Շարունակվում են ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հանդիպումներն Արցախի քաղաքական ուժերի հետ
30 Սեպտեմբեր 2019Սեպտեմբերի 30-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Արցախի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար Վալերի Ավանեսյանի հետ:

«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավարն ողջունել եւ ընդունելի է համարել Դաշնակցության կողմից ներկայացված միասնական օրակարգի կետերը:
«Դաշնակցության նախաձեռնությունը բխում է ազգային եւ պետական շահերից, որեւէ քաղաքական ուժ չի կարող չընդունել այդ նախաձեռնությունը: Կուսակցությունները պետք է ունենան քաղաքական պատասխանատվության զգացում, եւ այս նախաձեռնությունը հենց այդ պատասխանատվության դրսեւորում է»,- ասել է Վալերի Ավանեսյանը:
Նույն օրն Արցախի Արդարություն կուսակցության գրասենյակում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Արցախի Արդարություն կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության համանախագահների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Դաշնակցության ներկայացրած օրակարգը: Արդարություն կուսակցության ներկայացուցիչները ողջունել են Դաշնակցության նախաձեռնությունը եւ ներկայացրել իրենց կուսակցության որդեգրած սկզբունքները:
Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել համագործակցել միասնական օրակարգի համալրման եւ փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորման շուրջ:
aparaj.am