Կարևոր բանը
06 Օգոստոս 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՀամահայկական 7-րդ խաղերի բացմանը մասնակցելու նպատակով Արցախ մեկնած վարչապետը խոստացել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նայել արցախցիների աչքերին և կարեւոր բաներ ասել նրանց: Սպասումները, թերևս, մեծ էին, մանավանդ որ արդեն տևական ժամանակ է, որ հայաստանյան մամուլը այնքան էլ հուսադրող բաներ չէր գրում Հայաստան-Արցախ հարաբերությունների մասին, իսկ Փաշինյանի կողմից Արցախի ներկա և նախկին նախագահների միջնորդությունը արհամարհելն ու Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելը, մեղմ ասած, նոր և էլ ավելի մեծ ինտրիգ էր հաղորդել Փաշինյանի այս այցին:
Ինտրիգայնության պակասը լրացրել էր Փաշինյանն անձամբ՝ իր ֆեյսբուքյան կենդանի եթերով, որի ժամանակ խոսել էր հույժ գաղտնի մի փաստաթղթի մասին, որից ինքն, իբր, հասկացել էր, որ մինչ ապրիլյան «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը» Հայաստանում կոռուպցիայից բացի ոչինչ չի եղել՝ ոչ պետական կառավարման համակարգ, ոչ պետական ինստիտուտներ, իսկ երկիրն էլ կաթվածահար վիճակում է ցայսօր, որովհետև անհնար էր այդքանը վերականգնել մեկ տարում: Միով բանիվ այս ծանր բեռով էր Փաշինյանը մեկնում Արցախ՝ նայելու արցախցիների աչքերի մեջ և կարևոր բաներ ասելու: Ըստ երևույթին ինքն էլ առանձնապես գոհ չէր իր արածից և, որպեսզի Հայաստանի կառավարության պատվիրակությունը շատ էլ չնմանվի թափորի, որոշեց ծանր մտքերն իրենից վանել՝ Խնձորեսկի կամրջին պարելով:

Նա, ով հետևում է Փաշինյանի ռազմավարությանն ու մարտավարությանը, կարող է փաստել, որ Փաշինյանը ոչ մեկն ունի, ոչ էլ մյուսը: Ռազմավարության հետ կապված՝ ամեն ինչ պարզ է, բայց, ահա, մարտավարություն ասվածը արվեստ է և հնարավոր է գոնե իմիտացնել, որ ունես քայլերի որոշակի սխեմա՝ թեկուզ չեղած, բայց ենթադրելի ռազմավարական նպատակներիդ հասնելու համար: Իմանալով այս բաները՝ ես դժվարանում էի հավատալ, որ Փաշինյանին կհաջողվի Ստեփանակերտում այնպիսի բան ասել, որ մի կողմից նորություն լիներ արցախցիների համար, իսկ մյուս կողմից՝ այնքան կարևոր, որ մի համահայկական «ա՛խ» թռչեր բոլորիս հոգիներից: Եվ այժմ, երբ Վերածննդի հրապարակում տեղի ունեցած միասնության հանրահավաքը (ավելի ճիշտ՝ «խառը մասսայով միտինգը») պատմություն է դարձել, կարող եմ խոստովանել, որ մտահոգություններս արդարացան 100 տոկոսով՝ ոչ մի կարևոր բան նա այդպես էլ չասաց:
Կարող եք վիճել, իհարկե, բայց ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ կեղծիքն ու սուտը տեղ չունեին Փաշինյանի այդ ելույթում, որ նրա խոսքը զերծ էր մարդկանց մոլորեցնելու տարրերից: Օրինակ, ո՞ւմ դեմքին ժպիտ չառաջացավ, երբ Փաշինյանը մտավ հռչակավոր Օստապ Իբրահիմովիչի կերպարի մեջ ու ներկայացրեց «Նոր Հայաստանի» (հմմտ՝ Նյու Վասյուկիի) իր տեսլականը:
Չմանրամասնենք, բայց 5 միլիոնանոց Հայաստանի, 1.5 միլիոն աշխատատեղերի, Հայաստանը արդյունաբերական երկիր դարձնելու, հայկական կապիտալով ներդրումային բում առաջացնելու և հատկապես Հայաստանը շախմատային և ֆուտբոլային համաշխարհային կենտրոն դարձնելու մասին նրա հայտարարությունները որևէ առնչություն չունեն ոչ իր, ոչ իր թիմի և ոչ էլ, առհասարակ, Հայաստանում տարվող այսօրվա քաղաքականության հետ, որի պերճախոս վկայություններն են վատթարացող տնտեսությունը, նկարովի տնտեսական աճը, մեծ արտագաղթի՝ կրկին գլուխ բարձրացնող վտանգը, կրճատվող ծնելիությունն ու աշխատատեղերը, ներդրումների բացակայությունը, աղբի մեջ կորած, բուսականության վերջին օազիսները կորցնող Երևանը և այլն և այլն:
Որպեսզի հիասթափության գույներն ավելի չխտացնեմ, սիրով կշրջանցեմ Փաշինյանի ճաշակով համարակալած կոնսենսուսներն ու «թավշյա հեղափոխությն» ներբողները: Հավատացեք՝ անիմաստ է դրանց մասին խոսելն անգամ, երբ ազգը «սև» ու «սպիտակի», «հեղափոխականի» ու «հակահեղափոխականի», հայաստանցու, սփյուռքահայի ու ղարաբաղցու բաժանած Փաշինյանը հայտարարում է, թե ինչ-որ քաղաքական ուժեր են դրանվ զբաղված: Ինչպես ասում են՝ իր փեշերից հեռու…
Փաշինյանի ելույթում մի բան, այնուամենայնիվ, ուշագրավ էր: Նա մի քանի անգամ կրկնեց «Միացում» և «Արցախը Հայաստան է և վերջ» հանրահայտ արտահայտությունները՝ ամեն անգամ ծույլ ծափեր ու հազիվ լսելի օվացիաներ կորզելով միտինգավորների առաջին շարքերից: Այդ հնարքով ի՞նչ հարց էր լուծում և ի՞նչ էր ջանում արցախցիներին հասկացնել Փաշինյանը: Հիշո՞ւմ եք Արցախի իշխանություններին ուղղված՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի հաթաթան, որ, եթե հարկ լինի, հեղափոխություն կանի նաև Արցախում:
Եվ ահա, Փաշինյանն այս անգամ որոշել էր այդ «կարևոր բանը» արցախցիներին փոխանցել այնքան սիրված ու այնքան ճշմարիտ արտահայտությունների քողի տակ. եթե միացում, եթե Արցախը Հայաստան է և վերջ, ապա Արցախում էլ պետք է կատարվեն այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում՝ «թավշյա հեղափոխության» արդյունքում: Իսկ երբ Փաշինյանը խոսեց ընտրություններից, վստահաբար, շատերը հասկացան, թե Փաշինյանի սիրտն ինչպիսի իշխանություն է ուզում Արցախում: Նա ակնարկեց, որ Հայաստանի կառավարությունն է լինելու հայկական երկրորդ հանրապետությունում ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու երաշխավորը:
Մեր կարծիքով՝ Փաշինյանն ակնհայտ սխալ թույլ տվեց՝ ակամա վերադառնալով Տեր-Պետրոսյանի ժամանակները, երբ Հայաստանն ամեն գնով փորձում էր ղեկավար պարտադրել Արցախին: Իսկ թե հետո ինչպիսի հետևանք է դա ունենում, մեզ հայտնի է անցյալի տխուր դեպքերից:
Արցախի Հանրապետւթյունում վերջին 30 տարիներին բազմաթիվ ընտրություններ են տեղի ունեցել, որոնք արժանացել են թե տեղական և թե օտարերկրյա դիտորդների հիացմունքին: Թե Փաշինյանի կառավարության այդօրինակ «աջակցությունն» ինչ նոր բան կարող է տալ Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններին՝ դժվարանում եմ ասել: Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, կփորձի բարձրացնել այդ ընտրությունների էյֆորիկ ֆոնը՝ 2018թ. դեկտեմբերի 9-ի իր հաջողությունը կրկնելու նպատակով: Իսկ հասարակական տրամադրությունների նախընտրական ֆոնն իսկապես կարևոր է, եթե ունես մի թեկնածու, որին, անկախ ժողովրդի կամքից, անպայման ուզում ես տեսնել քո ենթակայի պաշտոնում՝ քաղաքապետ լինի, մարզպետ, թե Արցախի Հանրապետության նախագահ: