրբեջանի ծրագրերի չեզոքացման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը արագացնելու ճանապարհով£
Վրաստանի կազմում Ջավախքը զուրկ է ինքնակառավարման հնարավորությունից£
Արեւմտահայաստանում, Թուրքիայի այլ տարածքներում Ցեղասպանությունից փրկված հայության բեկորները շարունակում են մնալ իրավունքներից զրկված£
Սփյուռքը Հայաստանից վերջին տարիներին տեղի ունեցած արտագաղթի հետեւանքով նոր մարտահրավերներ է դիմագրավում:
Հայության ներկա կացության այս գնահատման հիման վրա՝ Հ. Յ. Դ. 30-րդ Ընդհանուր ժողովը կուսակցության գործունեության նորագույն հանգրվանը սահմանում է հետեւեալ տրամաբանությամբ.
Վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ներկայանալով իր ցանկով եւ սեփական թեկնածուով` Հ. Յ Դաշնակցությունը հաստատագրել է, որ անկախ, ինքնուրույն, միայն սեփական որոշումներով առաջնորդվող կուսակցություն է:
Հատկապես նախագահական ընտրություններից հետո Հ.Յ. Դաշնակցությունը բնական կերպով կարող էր որդեգրել խորհրդարանական առողջ ընդդիմության կեցվածք£ Սակայն հետընտրական շրջանի իրադարձությունների հետեւանքով անկախ պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգները կուսակցությանը դրեցին երկրի կայունությունը եւ ինքնիշխանությունը պահպանելու առաջնահերթության եւ պատասխանատվության առջեւ:
Այդ պատասխանատուության գիտակցությամբ Հ.Յ. Դաշնակցությունն ընդառաջեց կոալիցիայի հրավերին՝ գտնելով, որ ստորագրված համաձայնագրի քաղաքական առաջնահերթությունների իրագործումը երկիրը զարգացման որակական նոր աստիճանի բարձրացնելու հնարավորություն է ստեղծում£
Առ այդ` Հ. Յ. Դ. 30-րդ Ընդհանուր Ժողովը հայտարարում է, որ՝
Կուսակցությունը, Երկրի եւ Սփյուռքի իր շարքերով, հետեւելու եւ վերահսկելու է քաղաքական կոալիցիայի համաձայնագրի սկզբունքային դրույթների բծախնդիր գործադրությունը£ Կոալիցիայի կողմից այդ դրույթների հանձնառությունից հրաժարվելու կամ քաղաքական կամք չդրսեւորելու դեպքում Հ.Յ. Դաշնակցությունը իր ազգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական առաջադրանքները կարող է հետապնդել նաեւ կոալիցիայից դուրս՝ առանց վտանգելու երկրի անվտանգությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, գաղափարական ու քաղաքական իր սկզբունքներին£
Հ. Յ. Դաշնակցությունը գտնում է, որ քաղաքական կոալիցիան գործնական քայլերով առողջ ընդդիմության ձեւավորման դաշտ պետք է երաշխավորի, որպեսզի որեւէ իշխանությունից դժգոհ հասարակությունը իր պահանջները օրինական միջոցներով արտահայտելու հնարավորություն ունենա:
Հ. Յ. Դ. 30-րդ Ընդհանուր Ժողովը նաեւ վերահաստատում է Սփյուռքի ռազմավարական կարեւորությունը Հայաստանի Հանրապետության, հայության անվտանգության ու զարգացման համար եւ հայտարարում, որ կուսակցությունը մնում է հանձնառու նրա կազմակերպման« հզորացման, հայրենիքի հետ համարկման հրամայականներին£
Այս հետեւությամբ էլ Հ. Յ. Դ. 30-րդ Ընդհանուր Ժողովը կոչ է ուղղում սփյուռքահայությանը` ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն£ Հայաստանի քաղաքացիություն ընդունելով` սփյուռքահայությունը կամրապնդի իր ազգային ինքնությունը, կշեշտի հանձնառությունը` հատկապես հայրենիքի զարգացմանը բերելիք ներդրումի առումով:
Հայրենիքի զարգացման գործում այս ներգրավմամբ կխրախուսվի հայրենադարձությունը եւ հայրենիքից արտագաղթը նվազեցնելու հիմքեր կստեղծվեն:
Կենսունակ, կազմակերպված, հայրենիքի հետ մեկ ամբողջություն կազմող Սփյուռքը այսօր, առավել` քան երբեք, անհրաժեշտ է` դիմագրավելու Թուրքիայի նախաձեռնությամբ, Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ ընթացող հակահայ արշավի նոր հանգրվանը:
Կարեւոր է հատկապես վերջին տարիներին առաջընթաց արձանագրած` Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, արդար հատուցման պայքարի շարունակումը` որպես ուրացման թրքական պետական քաղաքականության փորձերի չեզոքացման երաշխիք:
Հ.Յ.Դ. 30-րդ Ընդհանուր Ժողովը հաստատում է կուսակցության վճռական կամքը` անմնացորդ նվիրումով ծառայելու հայ անկախ պետականության հզորացմանը, հայութեան կազմակերպ միասնականության ապահովմանը, որի նպատակն է տարածաշրջանում` ազդեցիկ պետության, աշխարհում` հայության հաշվառելի գործոնի վերածվելը:
Հ.Յ. Դաշնակցության 30-րդ Ընդհանուր Ժողով
Ծաղկաձոր, 27 մայիսի 2008
ՀՅԴ քսանիններորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2004 թվականի փետրվարի 6-17-ը՝ Ծաղկաձորում, Հայաստանի Հանրապետություն:
ՀՅԴ 29-րդ Ընդհանոր Ժողովը, քննարկելով ՀՅ Դաշնակցության անցնող քառամյա գործունեությունը, արձանագրեց. կուսակցությունը կարողացել է նկատելի քայլեր կատարել ինչպես հայոց պետականության ամրապնդման, ողջ հայությանը հուզող հիմնահարցերի արծարծման, Հայաստանի քաղաքական կյանքում կազմակերպության ունեցած դերակատարության ընդլայնման, այնպես էլ ՀՅԴ համահայկական ներկուսակցական-կազմակերպական կյանքի վերաաշխուժացման եւ զորաշարժի ենթարկելու գործում:
Անցնող քառամյակում կուսակցությունը նոր մակարդակի բարձրացրեց հայ ժողովրդի քաղաքական իրավունքների վերատիրացման՝ Հայ Դատի աշխատանքները, եւ Հայաստանի, Արցախի ու հայության շահերի պաշտպանության գործը: Հիմնեց Եվրոպայի Հայ Դատի գրասենյակ՝ ծավալուն աշխատանքով, կազմակերպեց հայության քաղաքական խնդիրներին աջակից գործիչների «Պրո Արմենիա» համաժողովը եւ վերահաստատեց իր լիիրավ անդամակցությունը Սոցիալիստական Ինտերնացիոնալին
ՀՅԴ 29-րդ Ընդհանուր Ժողովը, քննարկելով հայության ու Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրները, արձանագրեց. Հայրենի պետականությունը եւ հայ ժողովուրդը կանգնած են ինչպես ներազգային, այնպես էլ միջազգային դժվարին խնդիրների լուծման հրամայականի առջեւ.
– Համաշխարհային ժամանակակից գործընթացների բացասական դրսեւորումները վտանգավոր ազդեցություն են թողնում տնտեսական-ֆինանսական, քաղաքական, ընկերային, մշակութային, բնապահպանական եւ այլ բնագավառների վրա՝ սահմանափակելով ազգերի եւ պետությունների ինքնուրույն զարգացման հեռանկարները,
– Հայաստանը գտնվում է արդարության եւ օրինականության հաստատման, ժողովրդի սոցիալ¬տնտեսական կացության արմատական բարելավման, կոռուպցիայի վերացման հրամայականների առաջ,
– Հայաստանում քաղաքական Կոալիցիայի ձեւավորման նախադեպը նոր որակ բերեց հանրապետության քաղաքական կյանքում: Սակայն Կառավարությանը մաս կազմելը ինքնանպատակ չէ, եւ ՀՅԴ մասնակցությունը Կոալիցիային պայմանավորված է Կոալիցիայի Հուշագրում ամրագրված նպատակների եւ սկզբունքների իրականացմամբ,
– Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է պայքարել ժողովուրդների ինքնորոշման եւ անկախության իր իրավունքի միջազգային հանրության կողմից ամբողջական ճանաչման ուղղությամբ,
– Ջավախքի հայությունը ձգտում է սրբագրել տարիներ շարունակ Վրաստանի նախկին իշխանությունների վարած խտրական քաղաքականության հետեւանքով երկրամասում տիրող ծանր կացությունը, պահպանել եւ ամրապնդել իր ազգային, մշակութային ինքնությունը, բարելավել ժողովրդի ընկերային¬տնտեսական վիճակը,
– Սփյուռքը դիմագրավում է համաշխարհային նոր գործընթացների, Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի, հայահոծ գաղութներից հայության նոր տեղաշարժերի եւ համայնքների վերաձեւավորման արդյունքում նպատակների եւ ինքնության վերաիմաստավորման խնդիրներ£:
ՀՅ Դաշնակցության 29¬րդ Ընդհանուր Ժողովը հայտարարում է.
– Շարունակելու է պայքարը հայրենի պետության ամրապնդման ու զորացման ուղղությամբ, հետամուտ լինելով, որ պետությունը տեր լինի Արցախի եւ հայ հավաքականությունների իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման պայքարին ու Սփյուռքի հայության ազգային ինքնության պահպանման եւ Հայրենիքի հետ հարաբերությունների ամրապնդման գործին:
ՀՅ Դաշնակցությունն իր բոլոր ուժերով աշխատելու է Հայաստանում ընկերային¬տնտեսական կացության որակական վերափոխման, տնտեսական մենաշնորհների եւ կոռուպցիայի վերացման, ընկերային արդարության եւ օրենքի գերակայության հաստատման, քաղաքացիական հասարակության ձեւավորման, քաղաքական համակարգի արմատական բարեփոխման ուղղությամբ:
ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է անդուլ պայքարը Հայ Դատի հետապնդման ուղղությամբ: Հիմնովին մերժելի սադրանք է համարում առաջ քաշված հայ¬-թուրքական կեղծ հաշտեցման նախաձեռնությունները£ Ընդհանուր Ժողովը շեշտում է Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի վարած ուրացման քաղաքականությունը չեզոքացնելու եւ հայ ժողովրդի իրավունքների վերատիրացման աշխատանքները ավելի մեծ թափով առաջ տանելու եւ ընդլայնելու անհրաժեշտությունը:
ՀՅ Դաշնակցությունը անընդունելի է համարում ԼՂՀ անվտանգության երաշխիքներից որեւէ զիջում£ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է նպաստի մայր Հայրենիքի հետ վերամիավորմանը:
Ադրբեջանական իշխանությունների այսօրվա մերժողական քաղաքականության պայմաններում՝ Ղարաբաղյան բանակցություններին պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ Հայաստանը հանդես պետք է գա իբրեւ Արցախի անվտանգության ու անկախության երաշխավոր:
ՀՅ Դաշնակցությունը շարունակելու է հետեւողական աշխատանք տանել Արցախի տնտեսության զարգացման, ընկերային եւ ժողովրդագրական վիճակի բարելավման, երկրում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ուղղությամբ:
ՀՅԴաշնակցությունը սատարելու է ջավախքահայության ընկերային¬տնտեսական ծանր կացության հաղթահարմանը, մշակութային, կրթական կյանքի աշխուժացմանը, արձագանքելու է Ջավախքի հայության: Վրաստանի սահմանադրության մեջ ամրագրվելիք ինքնավարության ձգտումներին:
Անհրաժեշտ է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների հստակեցումը եւ վերարժեքավորումը՝ այն դարձնելով ամբողջական եւ համակարգված£ Սկզբունքային պահանջ է Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքում երկքաղաքացիության դրույթի ամրագրումը:
ՀՅ Դաշնակցությունը, ազգի ապագայի հիմնական կռվան նկատելով հայ ժողովրդի նորահաս սերունդները նորովի զարկ է տալու իր գաղափակական եւ կազմակերպական աշխատանքների՝ հայ երիտասարդությանը ազգային, քաղաքական հիմնական առաջադրանքների շուրջ համախմբելու եւ հանձնառության մղելու նպատակով:
ՀՅ Դաշնակցությունը կարեւորում է ազգային միասնականության եւ համագործակցության անհրաժեշտությունը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության 29-րդ Ընդհանուր Ժողովը շարքերի եւ մարմինների անունից վերահաստատում է իր վճռականությունը ամբողջական ուժերով ու նվիրումով մասնակցել մեր ժողովրդի եւ Հայրենիքի բարգավաճման եւ քաղաքական առաջադրանքների իրականացման նվիրական գործին՝ իբրեւ վերջնական նպատակ ունենալով իր ծրագրային պահանջների կենսագործումը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության
29-րդ Ընդհանուր Ժողով
Ծաղկաձոր
17/02/2004թ
ՀՅԴ քսանութերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2000 թվականի հունվարի 31-ից Փետրուար 12-ը՝ Ծաղկաձորում, Հայաստանի Հանրապետություն:
Հ.Յ.Դ. 28-րդ Ընդհանուր Ժողովը հայ ժողովրդի ներկա կացության եւ հայոց պետականության ու առհասարակ հայ քաղաքական կյանքի հիմնախնդիրների ամբողջական քննարկում կատարելուց հետո, որդեգրեց համապատասխան որոշումներ եւ ավարտեց իր աշխատանքները 2000 թվականի փետրվարի 12-ին՝ Հայաստանում։
Ժողովը, ոգեւորությամբ հաստատեց, որ հաղթանակով է պսակվել Դաշնակցության տունդարձի ութսունամյա պայքարը։ Նվաճել է սեփական հայրենիքի ու ժողովրդի եւ հայոց անկախ պետականության պայմաններում լիարժեք ու ազատորեն գործելու Դաշնակցության իրավունքը՝ իբրեւ համահայկական կառույց եւ համազգային առաքելություն ունեցող կուսակցություն։
Ընդհանուր Ժողովի գումարումը զուգադիպեց Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքի դժվարին հանգրվանի հետ ։
Արցախյան պայքարի ճակատի վրա, Հայաստանը եւ Արցախը դիմագրավում են Կովկասյան տարածաշրջանը աքցանող մեծապետական ուժերի դիվանագիտական գրոհին։ Վտանգված է արյամբ նվաճված ազգային մեր իրավունքների իրավական ամրագրումը։
Հայաստանի ընկերային¬տնտեսական տագնապը ահավոր չափերի է հանգել և սպառնում է նույնինքը Հայոց Պետական Տան ազգային անվտանգությանը։
Այս լույսի տակ Ընդհանուր Ժողովը քննարկեց Դաշնակցության անցյալ քառամյակի գործունեությունը եւ մշակեց առաջիկա հանգրվանի Հ.Յ.Դ. ռազմավարությունն ու քաղաքական ուղեգիծը՝ միջազգային թե ներազգային ճակատների վրա։
Դաշնակցությունը կենսական ու առաջնահերթ նկատում է Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը՝ հայրենի ու սփյուռքյան քաղաքական ուժերի հավաքագրումով։ Շեշտվում է համազգային մեր ներուժը լարելու եւ պետականոօրեն հաստատագրելու հրամայականը։ Միայն այդ ճամփով Հայաստանը եւ Արցախը կարող են դիմագրավել միջազգային բանակցության ընթացքում հայկական կողմին պարտադրվող զիջումները։
Փաստորեն՝ Հայ Դատի պայքարը թեւակոխած է բախտորոշ մի հանգրվան, ուր մեծ պայքար ու մրցակցություն է ծավալվել՝ տարածաշրջանի քաղաքական քարտեզը մի նոր դարաշրջանի համար վերանայելու եւ վճռորոշելու նպատակով։ Այդ բոլորի դեմ հանդիման՝ Դաշնակցությունը ավելի քան երբեք կառչած է մնում հողահավաքի եւ ազգահավաքի իր հիմնական առաջադրանքներին։ Շեշտվում է անժամանցելիությունը մեր ազգային պահանջների եւ Թուրքիայի կողմից գործադրված Հայկական Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու համապատասխան հատուցմանը։
Այս մարտահրավերների հարաճուն ճնշումը հաջողապես դիմագրավելու համար, Հայաստանն ու հայությունը, հայրենաբնակ թե աշխարհացրիվ մեր ժողովրդի ամբողջական զորաշարժով եւ պետական մեր կռվանների ու ազգային¬քաղաքական ուժերի առավելագույն համադրումով, կոչված են գործելու Պահի պահանջած հզորությամբ, մարտունակությամբ եւ հաստատակամությամբ։
Առ այդ՝ Դաշնակցությունն անհրաժեշտ է համարում Հայաստանի եւ Սփյուռքի ենթակառույցների անհապաղ արդիականացումը եւ մեր ժողովրդի շարունակական քաղաքականացումը։ Այս առումով կարեւոր դերակատարության կոչված է հատկապես հայ երիտասարդությունը ՝ մեր ազգային պահանջատիրության նոր թափ հաղորդելու մարզում։
Միաժամանակ՝ Դաշնակցությունը պահանջում է իր ընկերներից եւ մարմիններից վերանորոգ ուխտով նվիրվել Հ.Յ.Դ. գաղափարական, կազմակերպական ու բարոյական ավանդների վերահաստատմանը ու ճառագայթմանը։ Հայ կյանքից ներս պետական կառուցումի եւ ներքաղաքական գործակցության դաշտի ընդլայնումը շեշտակի կարիքը ունի դաշնակցական ոգով կենդանի գործի վարակիչ օրինակին։
Դաշնակցությունն ամբողջական պատրաստակամություն ունի գործակցելու ազգային այն բոլոր ուժերի հետ, որոնք Հայ Դատի այս կարեւոր հանգվանում զինվորագրված են հայոց զույգ պետականության շուրջ բոլորելու եւ հայության ազգային¬քաղաքական հզորացումը իրականացնելու մեծ գործին։ Միասնական ճիգերով մենք կարող ենք հայոց պետական համակարգը դուրս բերել իր ներկայի կաթվածահար վիճակից. սրբագրել գործող սահմանադրության անկատարությունը եւ կառուցել իրավական, ժողովրդավարական ու ընկերային ուղղուածությամբ պետականություն. ապահովվել օրենքի լիարժեք եւ անվերապահ կիրառումը. պայքարել կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ. աշխուժացնել անշարժության մատնված Հայաստանի տնտեսությունը եւ դարմանել մեր ժողովուրդի ընկերային-տնտեսական տագնապալի վիճակը. արմատական լուծումներ գտնել սպառնալի չափերի հասած գործազրկության եւ արտագաղթի չարիքին։
Ի վերջո, Դաշնակցությունը կոչ է ուղղում բոլորին միասնականությամբ եւ վճռականությամբ դիմագրավելու Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած սուր խնդիրները՝ միավորելով Հայաստանի ու Արցախի իշխանություններին, ազգային քաղաքական ուժերի եւ համայն հայության կարողականությունն ու ներուժը, ի խնդիր հայ ժողովուրդի գերագույն տեսլականին՝ Միացյալ, Ազատ եւ Անկախ Հայաստանի կերտմանը։
Հ.Յ.Դ. 28-րդ Ընդհանուր Ժողով
Ծաղկաձոր, 12 Փետրվար 2000
-«Ավարտվեց ՀՅԴ 28-րդ Ընդհանուր Ժողովը»-Հ.Յ.Դ. Մամլո Դիվան
ՀՅԴ քսանյոթերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1998 թվականի հունվարի 26-ից փետրվարի 5-ը՝ Բեյրութում, Լիբանան:
ՀՅԴ քսանվեցերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1995 թվականի նոյեմբերին՝ Լաքլուքում, Լիբանան։
ՀՅԴ քսանհինգերորդ Ընդհանուր ժողովը սկսվել է 1992 հունիսի 29-ին՝ Երևանում, ընդհատվել է, ապա շարունակվել է նույն թվականի հոկտեմբերին՝ Փարիզում, Ֆրանսիա։
Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման այս փուլում, երբ Հայաստանի անկախ պետականության ամրապնդումը եւ Արցախի տարածքում զինված ինքնապաշտպանության հզորացումը ամենագլխավոր խնդիրներն են, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գումարեց իր 25րդ Ընդհանուր Ժողովը եւ հայ ազգի առջև ծառացած հիմնահարցերի վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացրեց:
Անկախ Հայաստանի Հանրապետության գոյության բնական թելադրանքով Հ.Յ. Դաշնակցության Ընդհանուր Ժողովը տեղի էր ունենալու Երևանում: Այս իմաստով բառացիորեն կիրականանար նախորդ Ընդհանուր Ժողովի «ԴԵՊԻ ԵՐԿԻՐ» կարգախոսը, որը վերջին չորս տարիներին հայրենի հողի վրա մեր կազմակերպական ներշնչման աղբյուրն էր: Երկու տարի շարունակ Հայաստանում գործում էին Հ.Յ. Դաշնակցության շարքային անդամներն ու գործիչները, իսկ Արցախում, հայրենիքը ազատագրելու ուխտին հավատարիմ, կռվում ու զոհվում էին մեր ազատամարտիկները: Հ.Յ. Դաշնակցությունը իր Ընդհանուր Ժողովը գումարելու էր ազգային, քաղաքական, գաղափարական առաջընթացքի այս մթնոլորտում: Պարզ էր, որ Դաշնակցության վերադարձը հայրենիք միանշանակ չեր ընդունվելու: Սակայն, հին ու նոր քաղաքական ուժերի ծավալած հակադաշնակցական պայքարը այսօր անցել է ամեն սահման: Այդ պայքարն իր գագաթնակետին հասավ Հայաստանի Հանրապետության նախագահի հունիսի 29ի հակադաշնակցական հեռուստաելույթով, որի ստեղծած քաղաքական լարված կացությունը ստիպեց դադարեցնել Ընդհանուր Ժողովը՝ ավելի բնականոն պայմաններում շարունակելու որոշումով: Վերջին չորս ամիսների իշխանությունների կազմակերպած հակադաշնակցական քարոզչության հետևանքով մթնոլորտը չխաղաղվեց, ուստի 25րդ Ընդհանուր Ժողովը հարկադրաբար շարունակվեց արտասահմանում:
Հանգամանօրէն քննարեկլով համահայկական բովանդակութիւն ունեցող եւ սփիւռքահայութեանն առընչուող հարցերը, Ընդհանուր Ժողովը ամրագրեց անկախ Հայաստանի Հանրապետութեան ինքնահաստատման գործընթացքին աջակցելու եւ Արցախի ազատագրման պայքարը նոր ուժով շարունակելու որոշումներ: Ժողովը քննութեան առաւ նաեւ Հայաստանի պետական վերնախաւի մի շարք բարձրաստիճան անձանց հակադաշնակցական հետեւողական կեցուածքը եւ գտաւ, որ այդ վարքագիծը անյարիր է պետական մտածողութեանը եւ հիմնովին վնասում է նորաստեղծ պետականութեան ամրապնդման համահայկական ջանքերին, ազգային-ազատագրկան պայքարի այս վճռական փուլում ժողովրդին այնքան անհրաժեշտ միասնականութեանը:
Ժողովը նշեց, որ Դաշնակցության շարքային անդամների եւ ղեկավար ընկերների հասցեին ու մարմինների գործունէությանն ուղղված Հանրապետության նախագահի ամբաստանությունների հիմնական նպատակը Հայաստանի քաղաքական կյանքում Հ.Յ. Դաշնակցության հետզհետե աճող հեղինակության նսեմացնելը, եւ ի վերջո նրան քաղաքական թատերաբեմից հեռացնելն է: Այդ նպատակն ու Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցչին հայրենիքից արտաքսելու հրամանագիրը Հայաստանում Դաշնակցության գործունէությունն արգելող կոմունիստական որոշումների տառն ու ոգին են հիշեցնում: Ընդհանուր Ժողովը խստիվ դատապարեց Հանրապետության նախագահի հունիսի 29ի ելույթը՝ նրանից պահանջելով սրբագրել այդ ազգավնաս քայլը եւ դրա հետևանքները՝ Դաշնակցության հետ գործակցության կարելիություններ ստեղծելու համար:
25րդ Ընդհանուր Ժողովը անվերապահ վստահություն հայտնեց Հ.Յ.Դ. Բիւրոյի գործունեությանը և հաստատեց, որ Բիւրոյի ներկայացուցիչները միշտ առաջնորդվել են Ընդհանուր Ժողովի որոշումներով:
Մեկնելով այն հաստատումից, որ հայկական պետականության հզորացումը Հ.Յ. Դաշնակցության գերխնդիրն է և չի առընչվում իշխանության գլուխ կանգնած մարդկանց անձնական վարքագծին, Ընդհանուր Ժողովը վերահաստատեց, որ Դաշնակցությունն իր ողջ կարողականությամբ շարունակելու է նվիրաբերվել իրապես ազգային պետականության կառուցմանը, հայրենի ժողովրդի ազգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությանը եւ Արցախի ազատագրության պայքարին: Հ.Յ. Դաշնակցության 25րդ Ընդհանուր Ժողովը նորընտիր Բիւրոյին եւ կազմակերպական շրջաններին հանձնարարեց, հակառակ բոլոր դժուարություններին, այսուհետև ևս ծառայել հայ ժողովրդի ամբողջական շահերին, միասնականության ապահովմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, ժողովրդավարության արմատավորման ու համայն հայության նպատակների իրագործամը:
Հ.Յ.Դ. 25րդ Ըբդհանուր Ժողով
Փարիզ, 30 Հոկտեմբեր, 1992 թ.
ՀՅԴ քսանչորսերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1988 թվականին՝ Աթենքում, Հունաստան։
ՀՅԴ քսաներեքերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1985 թվականին՝ Աթենքում, Հունաստան։
ՀՅԴ քսաներկուերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1981 դեկտեմբերին՝ Վիեննայում, Ավստրիա։
ՀՅԴ քսանմեկերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1977 թվականի դեկտեմբերից մինչև 1978 հունվարը՝ Բեյրութում, Լիբանան։
ՀՅԴ քսաներորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1972 թվականի դեկտեմբերին՝ Վիեննայում, Ավստրիա։
ՀՅԴ տասնիններորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1967 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Բեյրութում, Լիբանան:
ՀՅԴ տասնութերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1963 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Բեյրութում, Լիբանան։
73 տարեկան է Հ.Յ.Դ. այսօր:
73 տարի առաջ ծնունդ առաւ, անհայրենիք, դարերու բռնակալ տիրապետութեանց ազդեցութեան տակ տժգունած դիմագծով ազգի մը ներքին պահանջին ու մղումներուն որպէս արդիւնք, ծնաւ որպէս Սասունցի Դաւիթ:
73 տարի է ահա Հ.Յ.Դ.ը կը մարմնաւորէ Հայ ժողովուրդի կամքը:
Հատուածները և յարանուանութիւները կը բաժնէին Հայը, Հ.Յ.Դ.ը միացուց, մէկ և ամբողջական ազգի ըմբռնումի աւազանին մէջ:
Բռնակալները հարուածեցին, քայքայեցին էութիւնը ազգին, Հ.Յ.Դ.ը պանծալի աւանդութեանց վերկենդանացումը եղաւ ու վերականգնեց հայ ժողովուրդի խիզախող ոգին:
Ստրուկի հոգեբանութիւնը տեղաւորուած էր հոգիներոն մէջ՝ Ազատութիւնը դարձաւ տենչանք, Հ.Յ.Դ.եան անոր համար թափած արեան շնորհիւ:
Ոչ մէկ տեղ, և ոչ մէկ ձեւի տակ Հայաստան կար. Հայ ժողովուրդի զոհաբերումով, Դաշնակցութեան առաջնորդութեամբ եղաւ անկախ և ազատ Հայաստան:
Եւ այսօր, հոգ չէ թէ անազատ պայմաններու մէջ, զրկուած անկախութիւնէ և իր հողերու մեծ մասէն, կայ Հայաստանը և Հայ ժողովուրդը:
Տառապած և տառապող ժողովուրդ մը՝ օտարամուտ վարդապետութեան մը և տիրապետութեան մը լուծին տակ. զրկուած ազատօրէն արտայայտելու հիմնական իրաւունքէն անգամ:
Անդին, Հայ ժողովուրդի քրտինքով ու արիւնով բերրիացած հողեր՝ դատարկուած իրենց բնակչութիւնէն, ամայացած, քաղաքակրթութեան անհաղորդ բռնկալութեան մը լուծին տակ:
Ծով մը արիւն և զոհաբերութիւն՝ անվճար մնացած:
Արդար ու անկապտելի դատ մը՝ միջազգային ատեաններու կողմէ մոռացութեան տրուած:
Աշխարհացրիւ ժողովուրդ մը՝ յաւիտեանս պահանջատէր իր մայր հայրենիքի ազատութեան, անկախութեան, և անոր գերի տարուած հողերու ազատագրումին:
Կայ նաեւ Հայ ժողովուրդի կամքը՝ Հ.Յ.Դ.ը:
Աւարտեցաւ Հ.Յ.Դ.եան 18րդ Ընդհանուր ժողովը. Դաշնակցութեան պատմութեան մէջ անկիւնադարձ մը եղող, վերանորոգ Ընդհանուր Ժողովը, որմէ Դաշնակցութիւնը դուրս եկաւ ամրապնդուած, կուռ, անքակտելիօրէն միակամ. մէկ ձգտումով՝ Հայ ժողովուրդի և իր հայրենիքի ազատութիւնն ու անկախութիւնը. մէկ գործելակերպով՝ Հ.Յ.Դ.եան շարքերուն անսակարկ նւիրումն ու զոհաբերումը, այդ դատի իրականացման համար:
Հ.Յ.Դ.եան 18րդ ընդհանուր ժողովը կոչ կ’ուղղէ Համայն Հայութեան, միաձուլուելու դառնալւո մէկ ու միակ ձգտումի մը իրականացումին նուիրուած անընկճելի կամք:
Ողջոյնի խօսք կ’ուղղենք Հայաստանի հողին վրայ քրտինք թափող, դժուարութիւններու դիմաց աննկուն մնացած, հայուն դարաւոր երազն ու հաւատքը անմար պահած հայոց ժողովուրդին:
Կոչ կ’ուղղենք համայն աշխարհի ազատ ազգերուն, որքան ատեն որ գոյութիւն ունի մէկ հատիկ իսկ ազգ չազատագրուած, լրիւ չի ըլլար ազատութիւնը աշխարհի, և պատրանք է խաղաղութիւնը: Ազատութիւնը մենաշնորհը պէտք չէ ըլլայ մեծերուն և ուժեղներուն, այլ իրաւունքը բոլորին: Պարտք մը ունին վճարելիք աշխարհի անազատ ազգերուն, բոլոր ազատ ազգերը. և անոնց կարգին նաեւ Հայոց ազգին: Հիմնաւորելու համար ձեր իսկ ազատութիւնը, պարտաւոր էք տէր կանգնիլ փոքր ազգերու ազատութեան դատին:
Կոչ կ’ուղղենք նաեւ անազատ աշխարհի գերեվարեալ ազգերուն: Պարտուած են փոքրերը եթէ առանձին ներկայանան աշխարհի մեծերուն: Միացէք բոլորդ, միացուցէք բոլոր անազատ ազգերը, և հետապնդեցէք մէկ եւ միակ դատ մը՝ բոլոր ժողովուրդներուն ինքնիշխան ապրելուի րաւունքին դատը:
Երախտագիտութեան խօսք կ’ուղղենք բոլոր այն ազգերուն, մասնաւորաբար Միջին Արեւելքի երկիրներուն, որոնք հիւրընկալած են Հայ ժողովուրդը, տասնամեակներէ ի վեր, եղբայրօրէն գուրգուրացած անոր վրայ և տուած անոր քաղաքացիական ամէն իրաւունք: Երախտամոօ չէ եղած, և չի կրնար ըլլալ Հայ Ժողովուրդը, անհեթեթ է այդ ուղղութեամբ հայութեան հասցէին նետուած ամէն մեղադրանք:
Հայ ժողովուրդը ապրտաւորութիւնը ունի գուրգուրալու իր երկրորդ հայրենիքի ազատութեան, անկախութեան, և ժողովուրդի տնտեսական վիճակի բարելաւման գործին վրայ որն ալ որ ըլլայ այդ հայրենիքը: Հայ ժողովուրդը միշտ եղած է և պարտաւոր է շարունակել ըլլալ օրինապահ ու հաւատարիմ քաղաքացի: Այդ երկիրները մեր ժողվոուրդի երկրորդ հայրենիքն են ե՛ւ լաւ ե՛ւ դժուարութիւններով լի օրերուն համար:
Եւ վերջապէս, կոչ կ’ընենք բոլոր դաշնակցականներուն, արտացոլել Հ.Յ.Դ.եան նուիրումն ու զոհաբերումը Հայ ժողովուրդի շահերուն և հայ դատի իրականցման գործին. դառնալ միակամ, միաձոյլ պողպատ, այնպէս ինչպէս 18րդ Ընդհանուր Ժողովը եղաւ. անխաախտ պահել հաւատքը դէպի լուսաւոր ապագան և անսակարկ ծառայել Հայ ժողովուրդին:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
ԺԸ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
ՀՅԴ տասնյոթերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1959 թվականին՝ Կահիրեում, Եգիպտոս։
ՀՅԴ տասնվեցերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1955 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ Կահիրեում, Եգիպտոս:
ՀՅԴ տասնհինգերորդ Ընդանուր ժողովը տեղի է ունեցել 1951 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Կահիրեում, Եգիպտոս։
ՀՅԴ տասնչորսեորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1947 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ Կահիրեում, Եգիպտոս։
ՀՅԴ տասներեքերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1938 թվականի հուլիսի 14-ից սեպտեմբերի 12-ը՝ Կահիրեում, Եգիպտոս։
ՀՅԴ տասներկուերորդ ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1933 թվականի փետրվարի 4-ից մարտ 21-ը՝ Փարիզում, Ֆրանսիա:
ԸՆԿԵՐՆԵՐ ԵՒ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,
Մարտ 21ին փակուեցաւ Հ. Յ. Դաշնակցութեան ԺԲ. Ընդհանուր Ժողովը: Պատմական բացառիկ պարագաներու մէջ գումարուած էր Դաշնակցութեան գերագոյն ատեանը, գծելու համար քաղաքական այն ուղին, ուրկէ պիտի ընթանայ Կուսակցութիւնը յառաջիկայ տարիներու ընթացքին: Դաշնակցութեան Բարձրագոյն Ժողովին մէջ խմբուած պատգամաւորները, որոնք եկած էին աշխարհի չորս ծագերէն, ընկերական ջերմ մթնոլորտի մէջ, պատմական վայրկեանի յստակ գիտակցութեամբ, հանգամանօրէն քննեցին բոլոր հարցերը և բացառիկ համերաշխութեամբ տուին պատշաճ որոշումները հայ կեանքը յուզող բոլոր հրատապ խնդիրներու առթիւ: Անոնք ջանացին որ ԺԲ. Ընդհանուր Ժողովը դարձակէտ մը դառնայ մեր կեանքի մէջ, նոր թափ մը տալով Դաշնակցութեան գործունէութեան:
Պատմական անցքերը հրամայաբար կը հարկադրեն մեզ որ Դաշնակցութիւնը ընդգրկէ աւելի գործօն քաղաքականութիւն, արժանաւորապէս դիմագրաւել կարենալու համար գալիք դէպքերը: Առանձնաբար Հայ գաղթաշխարհը յառաջիկայ տարիներուն պիտի գիտնայ մէկտեղել իր ոյժերը, խմբուիլ ընդհանուր և համահայկական դրօշի մը շուրջ այն գիտակցութեամբ, որ իրեն վճռական դեր վերապահուած է Հայ Դատի լուծման մէջ:
Ընկերներ և Հայրենակիցներ, աշխարհը կը պատրաստուի մեծ և ճակատագրական անցքերու, այս պատմական վայրկեանին Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովը արթնութեան կը կոչէ հայ Ժողովուրդը այն խոր հաւատքով, որ եթէ կամենանք, պիտի կարենանք մեղմել մեզ սպառնացող վտանգները: Հայ Դատի ուխտեալ թշնամիներու բոլոր ճիգերը անցան ապարդիւն. Դաշնակցութիւնը կը շարունակէ մնալ միակամ ու միասիրտ, միակ կազմակերպ ոյժը մեր ցիրուցան ժողովուրդի: Անվերապահօրէն զօրավիգ հանդիսանանք անոր, միշտ յիշելով, թէ ինչ որ կուտանք Դաշնակցութեան, կուտանք հայ հայրենիքին ու հայ ժողովուրդին:
Ծանր է մեր ուղին, Ընկերներ, տակաւին շատ փորձութիւն, մեծ զոհաբերութիւն ու նահատակութիւն կը սպասեն մեզ: Տոգորուած, սակայն մեր գաղափարի վեհութեամբ: Ներշնչուած մեր յեղափոխական փառաւոր անցեակէն, ապաւինած մեր ժողովուրդի աննկուն կամքին, հանիզիւաղ ներ դատի արդարութեան, առաջ քալենք համարձակ ու վճռական քայլերով: Ո՛ւր և ըլլանք, Հայաստանի մէջ թէ անոր սահմաններէն դուրս, Սիպերիոյ տաժանավայրերուն մէջ թէ օտարութեան ափերուն, գիտակցինք այն բարձր առաքելութեան, որ պատմութիւնը դրեր է մեր կուսակցութեան վրայ: Համախմբուինք մրրիկներ ապրած անոր յեղափոխական դրօշին շուրջ, պինդ փարինք անոր, ամուր սեղմենք մեր շարքերը, վստահ, որ հեռու չէ ազատութեան ժամը:
Ընդհանուր ժողովը իր աշխատանքները աւարտելէ առաջ սրտագին ողջոյնի ջերմ խօսք կ’ուղղէ բովանդակ հայ ժողովուրդին և խորհրդային ամբողջ տարածութեան վրայ ցիր ու ցան, բանտերուն, արգելարաններուն և աքսորավայրերուն մէջ մաքառող բոլոր յեղափոխական մարտիկներուն և դաշնակցական ընկերներուն:
Ընկերնե՛ր, տարածութեամբ թէև հեռու, սակայն սրտով ու մտքով մենք ձեզ հետ ենք, ձեր գաղափարները մերն են ու մերն են ձեր ցաւերը: Անհուն հիացումով ի տես ձեր լուռ նահատակութեան և ճշմարիտ հերոսութեանց, ձեզ հետ միասին կը գոչենք.
Կեցցէ՛ Հայ հերոսական աշխատաւոր ժողովուրդը.
Կեցցէ՛ Միացեալ Անկախ եւ Ազատ Հայաստանը.
Կեցցէ՛ Հայ Յեղ. Դաշնակցութիւնը:
Հ. Յ. Դ. ԺԲ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
ՀՅԴ տանմեկերորդ ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1929 թվականի մարտ 17-ից մայիսի 2-ը՝ Փարիզում, Ֆրանսիա:
Ընկերնե՛ր եւ հայրենակիցնե՛ր.
Հ.Յ. Դաշնակցութեան 11րդ Ընդհանուր Ժողովը, որ տեւեց աւելի քան մէկ ու կէս ամիս, լարւած ուշադրութեամբ եւ ընկերական ջերմ մթնոլորտի մէջ քննութեան առաւ բազմատեսակ ազգային-քաղաքական եւ զուտ կազմակերպական հարցեր եւ յանգեցաւ յուսալից հետեւանքներու: Մեր բոլոր մարմինները եւ ընկերները կը սպասեն ակընդէտ իրենց Գերագոյն Ժողովի որոշումներուն, ճշտելու համար իրենց վերաբերումը մեր կեանքի բազմապիսի հարցերու հանդէպ եւ գծելու առաջիկայ տարիներու գործունէութեան ուղին: Պատմութեան բերումով Հ.Յ. Դաշնակցութիւնը դարձած է քաղաքական զօրաւոր ազդակ մը հայութեան կեանքին մէջ, ուստի անոր որոշումներուն կը սպասեն նաեւ հայ ժողովրդի լայն զանգւածները եւ մեզ ու մեր դատի հակառակորդ ուժերը: Հաւատարիմ մեր աւանդութեան՝ պիտի փորձենք համառօտ բայց մէկին՝ ուրւագծել Հ.Յ. Դաշնակցութեան գործունէութեան ուղին առաջիկայ տարիներու համար:
2 Մայիս 1929
Յայտագիր Հ.Յ.Դ. Ժ.Ա. Ընդհանուր Ժողովի
Ժողովը մանրամասնօրէն լսեց Բիւրօի եւ շրջանների զեկուցումները եւ գոհունակութեամբ արձանագրեց, որ, սակաւ բացառութեամբ, ամէն տեղ նկատւում է ներքին եռուն աշխատանք եւ հասարակութեան կողմից կենդանի հետաքրքրութիւն դէպի մեր կուսակցութիւնը: Մասնաւորապէս բուռն է երիտասարդ սերնդի ձգտումը դէպի Հ.Յ. Դաշնակցութիւնը, մի երեւոյթ, որ 10րդ Ընդհանուր Ժողովում էլ նկարւել էր եւ որը այնուհետեւ աւելի լայն ծաւակ իւ թափ է ստացել: Ժողովը զբաղւեց նաեւ այն մի շարք թերութիւններով, որոնք նկատւել էին այս կամ այն շրջանի կազմակերպութեան կամ ընդհանուր կուսակցական գործունէութեան մէջ: Տրւած որոշումները միանգամայն բաւարար եղան վերացնելու համար այդ թերութիւնները:
Ընդհանուր ժողովում առանձնապէս ուշադիր եւ մանրակրկիտ քննութեան առարկայ դարձան օրակագի քաղքական մասերը – ներքին եւ արտաքին քաղաքականութեան հարցերը: 10րդ Ընդհանուր ժողովից յետոյ մի շարք կարեւոր հարցեր էին ծագել եւ հներն էլ ստացել էին որոշ ձեւակերպում, թէ դրսի եւ թէ ներքին ազգային կեանքը առաջադրել էր անյետաձգելի լուծում պահանջող մէկից աւելի խնդիրներ. Ընդհանուր ժողովը բոլորին էլ տւեց համապատասխան լուծում եւ գծեց այն քաղաքական ուղին, որով այսուհետեւ ընթանալու է մեր կուսակցութիւնը:
ԺԱ Ընդհանուր ժողովը եկաւ բաւարարելու կեանքի հասունացրած պահանջներին: Նա նոր թափ ու ոգեւորութեան նոր աղբիւրներ բերեց մեր ընկերական շարքերին: Բայց նրա դերը սահամնափւած չէ միայն կուսակցութեան շրջանակով: Փորձով գիտենք, որ Դաշնակցութիւնը, իբր մեծագոյն գործօնը այսօրւայ հայ կեանքի, հզօր ազդեցութիւն ունի եւ իրենից դուրս՝ ե՛ւ բարեկամների, ե՛ւ հակառակորդների վրա: Այդ գիտակցութեամբ ահա, մենք պէտք է շարունակենք մեր աշխատանքը՝ կատարելու համար այն պատմական դերը, որ կեանքը դրել է մեր վզին: Որոհվետեւ աշխատել Դաշնակցութեան մէջ՝ նշանակում է աշխատել հայ ժողովրդի համար:
«ԴՐՕՇԱԿ»
Ապրիլ-Մայիս 1929-Թիւ 4-5 (287-288)
