Որտե՞ղ են թաքնված գրավատների պետտուրքի ավելացման արմատները
13 Մարտ 2019 Տնտեսագետները պնդում են, որ գրավատները կփակվեն, գրավատների տերերը հավաստիացնում են, որ հարկային նման բեռի տակից չեն կարող դուրս գալ։ Կենտրոնական բանկը դեռ հրաժարվում է մեկնաբանություն տրամադրել։Հայաստանում գործող 128 գրավատների գերակշիռ մասը, ըստ դրանց տնօրենների, շուտով կկանգնի փակման առաջ։ Պատճառը մեկն է` կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ ավելացնել տարեկան վճարվող պետական տուրքը գրավատների և փոխանակման կետերի համար։ Այսինքն` նախագիծը կյանքի կոչվելու դեպքում գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 000 դրամի փոխարեն 3 մլն դրամ պետտուրք։ Նախագիծն առաջարկել է Կենտրոնական բանկը (ԿԲ) ու նաև սահմանել, որ բանկերի 3 մլն պետտուրքը պետք է դառնա 7 մլն դրամ։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը մոտավոր հաշվարկ է արել, թե ամսական որքա՞ն եկամուտ են ունենում գրավատները և որքանո՞վ է արդարացված պետտուրքի` նման չափով ավելացումը։
Պարսյանի ունեցած հաշվարկների համաձայն` գրավատները բարձր շահութաբերությամբ աչքի չեն ընկնում, եթե հաշվի առնենք, թե որքան գումար են ներդնում իրենց գործունեության մեջ։ «Միջին հաշվով մեկ գրավատունն ամսական ծախսում է մոտ 800 000 գումար, որն ուղղում է աշխատավարձերի, պահպանման և այլ ծախսերի վրա։ Իսկ մաքուր եկամուտն ամսական կազմում է 300-400 000 դրամ։ Այսինքն` տնտեսվարողները պետք է իրենց շրջանառությունը նվազագույնը 20 միլիոնով ավելացնեն, որպեսզի մարեն նաև պետտուրքի` 60 անգամով բարձրացված ծախսը։ Այս պայմաններում, անշուշտ, դա անիրական է, և մեր տնտեսվարողների մեծ մասն ուղղակի գործունեությունը դադարեցնելու է կամ անցնելու են ստվերային դաշտ` չեն վճարելու պետտուրքը ու գործելու են ապօրինի, սև շուկայում»,–ասաց Պարսյանը։
Նա նշեց, որ ներկայումս ԿԲ-ի կողմից 128 գրավատուն է լիցենզիա ստացել, ինչպես նաև առկա է 229 լիցենզիա` փոխանակման կետերի համար։ Պարսյանի հավաստմամբ, սակայն, պետտուրքի` 60 անգամ բարձրացման հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ եթե գրավատներից 3-4–ն էլ շարունակի իր գործունեությունը և վճարի համապատասխանաբար 3-4 մլն դրամ պետտուրք, ապա պետբյուջեի մուտքային մասը կապահովվի։
«Ստացվում է` պետբյուջեի մուտքային մասը վնաս չի կրի, սակայն շուկայից դուրս կմնան տնտեսվարողների 98-99 տոկոսը, իսկ արդյունքում կշահեն հայաստանյան խոշոր` 17 բանկերը։ Այս նախագիծը լոբբինգ անողը ԿԲ-ն է, որը սպասարկում է Հայաստանի բանկային համակարգի շահերը. տարիներ շարունակ ԿԲ-ն խստացրել է գրավատների և փոխանակման կետերի պայմանները, ինչի արդյունքում մի շարք տնտեսվարողներ արդեն իսկ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Սա, ըստ էության, վերջին հարվածն է այս ոլորտում»,– ասաց Պարսյանը` հավելելով, որ սրա արդյունքում կունենանք գերկենտրոնացված շուկա, որի հետևանքով էլ ոլորտում ծառայությունների գները կբարձրանան։
Սուրեն Պարսյանի կարծիքով` պետտուրքի ավելացման դեպքում մարզկենտրոններից դուրս գործող գրավատներն ու փոխանակման կետերը ուղղակի կդադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ պետտուրքի միևնույն չափը նախատեսված է բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար` անկախ նրանց գտնվելու վայրից ու շահույթից։ Ըստ Պարսյանի` մի կողմից, խոսում ենք երկրի համաչափ կամ ներառական զարգացման մասին, մյուս կողմից, նման փոփոխություն իրականացնելով, համաչափության մասով զգալի կորուստների, տնտեսությունն էլ գերկենտրոնացման տանում։
m.armeniasputnik.am