ՀՀ-ի արևելումի մասին
08 Օգոստոս 2019 ՀՀ ներքաղաքական այնպիսի զգայուն խնդրի վերաբերյալ, ինչպիսին Քոչարյանի դատավարությունն է և մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին առնչվող քննարկումները, BBC-ի ռուսական ծառայության հրապարակումը հստակորեն բացահայտեց մի քանի հանգամանքներ․Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հիմքում դրված է ՀՀ-ի արևելումի հարցը, և արևմտյան այդ լրատվամիջոցի նմանաբովանդակ անդրադարձը լավագույնս փարատեց մեր այս պնդման հիմքում առկա կասկածները։ Իհարկե, մինչ այս հրապարակումը ևս տեսանելի էր Ռուսաստանի բացահայտ աջակցությունը վայելող ՀՀ երկրորդ նախագահի շուրջ ծավալվող իրադարձություններին արևմուտքի մասնակցությունը, սակայն այժմ իրադարձությունները թևակոխում են գերտերությունների բացահայտ և լայնածավալ բախումների փուլ։

Գաղտնիք չէ, որ անգլոսաքսոնական խոսափող BBC-ն ավելին է, քան սոսկ լրատվամիջոցը, և վերջինիս խառնվելը Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին մեզ լիարժեք հիմք են տալիս ենթադրելու, որ այդ իրադարձություններն իրենց խորքում գերտերությունների՝ ՀՀ-ի արևելումին առնչվող պայքարի հետևանք են և ոչ թե պատճառ։ Գերտերությունները լավագույնս օգտվեցին և օգտվում են ՀՀ-ի իշխանությունների այսպիսի վարքագծից և Քոչարյանի խնդիրը դիտարկում սեփական ազդեցության տարածման լավագույն հարթակ։ Այստեղ անգամ ավելորդ է նշել, թե որևէ երկրի վրա ազդելու կամ այն սեփական շահերի տիրույթում պահելու համար ինչպիսի կարևոր պայմաններ են բախումները, անկայությունը, հասարակության պառակտումը, սրանց հետևանքով տնտեսության քայքայումը, ճգնաժամը, արտաքին նյութական և քաղաքական աջակցություններին ապավինելու անհրաժեշտությունը և այլն։
ՀՀ-ում ընթացող նշյալ գործընթացի հիմքում առկա արևելումի հարցում ՀՀ-ի իշխանությունները հստակորեն կողմնորոշված են դեպի արևմուտք, և այստեղ ամեն ինչ շատ պարզորոշ է։ Արևածաղիկ վաճառող տատիկն էլ գիտի․ առանց ՀՀ-ի բարձրագույն ղեկավարության թույլտվության բացառվում է, որ արևմտյան նման լրատվամիջոցին հասանելի դառնային այդպիսի հույժ կարևոր և նախաքննական գաղտնիքներ պարունակող փաստաթղթերը։ Ավելին՝ այստեղ որևէ տարօրինակ կամ զարմանալի բան չկա, և ամեն ինչ շատ օրինաչափ է։ Իրականում այս քայլով ՀՀ-ի իշխանությունները ազդարարեցին ՀՀ-ի արևելումի վերջնական հստակեցման մասին՝ ազդարարելով, որ ՀՀ-ի ուժային կառույցներն արդեն համագործակցում են ոչ թե ռուսական, այլ արևմտյան կենտրոնների հետ։
ՀՀ հասարակական էլիտայի գիտակից շրջանակներն անուղղակի կամ ուղղակի կերպով դատապարտեցին BBC-ի ռուսական ծառայության նշյալ հրապարակումը՝ մատնանշելով մի շարք հեռահար վտանգներ։ Ճիշտ հակառակը, ելնելով սեփական նյութաքաղաքական մանր շահերից, ՀՀ-ի իշխանությունների աջակցությունը վայելող կամ այդ նույն իշխանություններին ծնունդ տված հասարակական-քաղաքական շրջանակներն ակնհայտ հրճվանք ապրեցին այս հրապարակման և՛ փաստի, և՛ բովանդակության կապակցությամբ։
Հաշվի առնելով միջազգային համակարգերում ՀՀ-ի ներկա կարգավիճակը՝ դժվար չէ կռահել, թե ՀՀ իշխանությունների այսպիսի կտրուկ շրջադարձն ինչպիսի աղետի կարող է հանգեցնել, որի ողջ ծանրությունն իր վրա է կրելու ՀՀ-ում արդեն ոչինչ չորոշող ժողովուրդը։
ՀՀ-ի իշխանությունները, փաստորեն, ՌԴ-ի ազդեցությունը թոթափում են ոչ թե հայկական շահերի ամրացման, հայակենտրոն քաղաքականություն վարելու ճանապարհով, այլ արևմուտքին ծառայելու, երկիրը արևմտյան գործակալների գործողությունների, օտար բախումների թատերաբեմի վերածելու կործանարար ուղու միջոցով։ ՀՀ-ի ղեկավարության այս քայլերը որոշակիորեն հիշեցնում են սահակաշվիլիական Վրաստանը, Յուշչենկոյի կամ Պորոշենկոյի Ուկրաինան, որոնց մասին, բնականաբար, խոսքերն ու մեկնաբանություններն ավելորդ են։
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