ՀՅԴ տասերորդ ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1924 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 1925 թվականի հունվարի 17-ը՝ Փարիզում, Ֆրանսիա:
Քաղաքական աննպաստ դէպքերի հետեւանքով հինգ տարի է, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը յարմարութիւն չէր ունեցել գումարել իր հերթական Ընդհանուր ժողովը:
Վերջին 9րդ Ընդհանուր ժողովը տեղի էր ունեցել Երեւանում, 1919 թ. Հոկտեմբերին, երբ տակաւին կանգուն էր Հայաստանի հանրապետութիւնը, երբ մեր ժողովուրդը անհամբեր սպասում էր Հայկական Հարցի վերջնական լուծման, երբ հայ քաղաքական միտքը դեռ ունէր յաղթողի հոգեբանութիւն, եւ մեր կուսակցութեան առջեւ բացւած էին գործունէութեան յափշտակիչ հորիզոններ: Մենք պատրաստւում էինք փակելու քաղաքական պայքարի առաջին շրջանը եւ անցնելու յաջորդին՝ պետական ստեղծագործութեան եւ ընտեսական շինարարութեան: Ոգեւորութեան, յոյսի եւ անսահման լաւատեսութեան օրեր էին դրանք…
Հ. Յ. Դաշնակցութեան 10րդ Ընդհանուր ժողովը մի իրական մանրանկար էր այլազան երկինքների ներքեւ ապրող հայ աշխատաւորութեան: Պատգամաւորներ էին եկել Երկրից, Պարսկաստանից, Սիւրիայից, Եգիպտոսից, Յունաստանից, Բալկաններից, Ամերիկայից եւայլն: Օրակարգը կազմւած էր բազմակողմանի ու ճոխ: Հաւաքւած էր առատ նիւթ: Պատրաստւած էին ընդարձակ զեկուցումներ եւ մանրազնին լուսաբանութիւններ՝ քղաաքկաան, հաշւական, դատական, կազմակերպական ու ծրագրային ահրցերի մասին: Այդ ընդհանուր ժողովը քաղաքական կուսակցութեան սովորական համագումար չէր սոսկ, այլ մի տեսալ պարլամենտ: Նա զբաղւեց ո՛չ միայն զուտ կուսակցական հարցերով, այլեւ իր անդամների եւ մարմինների կատարած պետական աշխատանքի քննութեամբ:
Առաջին եւ հիմնական հարցը, որով զբաղւեց Ընդհանուր ժողովը, բնականաբար, պէտք է լինէր կուսակցութեան քաղաքական իդէալի ձեւակերպումը եւ յետագայ քաղաքականութեան որոշումը – ուրիշ խօսքով «Անկախ եւ Միացեալ Հայաստան»ի պահանջի վերագնահատութիւնը: Այս մասին ներկայացւեցին մի շարք զեկուցումներ, որոնք հանգամանօրէն քննութեան էին ենթարկում հարցը, եւ մի քանի նիստ տեւած վիճաբանութիւններից յետոյ, ժողովը միաձայնութեամբ վճռեց թէ այսուհետեւ եւս՝
«Հ. Յ. Դաշնակցութիւնը կը շարունակէ մնալ Անկախ եւ Միացեալ Հայաստանի տեսակէտին վրա:
Անկախ Հայաստանի ստեղծումովը պիտի միանան ու ամբողջանան մեր հայրենիքին երկու գլխաւոր հատւածներուն – ռուսահայ եւ թրքահայ – հողերը այն սահմաններով, որ անհրաժեշտ են մեր երկիրը քաղաքականօրէն կենսունակ միաւոր մը դարձնելու եւ այսպէսով ապահովելու հայ ժողովրդի ֆիզիքական գոյութիւնն ու անոր տնտեսական եւ մշակութային բարգաւաճումը»:
Ս.Վրացեան
«ԴՐՕՇԱԿ»
Յուլիս 1925-Թիւ 1 (243)
ՀՅԴ իններորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1919 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 30-ը՝ Երևանում, Հայաստանի Հանրապետություն:
27 Սեպտեմբեր 1919ին կատարուեցաւ պաշտօնական բացումը ՀՅԴ Իններորդ Ընդհանուր ժողովին, որ շարունակուեցաւ մինչեւ Հոկտեմբեր ամսու աւարտը: Ժողովը պատմական նշանակութիւն ունեցաւ առաջին հերթին իր գումարման պահու ա՛յս դիտանկիւնէն:
Եղաւ Դաշնակցութեան առաջին գերագոյն ժողովը, որ կը գումարուի Անկախ Հայաստանի եւ հայ ազգային պետականութեան պայմաններուն մէջ:
Հրաչ Տասնապետեանի ամփոփումով (տես՝ «ՀՅ Դաշնակցութիւնը Իր Կազմութենէն Մինչեւ Ժ. Ընդհանուր Ժողով» աշխատութիւնը), ժողովը ունեցաւ «ամենալայն ներկայացուցչական պատկեր ու յստակօրէն համազգային բնոյ»չ:
Ժողովին իրենց ներկայացուցիչներով մասնակցեցան՝
— Հայաստանի ու Արեւելեան Բիւրօները եւ «բոլոր այն մարմինները, որոնք իրաւապէս գոյութիւն ունէին Ութերորդ Ընդհանուր ժողովի օրերուն (1914)».
– Նաեւ այն մարմինները, «որոնք կազմուած էին հնգամեակի ընթացքին (Բասէն, Բագրեւանդ, Հարք-Ապահունիք), ինչպէս նաեւ անոնք, որոնք կը բխէին Հայաստանի նոր իրականութենէն (Խորհրդարանական Ֆրակցիա, Երեւանի Ներկայացուցչական Խորհուրդ եւ այլն):
Ժողովի նախապատրաստութեան շրջանին, Մարտ 1919էն սկսեալ, ՀՅԴ զոյգ Բիւրօները «արեւմտահայ մարմիններուն տուած էին յատուկ դիւրութիւններ՝ իրենց կազմերը ամբողջացնելու»:
ՀՅԴ Իններորդ Ընդհանուր ժողովի «Որոշումներու Գրքոյկ»ին համաձայն՝ ժողովին մասնակցեցան վճռական ձայնով 61 եւ խորհրդակցական ձայնով 19 պատգամաւորներ:
ՀՅԴ 9րդ Ընդհանուր ժողովը եկաւ պատմական արժեւորումը կատարելու հայ ժողովուրդին հնգամեայ մաքառումին՝ մահուան անդունդը թաւալգլոր անկումին եւ հրաշափառ յարութեան, որուն պսակումը եղան Հայաստանի անկախութեան նուաճումն ու հայոց ազգային պետականութեան կերտումը:
Դաշնակցութեան 9րդ Ընդհանուր ժողովը պատմական նշանակութիւն ունեցաւ ոչ միայն հայ ազգային-ազատագրական շարժման աւելի քան երեսնամեայ պայքարին յաղթանակով պսակումը ամրագրելու իմաստով, այլեւ՝ հայ քաղաքական մտքի ակամայ, այլ բռնի երկփեղկումին վերջ տալու առումով: Ընդհանուր ժողովը Դաշնակցութեան Ծրագրէն ջնջեց Արեւմտահայաստանի եւ Արեւելահայաստանի համար 1907ի 4րդ Ընդհանուր ժողովին առաջադրած լայն ինքնավարութեան քաղաքական առաջադրանքները եւ, փոխարէնը, որոշեց ծրագրային նպատակ ունենալ «Միացեալ, Անկախ եւ Ազատ Հայաստան»ի իրագործումը:
ՀՅԴ Իններորդ Ընդհանուր ժողովը պատմական եղաւ նաեւ ու մանաւանդ թրքական պետութեան գործադրած Հայասպանութեան պատասխանատուները պատժելու իր որոշումով, որ ամրագրուեցաւ «Նեմեսիս գործողութեան» առջեւ ծրագրումի եւ կազմակերպումի կանաչ լոյս բանալով:
Նազարէթ Պէրպէրեան
ՀՅԴ ութերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1914 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ Կարինում, Արևմտյան Հայաստան (Օսմանյան Կայսրություն):
ՀՅԴ յոթերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1913 թվականի օգոստոսի 17-25-ը Կարինում՝ Արևմտյան Հայաստան (Օսմանյան Կայսրություն):
Զ.-րդ Ընդհ. Ժողովին որոշման համաձայն Է.-րդ Ընդհ. Ժողովը պիտի գումարւէր 1913-ի յուլիս ամսուն: Բայց մէկ կողմէն Բալկանեան պատերազմի հետեւանքով Թիւրքիոյ անցուցած ծանրածանր տագնապը եւ անոր զուգընթաց մտահոգութիւնները արգելք եղան, որ նախնական պատրաստութիւնները փութացւին: Միւս կողմէն Օսմ. Հայաստանի ղեկավար մարմիններու կողմէ դրւած պահանջը՝ Ժողովը Երկրին … մէջ գումարելու մասին, ձգձգեցին ժողովին վերջնական հրաւիրումը, որ, ուր ուրեմն, տեղի ունեցաւ Մեծ Հայքի մէջ:
Ժողովը բացւեցաւ օգոստոս 17-ին, իրաւասու 18 մարմիններէն 14-ի մասնակցութեամբ, տեւեց մէկ շաբաթ, ունենալով 14 նիստ:
Ժողովը սեղմ օրակարգ մը ունէր, նւիրւած հասուն ու անմիջական լուծում պահանջող խնդիրներու:
Օրակարգի սպառումէն ետք հարկ գտնւեցաւ շեշտել, թէ անխախ եւ ի զորու կը մնան նախորդ Զ.-րդ Ընդհ. Ժողովի բոլոր այն որոշումները, որոնց չի դպած այս Է.-րդ ժողովը իր նոր որոշումներով: Ասոնք ամփոփումը ահա կը բերենք ստորեւ:
Ա. Հ. Յ. Դաշնակցութեան Այլեւայլն Հատւածներու (section) Փոխյարաբերութիւնները
Բ. Թուրքիա
Գ. Ռուսիա
Ե. Պրօպագանդ եւ Հրատարակութիւններ
Դ. Պարսկաստան
Զ. Կեդր. Հաշւեքննիչին Գործունէութիւնը
Է. Կազմակերպական
«ԴՐՕՇԱԿ»
Սեպտեմբեր-Հոկտեմբեր 1913
Թիւ 9-10 (235)
Հ.Յ.Դ. Հիմնադիր Սերունդի երկու ղեկավար դէմքերու` Սիմոն Զաւարեանի եւ Ռոստոմի առաջնորդութեամբ, 7րդ Ընդհանուր Ժողովը քննութեան նիւթ դարձուց Գերմանիոյ հետ զինակցաբար ընդհանուր պատերազմի պատրաստուելու Իթթիհատի ռազմատենչ քայլերը։ Որոշեց՝ «օրինական բոլոր հնարաւոր միջոցներով կանխել զինուած ընդհարումները», իսկ եթէ պատերազմը անխուսափելի դառնայ՝ «ամէն քաղաքացի կը կատարէ իր քաղաքացիական պարտականութիւնը ի՛ր պետութեան հանդէպ»։
Նազարէթ Պէրպէրեան, «27 Սեպտեմբեր 1919. Դաշնակցութեան պատմական՝ 9րդ Ընդհանուր Ժողովին բացումը ազատ ու անկախ Երեւանի մէջ»:
ՀՅԴ յոթերորդ Ընդհանուր Ժողովը հրավիրած շրջաբերական-նամակը, ժողովի արձանագրություններն ու որոշումներից ամփոփում ու քաղվածքներ կարող եք տեսնել «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար. Ժ. հատորի էջ 7-ից 42:
ՀՅԴ վեցերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1911 թվականի օգոստոս 17-ից սեպտեմբերի 17-ը՝ Պոլսում, Թուրքիա (Օսմանյան Կայսրություն):
Ե.-րդ Ընդհանուր ժողովին որոշման համաձայն, Զ.-րդ Ընդհանուր ժողովը պիտի գումարւէր 1911 տարւան մէջ:Ըստ այսմ ցրւեցան հրաւիրագրերը եւ ժողովը տեղի ունեցաւ 1911 օգոստոս 17-էն մինչեւ սեպտեմբեր 17, նւիրելով միջին հաշւով օրական երկու, ընդամէնը 50 նիստ Օրակարգի գլխաւոր խնդիրներուն:
Տեղեկագրերու ընթերցումէն եւ բերանացի զեկոյցներէն ետք, ժողովն անցաւ վիճաբանութիւններուն եւ տւաւ որոշումներ, որոնցմէ կը քաղենք հոս կարեւորագոյնները:
Ա. Աշխատաւորական Քաղաքականութիւնը
Բ. Թուրքիա
Գ. Ռուսիա
Դ. Պարսկաստան
Ե. Կազմակերպական
«ԴՐՕՇԱԿ»
Յուլիս-Դեկտեմբեր 1911
Թիւ 7-12 (218)
ՀՅԴ հինգերորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1909 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ Վառնայում, Բուլղարիա։
ՀՅԴ Ե.-րդ Ընհդանուր ժողով
Յայտարարագիր Կովկասեան Գործունէութեան Առթիւ
Հ.Յ. Դաշնակցութեան Ե.-րդ Ընդհանուր ժողովը կանգնած է քաղաքական երկու տարբեր պատկերների առջեւ: Մինչ մի կողմից գալիս ենք Թուրքիայի մեր քսանամեայ կռիւների փայլուն յաղթանակն արձանագրելու, մինչեւ Իրանի պատմութեան մէջ մեր մասնակցութեամբ բացւած նոր շրջանն ենք աւետում, մինչեւ երկու երկրների բռնապետների տապալումը եւ ուժասպառ ժողովուրդների վերածնութիւնն ենք ողջունում,– այնտեղ՝ Ռուսաստանում սեւ րէակցիան է, որ տիրող է, յաղթական: Ժողովրդի դէմ յայտարրւած պատերազմն է, որ շարունակում է մղւել յամառ ու անողոք. այնտեղ արիւնոտ, նոր, մեծ պայքարի հեռանկարն է, որ գրւած է սպառնալից:
…Կռիւը դաշնակցական շարքերի եւ ընդհանրապէս կովկասահայ մտաւորականութեան դէմ՝ երկարօրէն եւ խնամքով նախապատրաստւած, մղւում է հայ ժողովրդի տականքների աջակցութեամբ ու խրախուսանքով, յաճախ նոյն պաշտօնեաների ձեռքով, որոնք դեռ երեք մեր կօմիտէների թոյլտւութեանն էին սպասում՝ իրենց պաշտօնատեղին երթալու համար, դաշնակցական մարմինների ու դատարանների աջակցութեանն էին դիմում եւ՝ յեղափոխական դրօշակի ետեւից քարշ ընկած՝ կազմակերպութեան մարտական ու գաղափարական կորովն էին գովաբանում:
«ԴՐՕՇԱԿ»
Հոկտեմբեր-Նոյեմբեր 1909
Թիւ 10-11(207)
-Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար. Զ. Հատոր
-Յայտարարագիր Հ. Յ. Դաշնակցութեան Հինգերորդ Ընդհանուր Ժողովի
-Յայտարարագիր Կովկասեան Գործունէութեան Առթիւ
ՀՅԴ Չորորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1907 թվականի փետրվարի 22-ից մայիս 4-ը՝ Վիեննայում, Ավստրիա:
Համաձայն Ընդհանուր ժողովի կարգադրութեան՝ ժողովի որոշումները բաժանւած են երեք կարգի՝
- Մի մասը ընդհանրութեան համար, որը եւ հրապարակում ենք «Դրօշակի» ներկայ, յատուկ համարում:
- Միւս մասը Դաշնակցական Մարմինների համար, որը եւ շատ շուտով կ’ուղարկւի Կեդրոնական կօմիտէներէին, տպագրւած առանձին տետրակով:
- Երրորդ մասը յատուկ Մարմինների համար, որոնց եւ կը տեղակագրւին նրանց վերաբերեալ գաղտնի վճիռները, կազմակերպական ճանապարհով:
Ընդհանուր ժողովի վերաքննած, լրացրած եւ վաւերացրած «ԿԱՆՈՆԱԳԻՐԸ» արդէն տպագրւեց եւ ուղարկւեց բոլոր Մարմիններին, առաջիկայիմ դրանով ղեկավարւելու համար:
«ԾՐԱԳԻՐԸ» տպագրութեան կը յանձնւի մօտ ապագայում:
«ԴՐՕՇԱԿ»
1907, Մայիս
ԺԸՆԵՎ
-Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար. Դ. Հատոր
-Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար. Ե. Հատոր
ՀՅԴ երրորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1904 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ Սոֆիայում, Բուլղարիա:
Հ.Յ. Դաշնակցության Գ. Ընդհանուր ժողովը տեղի կ’ունենայ Սոֆիայի մէջ, 1904ի Յունուար 31ին, եւ կը տեւէ մինչեւ Մարտ։ Ժողովին ներկայ էին՝ Ք. Միքայէլեան, Սիմոն Զաւարեան, Մարտիրոս Մարգարեան, Աւետիք Եղիկեան եւ ուրիշներ։ Ժողովին ներկայ էր նաեւ «Փրօ Արմենիա» թերթի խմբագրապետ Փիեռ Քիառ։ Երրորդ ժողովը կը սկսի օրակարգի հարց ունենալով թուրք կառավարութեան ծրագրած յարձակումը Սասունի վրայ եւ զայն դիմակալելու ռազմական միջոցները։
Արդարեւ, Սասունի ինքնապաշտպանութեան կռիւները կը սկսին 1904ի Յունուարին, երբ թրքական զօրքերը կը յարձակին հայոց վրայ Սալեհ փաշայի հրամանատարութեամբ։ Կռիւներու ընթացքին Հրայր Դժոխք կը նահատակուի եւ զինք կը փոխարինէ Սեբաստացի Մուրատ։ Նկարագրելէ ետք Սասունի կռիւները, հեղինակը կը յանգի այն եզրակացութեան, թէ կարելի չէր յաջողութիւն ձեռք ձգել հայդուկային կռիւներով միայն, այլ անհրաժեշտ էր դիմել ժողովրդային ընդհանուր եւ միացեալ ապստամբութեան։
Այս շրջանին ՀՅԴ Գ. Ընդհանուր ժողովը կ’որոշէ մահափորձի ենթարկել սուլթան Համիտը Կ. Պոլսոյ մէջ։ Քրիստափոր Միքայէլեանի ղեկավարութեամբ սոյն մահափորձը դժբախտաբար կը ձախողի գործնական պատճառներով։
Աշոտ Ներսիսեան
«Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւն» (1898-1908) Բ. հատոր
ՀՅԴ երկրորդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1898 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին՝ Թիֆլիսում, Վրաստան (Ռուսական կայսրություն):
Հ.Յ. Դաշնակցության Բ. Ընդհանուր ժողովը կը բացուի Թիֆլիսի մէջ, 1898 թուականի Ապրիլ 5ին եւ կը տեւէ մինչեւ Յուլիս ու կ’ունենայ 66 նիստ։ Երկար վիճաբանութիւններէ ետք սոյն ժողովը կ’արտօնէ ուժերու կեդրոնացում Արեւմտեան Հայաստանի մէջ եւ կատարել ցոյցեր Կ. Պոլսոյ եւ ծովեզերեայ քաղաքներու մէջ, կը մերժէ ֆետայական գործունէութիւնը ու կը ձգտի զօրացնել հայ ժողովուրդի մէջ ընդհանուր ապստամբութեան ոգին։
Ժողովը կ’որոշէ նաեւ հաստատել սերտ կապեր օսմանեան իշխանութեան ներքեւ ապրող ասորիներու, մակեդոնացիներու եւ յոյներու հետ։ Կ’որոշէ գործակցիլ Երիտասարդ թուրքերու հետ, պարզել անոնց ՀՅԴ ձգտումները թուրք կառավարութեան նկատմամբ եւ ստեղծել յեղափոխական ուժ թուրքերու մէջ։ Ժողովը կ’որոշէ ապստամբութեան համար կեդրոնացնել գաղտնի ուժեր Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ որոշ շրջաններուն մէջ։ Պէտք է ըսել, որ հակառակ Բ. Ընդհանուր ժողովի կողմէ տրուած որոշումին, տեղի կ’ունենային հայդուկային կռիւները, որոնց պատճառով Օսմանեան կառավարութիւնը խիստ հսկողութեան կ’ենթարկէր ազատագրական պայքարով տոգորուած հայկական որոշ շրջաններ, ինչպէս՝ Սասունը։
Դաշնակցութեան Բ. Ընդհանուր ժողովը որոշած էր տանիլ քարոզչական աշխատանք արտասահմանի մէջ, եւրոպական քաղաքական շրջանակներու վրայ բարոյական ազդեցութիւն ձգելու նպատակով։ Սոյն ծրագրի կենսագործման համար, Ժընեւ կու գայ Ք. Միքայէլեան, որ կը բարձրացնէ մակարդակը «Դրօշակ» թերթին՝ Ակնունիի, Ահարոնեանի եւ տաղանդաւոր այլ մտաւորականներու աշխատակցութեամբ։ «Դրօշակ»ը կը ստանայ նոր որակ, երբ Ակնունին կը ստորագրէ «Կովկասեան խաբրիկներ» խորագրեալ յօդուածաշարքը եւ Ք. Միքայէլեան լոյս կ’ընծայէ «Ամբոխային տրամաբանութիւն» խորագրեալ իր աշխատութիւնը։
Ք. Միքայէլեան «Դրօշակ» թերթին համար կ’ապահովէ նաեւ աշխատակցութիւնը օտար հայասէրներու, ինչպէս՝ Ժորես, Պրեսանսէ, Անատոլ Ֆրանս, Փիեռ Քիառ եւ ուրիշներ։
1900ին Փարիզի մէջ, Ք. Միքայէլեանի նախաձեռնութեամբ, ֆրանսերէնով լոյս կը տեսնէ «Փրօ Արմենիա» հանդէսը՝ խմբագրութեամբ Փիեռ Քիառի։ Սոյն թերթին կ’աշխատակցին Եւրոպայի հայասէր օտար մտաւորականներ։ Այս առիթով Մոսկուայէն կը հրաւիրուի բժիշկ Յովհաննէս Լոռու-Մելիքեան, որ կը տանի քարոզչական բեղուն աշխատանք՝ ծանօթացնելով Հայ Դատը օտարներուն։ Կարճ ատեն ետք, «Փրօ Արմենիա» թերթը կը դառնայ կեդրոն՝ հայանպաստ գործունէութեան։
Աշոտ Ներսիսեան
«Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւն» (1898-1908) Բ. հատոր
ՀՅԴ առաջին Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 1892 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ Թիֆլիսում, Վրաստան (Ռուսական կայսրություն):
Հ.Յ. Դաշնակցության առաջին Ընդհանուր ժողովը ճակատագրական դեր խաղաց ինչպէս մայր կուսակցութեան, այնպէս էլ ողջ հայ ազատամարտի պատմութեան մէջ: Նրա մշակած գաղափարական ու կազմակերպական սկզբունքները որոշեցին արեւմտահայերի մի ամբողջ տասնամեակ տեւած հերոսական պայքարի ուղղութիւնն ու եղանակները:
Ժողովը պարզութիւն մտցրեց 1890ին ստեղծուած «Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան» նպատակների ու գործելակերպի մէջ: Տեղի ունեցաւ այն որակական տեղաշարժը, որի հետեւանքով ստեղծուեց «ոչ այնքան յեղափոխականների դաշնակցութիւն, այսինքն՝ յեղափոխական մարդկանց միութիւն, այլ յեղափոխական դաշնակցութիւն, այսինքն՝ յեղափոխական մի որոշ ծրագիր հետապնդող կուսակցութիւն, որ ունի յեղափոխական գործելակերպ: Եւ աստիճանաբար Դաշնակցութիւնը դարձաւ ոչ թէ առհասարակ յեղափոխականների միութիւն, այլ դաշնակցական իմաստով յեղափոխկաանների կազմակերպութիւն»*:
Այս տեղաշարժի հետեւանքով փոխում էր նաեւ Հ.Յ. Դաշնակցութեան շուրջը համախմբուած երիտասարդների գաղափարական նպատակամշուածութիւնն ու գործունէութեան եղանակը:
Ազատականների ու յեղափոխականների պայքարը աւարտւում էր: 1890ին յստակօրէն գծագրուած միասնական նպատակից անցում էր կատարւում դէպի գաղափարական ու կազմակերպական սկզբունքների միասնութիւնը: Ձեւաւորւում էր յեղափոխական, մարտական, ապակենտրոն, իր քաղաքական նպատակներով՝ խորապէս ազգային, ընկերային յենարանով՝ ժողովրդա-աշխատաւորական մի կուսակցութիւն, որը առաջին պլան մղելով արեւմտահայերի ազատագրութեան խնդիրը միաժամանակ պահպանում էր հաւատը ընկերվարութեան յաղթանակի նկատմամբ:
Դրանով իսկ կուսակցութիւնը ամուր կերպով կանգնելով ազգային խնդիրների լուծման հողի վրայ կարողանում էր կապ ստեղծել իր դարաշրջանի արժէքների հետ եւ կատարել ազգայինի ու համամարդկայինի սինթեզը, որն էլ դառնում էր նրա ուժի ու կենսունակութեան աղբիւրը:
*Ն. Հանգոյց, «Մտածումներ ՀՅ Դաշնակցութեան մասին», Փարիզ, 1930, էջ 75
Գէորգ Խուդինեան
«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Առաջին ընդհանուր ժողովը» (Գումարման 100-ամեակի առթիւ)
Երեւան, 1992, էջ 30
Կուսակցության հիմնադիր ժողովները տեղի են ունեցել 1890-ի հուլիս-օգոստոս ամիսներին՝ Թիֆլիսում, Վրաստան (Ռուսական կայսրություն):
Հիմնադիր ժողովների ավարտից հետո, կուսակցությունը հատուկ փաստաթղթերով հայտնեց հայ ժողովրդին տեղի ունեցած իրադարձության՝ Հայ Յեղափոխականների Դաշնակցության ստեղծման մասին:
Մինչև պաշտոնական օրգան «ԴՐՕՇԱԿ»-ի լույս ընծայման աշխատանքները կազմակերպելը, կուսակցությունը նույն անվամբ հրապարակեց մի քանի թռուցիկ թերթեր: Առաջին տպագիր փաստաթուղթը «ԴՐՕՇԱԿ»-ի Թիվ 1 թռուցիկ թերթն էր (1917 թ.-ի Փետրվարյան ապստամբությունից հետո, Ռոստոմը (Ստեփան Զորյան) Ցարական ոստիկանության արխիվներում գտավ թիվ 1 թռուցիկի մեկ օրինակը, և անվանեց այն «Մանիֆեստ Հ. Յ. Դաշնակցութեան» անունով):
Փաստաթուղթը ավետելով նոր կուսակցության ստեղծման մասին, տալիս էր հայոց հարցի անցած ուղու համառոտ ամփոփումը եւ բանաձևում ստեղծված պահի հրամանայականը՝ բոլոր հեղափոխական ուժերի միության, և Դաշնակցության խնդիրը:
Մանիֆեստը լույս է տեսել 1890 թվականի սեպտեմբերի սկզբին, երբ նորաստեղծ կուսակցությունը գործիչներ էր ուղարկում Անդրկովկասի տարբեր քաղաքներ, ժողովրդին իր նպատակների հետ ծանոթացնելու եւ տեղերում առաջին կազմակերպությունները ստեղծելու համար: