ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է «Արցախի Արմենական» կուսակցության նախագահի հետ
23 Սեպտեմբեր 2019 Սեպտեմբերի 23-ին ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեն մեկնարկ է տվել արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներին:ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպում է ունեցել «Արցախի Արմենական» արտախորհրդարանական կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Դաշնակցության ներկայացրած օրակարգը, որն, ընդհանուր առմամբ, ընդունելի էր «Արցախի Արմենական» կուսակցության նախագահի կողմից:

Բորիս Առուշանյանը մտահոգությունն է հայտնել Արցախում երկու տասնյակից ավել կուսակցությունների առկայությունից, ինչը, ըստ իրեն, կարող է բերել քաղաքական դաշտի փոշիացման եւ հասարակության բեւեռացման: Որպես լուծում Առուշանյանն առաջարկում է քաղաքական դաշինքների ձեւավորումը:
Հիշեցնենք, որ ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեն նախքան արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը բանակցություններ է ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված Արցախի ժողովրդավարական, «Շարժում 88» եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նշենք, որ խորհրդարանական ուժերից ՀՅԴ Արցախի ԿԿ-ի բանակցությունների առաջարկը մերժել է միայն «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:
«Ապառաժ»-ի հետ զրույցում անդրադառնալով բանակցությունների ընթացքին, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն ասել է.
«ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեն գնահատելի է համարում մինչ այժմ կայացած բանակցություններում քաղաքական ուժերի՝ երկրի առաջ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների հաղթահարման ընկալումը»:
aparaj.am