Ծաղիկներ խոնարհվեցին Արամ Մանուկյանի արձանին
30 Մարտ 2019
Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակի առթիվ ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչներ և այլ գործիչներ հանդիսավորությամբ ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին: Հիշատակի արարողությունն անցկացվեց մարտի 30-ին:
«Արամ Մանուկյանն իր տեսակով անկրկնելի է մեր նորագույն պատմության մեջ: Որտեղ գործի ու պատասխանատվության կարիք կար, Արամ Մանուկյանը միշտ ներկա է եղել: Նա, լինելով դաշնակցական, հեղինակություն էր բոլորի համար: Նա գիտեր կուսակցական շահերից վեր կանգնել, մտածել համազգային շահերից ելնելով: Եվ այս առումով նրա ներդրումը մեր նորագույն պատմության կերտման մեջ անգնահատելի է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը:
Նրա կարծիքով՝ տարբեր սերունդներ Արամ Մանուկյանին ճանաչելու ավելի լավ հնարավորություն պետք է ունենան: Համբարձումյանը նկատեց՝ ցավոք խորհրդային պատմության ժամանակ նրա դերի ու նշանակության մասին դասագրքերում չի գրվել: «Սակայն, կարծում եմ, որ նա անգամ տասնամյակների խորքից վեր է հառնելու, և դրա առհավատչյան Հանրապետության հրապարկում տեղադրված նրա արձանն է»,- նկատեց Համբարձումյանը:
Արամ Մանուկյանի արձանին ծաղիկներ խոնարհելուց հետո միջոցառում է նախատեսված նաև Սարդարապատի հուշահամալիրում:
Արամ Մանուկյանը ծնվել է 1879-ի մարտի 19-ին:
yerkirmedia.am