Դաշնակցության համար կարևորը քաղաքական կայունությունն է
09 Սեպտեմբեր 2019 Վերջին 2-3 տարիներին ձևավորված կուսակցությունները չեն կարող միանգամից որպես գաղափարական միավոր ներկայանալ և որոշակի տրամադրություններ ձևավորել: Այս մասին Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը:Բանն այն է, որ «Սասնա ծռեր» կուսակցության Արցախի կառույցի նախաձեռնող խմբի անդամ Գեղամ Գրիգորյանն իր հայրենի Բերքաձոր գյուղում, լինելով միակ թեկնածուն, պարտվել էր՝ 20 կողմ, 60 դեմ քվեով:

«Պատկերավոր ասած, մեզ մոտ դա չի աշխատում… Նայեք, տեսեք այս մեկ ու կես տարիներին ժողովուրդը հիմնականում կողքից նայում, գնահատում է: Եվ միգուցե նաև հայ ժողովրդի մեծությունը դա է, որ հուզական բաների մեջ չի մտնում՝ հասարակությունը տարբեր շերտերի բաժանելու, պայքարներ ծավալելու… Ես դրա համար նաև ողջունում եմ մեր ժողովրդին՝ այդ խոհեմության համար, որ հանգիստ գնահատում և արժեվորում է այն ամենը, ինչը շահեկան է իր պետության համար: Դրա համար աշխատանք է պետք, այդ կողմից հանրությունն էլ պետք է տեսնի այդ կուսակցությունների գործունեությունը, արած-թողածը, որ գնահատական տա»,-ասաց Վահրամ Բալայանը:
Նրա գնահատմամբ՝ Արցախի ՏԻՄ ընտրություններն ընթացել են ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան. «Իհարկե, կային որոշ մանր-մունր խախտումներ, բայց կարելի է դրական համարել՝ կազմակերպված, ժողովրդի կամընտրությամբ ընթացել են»:
Նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ, նրա խոսքով, Դաշնակցությունը, զուտ կուսակցական առումով, բավական առաջընթաց ունի՝ այս անգամ ՀՅԴ պաշտպանած ավելի շատ համայնքապետեր են ընտրվել, քան նախորդ ժամանակահատվածում: Այսուհանդերձ, Դաշնակցության համար կարևոր է քաղաքական կայունությունը և պատրաստ են ակտիվ աշխատել նաև անկուսակցական կամ այլ ուժեր ներկայացնող նորընտիր համայնքապետերի հետ:
«Մեզ համար որպես կուսակցություն անչափ կարևոր է համագործակցաբար նպաստել, որպեսզի մեր կայունությունը պահպանվի և ամրապնդվի, այնպես որ՝ սոսկ դաշնակցական լինելը գերխնդիր չէ: Իհարկե, որպես կուսակցություն, մենք ուզում ենք իշխանության լծակներ ունենալ, որովհետև նպատակները, ծրագրերը լծակներ ունենալու պարագայում կարող ես լավ իրականացնել, սա նորմալ եմ համարում, բայց, անկախ նրանից, թե որ կուսակցության գործիչներն են ընտրվել, մենք և՛ շնորհավորում ենք, և պատրաստ ենք համագործակցել»,-ընդգծեց ՀՅԴ Արցախի ԿԿ անդամը:
Վահրամ Բալայանի խոսքով՝ Արցախում կուսակցական տարանջատումն ընդգծված չէ, քանի որ ժողովուրդին առաջին հերթին միավորում է հողն ու ջուրը: Ժողովրդի տարբեր շերտերի միասնականությունը նպաստում է արտաքին ճակատում պայքարելուն ու սահմանները անխաթար պահելուն. «Կարծում եմ, այսուհետ ևս այդպես կլինի և քաղաքական այն ուժերը, որոնք այդ ամենը հաշվի չեն առնի, կփորձեն նեղ շահախնդիր հարցեր լուծել՝ անձնական բնույթի, կհայտվեն պատմության լուսանցքում»:
Վաղվանից՝ սեպտեմբերի 10-ից, Դաշնակցությունը խորհրդակցություններ է սկսում Արցախի քաղաքական ուժերի հետ՝ 2020 թ. նախագահական ընտրություններին համաձայնեցված թեկնածուով մասնակցելու համար: Վահրամ Բալայանն ասաց՝ կսկսեն խորհրդարանում ներկայացված ուժերից և կշարունակեն մյուսների հետ ևս. քաղաքական բոլոր դերակատարներին հրավիրել են խորհրդակցությունների:
«Մեր կուսակցության մեջ էլ ունենք ընկերներ, որոնք կարող են այդ պաշտոնը վարել, ինչ-որ մի տեղ ավելի լավ, քան շատ կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց մենք մեր տեսանկյունից բաց ենք, ուզում ենք, որ համաձայնեցված թեկնածու լինի, որովհետև 2020 թվականից հետո անչափ կարևոր է, որ այդ ընտրված թեկնածուն լայն շրջանակներ ներկայացնի, որ հեշտ լինի աշխատել, որովհետև ծանր շրջան է լինելու Արցախյան հիմնահարցի, տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հետ կապված: Մի խոսքով՝ ցանկալի կլինի, որ հանրության լայն շրջանակների աջակցությունը ստանա 2020 թ.-ին ընտրվող նախագահը»,- ասաց նա:
ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ նշած կետերի շուրջ գրասենյակային հանդիպումներ կանցկացնի քաղաքական ուժերի հետ և արդյունքները ամենօրյա հաճախականությամբ կներկայացնի մամուլով: