ԼՂՀ անկախության հռչակումը կանխեց Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը
02 Սեպտեմբեր 2019 ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում շնորհավորելով հայ ժողովրդին Արցախի անկախության օրվա առիթով՝ անդրադարձել է նաեւ 1920-ին տեղի ունեցած Շուշիի հայության ջարդերի 100-րդ տարելիցին:
«Ադրբեջանի մարդատյաց, ցեղասպանական ծրագրերին վերջ տրվեց 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումով եւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Արցախի հաղթանակով։ 1920 թվականի մարտյան օրերին Շուշին հրի մատնվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կանոնավոր բանակի եւ գազազած թաթարական ամբոխի կողմից։ Հազարավոր հայեր կոտորվեցին, կենդանի մնացածները տարագիր դարձան սեփական երկրում։ Դրանով Ադրբեջանը փորձեց վերջ տալ դեռևս 1918 թվականին ստեղծված Արցախի անկախ պետականությանը։
Շուշիի հայության ջարդերը հերթական անգամ ապացուցեցին, որ Ադրբեջանը, անկախ կառավարման համակարգից, շուրջ մեկ դար շարունակ հետեւողականորեն փորձում էր իրականացնել հայաթափման քաղաքականություն։
Համոզված եմ, որ անհրաժեշտ է պետական մակարդակով նշել այդ ողբերգական դեպքերի հարյուրամյակը՝ օր առաջ ստեղծելով համապատախան հանձնաժողով»։
Նշենք, որ Շուշիի ջարդերը տեղի են ունեցել 1920թ. մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում: Թուրքիայի Հանրապետության բանակի եւ նրա կողմից աջակցություն ստացող, Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) եւ քրդական առանձին խմբավորումների կողմից կազմակերպվել է Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի եւ անձնական ունեցվածքի ոչնչացում եւ թալան:
Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետեւանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց եւ ոչնչացվեց, ավելի քան 20 000 հայ սպանվեց:
Լ.Թեւոսյան