ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ
20 Սեպտեմբեր 2019 ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի բանակցություններն Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ շարունակվում են:Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակում: Դաշնակցության պատվիրակությունը գլխավորում էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, «Ազատ հայրենիք»-ի պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Դավիթ Իշխանյանն իր խոսքում նշել է, որ բանակցություններն ընթանալու են երկու փուլով. առաջին փուլով ձեւավորվելու է միասնական օրակարգ, որի շուրջ ակնկալում են Արցախի քաղաքական ուժերի համախմբումը:
«Ազատ հայրենիք»-ի ներկայացուցիչների կողմից նշվեց, որ Դաշնակցության առաջարկած օրակարգը համընդհանուր հարցերի շուրջ ընդունելի է եւ Արցախում գործող յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջնահերթությունն է: Ներկայացված դրույթներից շատերը մաս են կազմելու նաեւ «Ազատ հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագրին:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանրապետությունում սպասվող նախագահական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է սեփական թեկնածուով: Եվ այդ առումով դեմ է համաձայնեցված թեկնածուի գաղափարին: Հարությունյանը միաժամանակ նշեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցել Դաշնակցության հետ թե ընտրությունների նախնական շրջանում, եւ թե ընտրություններից հետո՝ անկախ ընտրությունների արդյունքներից:
«Ազատ հայրենիք» կուսակցությունը եւ անձամբ ես շահագրգռված ենք, որպեսզի Դաշնակցությունը մաս կազմի իշխանությանը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
aparaj.am