ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ը հանդիպել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ
27 Հուլիս 2019 Հուլիսի 26-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի հանդիպումը:Արցախի Կենտրոնական կոմիտեից հանդիպմանը մասնակցել են Արթուր Մոսիյանը, Սերգեյ Շահվերդյանը եւ Վահագն Դադայանը, Հայաստանի Գերագույն մարմնից՝ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Սիմոն Սիմոնյանը, Շաղիկ Մարուխյանը, Հակոբ Մաթիլյանը եւ Արթուր Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի ներքին քաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր ՝ մասնավորապես Արցախի առաջիկա ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումն ու անելիքները։ ՀՅԴ անդամները մեկ անգամ եւս փաստել են, որ Դաշնակցության համար Արցախը միշտ եղել է առանցքային եւ առաջնահերթ, վերահաստատել՝ «Զարգանալ՝ չզիջելով» հայեցակարգի այժմեականությունն ու անհրաժեշտությունը։
Քննարկվել է նաեւ Արցախում գործող քաղաքական այլ ուժերի հետ հարաբերությունների ներկա պատկերը, հետագա անելիքները եւ կուսակցության ռազմավարությունն ու մարտավարությունը՝ ուղղված Արցախի ներքաղաքական կյանքում իրավիճակի կայունացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ երկրի անվտանգության պահպանման գործում։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մեկ անգամ եւս հավաստիացրել է իր անմնացորդ օժանդակությունն ու զորակցությունը ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեին։