Հայկական բաբանի կրակոցը
01 Ապրիլ 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՀայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ «տարածքներ անվտանգության դիմաց» ձևաչափն այսուհետև փոխարինվում է «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» ձևաչափով, մեծ արձագանք է առաջացրել Ադրբեջանում: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Տոնոյանի այդ հայտարարությունը «հերթական ակնհայտ խոստովանությունն է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այն մասին, որ երկրիրը վարում է թշնամական և նվաճողական քաղաքականություն»: Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ այդ հայտարարությունը հնչել է անմիջապես Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից հետո, կրում է «ակնհայտ սադրիչ բնույթ» և ուղղված է «միջազգային հանրության՝ հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի դեմ»:

Հետաքրքիր է, թե ապրիլյան պատերազմի հերթական տարելիցի նախօրյակին ադրբեջանցիներն ի՞նչ էին ակնկալում լսել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարից` մեղայական խո՞սք, խաղաղության աղերսա՞նք, հերթական լոլո՞ն, թե Հայաստանը պատրաստ է ազատագրված տարածքներ զիջել, միայն թե Ադրբեջանը չկրակի: Տպավորություն կա, որ ապրիլյան պատերազմից հետո հայ-ադրբեջանական հակամարտության «խաղաղ» կարգավորման թեմայով գունավոր երազներ տեսնելիս են եղել Բաքվում, ու մեկ էլ` գըմփ, հայկական բաբանը կրակել է: Եվ այնպես է կրակել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ում ուշաթափվել են: Ով էլ չի ուշաթափվել հավարը գցել է ԵԱՀԿ ՄԽ-ին, Փաշինյան-Ալիև քաղաքակիրթ հանդիպմանն է հղում արել, թե այսպես չի լինի, մենք բանակցում ենք խաղաղ լուծում գտնելու համար, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոր ագրեսիայի մասին է խոսում:
ԵԱՀԿ ՄԽ-ից, ամենայն հավանականությամբ, «վալերիանկայի» հանգստացնող չափաբաժին կտան Բաքվի կտրիճներին, կփորձեն համոզել, որ ՀՀ Պնախարարն այն իմաստով չի ասել այդ ամենը և այլն: Բայց հազիվ թե դա օգնի պաշտոնական Բաքվին, քանզի Տոնոյանի հայտարարությունն իսկապես շատ տարբեր է մինչ օրս հայկական կողմից հնչած չափից դուրս «խաղաղասիրական» հայտարարություններից:
Իրականում Տոնոյանի հայտարարությունը նույնպես խաղաղասիրական է, բայց մինչև հակառակորդը հասկանա և ճիշտ գնահատի այն, դեռ որոշակի ժամանակ կպահանջվի: Ամբողջ ինտրիգը «տարածքներ`խաղաղության դիմաց» և «Նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց» ձևակերպումների մեջ է, ինչպես նաև` այդ ձևակերպումների` ադրբեջանական և հայկական ընկալումների: Ադրբեջանի իշխանությունները առաջին ձևակերպումը միշտ հասկացել են հետևյալ կերպ` հայերը վերադարձնում են տարածքները, իսկ մենք չենք պատերազմում: Հազիվ թե որևէ մեկը սա համարի խաղաղասիրություն, որովհետև ազատություն և անկախություն նվաճած Արցախին պատերազմով սպառնալը, վախեցնելը և զիջումներ պարտադրելը ոչ միայն մարդկային չէ, այլև չի տեղավորվում համաշխարհային և միջազգային կազմակերպությունների` Ադրբեջանին հաճելի որևէ կոնվենցիայի շրջանակներում: Այսօր բոլորն են հասկանում, որ ազատագրված տարածքները մեկ թիզ անգամ ավելին չեն, քան Արցախի կենսապահովման համար անհրաժեշտ տարածքը, և դրանց վերադարձը Ադրբեջանին կնշանակի Արցախի ժողովրդի ոչնչացում և տեղահանություն: Հայկական կողմից, բնականաբար, սխալմունք է եղել, և ոմանց թվացել է, թե ազատագրված 5-7 տարածքների վերադարձից հետո Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը, կամ, առնվազն, կստեղծվի այնպիսի ստատուս քվո, որ Արցախը կշարունակի գոյատևել Լաչինի միջանցքով Հայաստանի հետ ունեցած կապի շնորհիվ: Այս տեսակետը, ընդհուպ մինչև երեկ, դեռ կողմնակիցներ ուներ Հայաստանում, և դա է թերևս պատճառը, որ Դավիթ Տոնոյանի հայտարարությունից հետո ուշաթափություններ են եղել նաև մեզ մոտ, թեև մերոնք նախընտրել են Ադրբեջանի ԱԳՆ-ի նման աղմուկ չբարձրացնել:
«Մենք խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք, և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»: ՀՀ պաշտպանության նախարարի այս խոսքերը, ինչպես նաև նրա խմբագրմամաբ` «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» ձևակերպումը սադրանքի որևէ նշույլ չեն պարունակում, ինչպես սխալմամբ մեկնաբանում են Ադրբեջանի ԱԳՆ-ից: Դավիթ Տոնոյանն, ընդամենը, ևս մեկ անգամ արձանագրել է մեզ համար այլևս անտանելի դարձած «խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակը», որի հետևանքով զոհվում են մեր զինվորները և հասկացրել, որ այսուհետ մեր պաշտպանության դիրքերում կլինեն այնպիսի ստորաբաժանումներ, որոնք ադրբեջանական բանակի միապաղաղ առօրյան, եթե, իհարկե, Բաքվից դա շատ են ուզում, կդարձնեն առավել հետաքրքիր: Ի մասնավորի` պատերա՞զմ եք ուզում, ուրեմն պատրաստ եղեք նոր տարածքներ զիջելու: Մենք այսպես հասացանք Տոնոյանի հայտարարությունը, մինչդեռ Բաքվում շտապել են հայտարարել հայկական զորքերի նոր արշավանքի մասին:
Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ եղավ այնպես, որ Վիեննայի խաղաղ բանակցությունների պարզ երկնքում ճայթեց ՀՀ պաշտպանության նախարարի այս հայտարարությունը, որն, առնվազն, չի տեղավորվում Փաշինյան-Ալիև նախընթաց շփումներից առաջացած տպավորությունների մեջ: Մեր կարծիքով` Տոնոյանի հայտարարությունն իր սուր ծայրով ուղղված է ոչ թե հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի դեմ, այլ լավագույն պատասխանն էր Վիեննայի հանդիպումից առաջ ադրբեջանական կողմից հնչած պատերազմական սպառնալիքների նոր ալիքին, և տրամաբանական շարունակությունն այդ սպառնալիքներին Արցախի Հանրապետության ԱԳՆ կոշտ արձագանքի, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է հակահարված հասցնել հակառակորդի ցանկացած ագրեսիայի: