Անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո
19 Մարտ 2019
Արցախի Խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը խիստ քննադատաբար են արձագանքել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության ներքո:
Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի խոսքով՝ ամեն մի ազգի համար ամենամեծ արժեքը նրա պետականությունն է, և պետք է ձգտել պայքարել, որպեսզի այդ պետականությունը լինի անսասան:
«Մեր բազմադարյա պատմության մեջ, երբ ունեցել ենք պետականություն, հնարավորություն է ստեղծվել, որպեսզի ազգային ինքնատիպ մշակույթը զարգանա, քաղաքական համակարգը կատարելագործվի, տնտեսությունը վերելք ապրի: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ այն հաղթանակները, որոնք կերտել ենք, միայն ու միայն սեփական ուժերի վրա հենվելու միջոցով են ստացվել: Արցախյան ազատագրական պայքարի հաջողությունը ևս դրանով էր պայմանավորված: Անհրաժեշտ է մատաղ սերնդին, և, ընդհանրապես, հանրությանը մշտապես ներկայացնել այդ գաղափարը»,- նշել է Վ. Բալայանը: