Սթրովոլոսի քաղաքապետը զորավիգ է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքին
27 Սեպտեմբեր 2019ՀՅԴ Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում գտնվող Կիպրոսի Սթրովոլոս քաղաքը ներկայացնող պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հյուրընկալվել է ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում: Սթրոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի հանդիպմանը ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները քննարկել են Արցախի և Կիպրոսի քաղաքական դաշտերին վերաբերող մի շարք հարցեր:
Քաղաքապետի խնդրանքով ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները ներկայացրել են ՀՅԴ Արցախի կառույցի քաղաքական առաջնահերթությունները և առաջիկա ծրագրերը:

Անդրեաս Պապախարալամպուսը խոսել է Արցախից ստացած տպավորությունների մասին, նշել, որ ծանոթ է Արցախի պատմությանը, բայց այցն ավելի է ամրապնդել իր գիտելիքները:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը և ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսյանը:
«Ապառաժ»-ի հետ զրույցում Գասպար Կարապետյանը նշել է, որ հյուրերը հանդիպեցին Ստեփանակերտի քաղաքապետի հետ, կարծիքներ փոխանակեցին կրթության և մշակույթի բնագավառում ապագա համագործակցության վերաբերյալ: «Կիպրոսից առաջին անգամ է նման պատվիրակություն ժամանում Արցախ: Համագործակցությունը հնարավորություն կտա Արցախին դեպի դուրս նոր ճամփա ուենենալ, մշակութային և կրթական ոլորտում փորձի փոխանակում կատարել:
Ամենակարևորն այն է, որ այցը քաղաքական մեծ նշանակություն ունի, որովհետև քաղաքապետի ներկայությունը նշանակում է, որ ինքը զորավիգ է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքին»,- նշել է Գասպար Կարապետյանը:
aparaj.am