Դաշնակցությունը ծառայում է Հայաստանի եւ հայության ազատագրության դատին
11 Հոկտեմբեր 2019 ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի բարեկամների համաժողով նախաձեռնելու անհրաժեշտությանը եւ Դաշնակցության անելիքներին.
«Ես կարծում եմ, որ չափազանց կարեւոր է Արցախի բարեկամների համաժողովի կազմակերպումը, որի հիմնական նպատակն է համախմբել բոլոր այն քաղաքական, մշակութային, ակադեմիական եւ այլ ոլորտների ու բնագավառների ղեկավարներին, որոնք արտերկրում հայությանն ի նպաստ աշխատանքներ են ծավալում: ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի պատասխանատուները այդ առումով խթան են հանդիսանում այդ աշխատանքին՝ ի մի հավաքելով այս մարդկանց, եւ ապահովելով նրանց միջեւ կապը: Իսկ այդ հարաբերությունների պաշտոնականացումը կհաստատվի այս համաժողովով՝ հռչակագրի ընդունման ճանապարհով: Համաժողովի արդյունքում ստեղծված ցանցը տեղեկություններ փոխանակելու, ծրագրեր մշակելու եւ համադրված ձեւով ծրագրեր իրականացնելու նպատակին է ծառայելու:
ՀՅ Դաշնակցությունը հանձն է արել այս գործը՝ ելնելով իր ծրագրից եւ հատուկ նպատակներից: Դաշնակցությունը ծառայում է Հայաստանի եւ հայության ազատագրության դատին եւ հետեւողական է այս գերնպատակին՝ անկախ իր քաղաքական դիրքից եւ մանրուք հաշիվներից: ՀՅ Դաշնակցությունը գոյություն է ունեցել Հայաստանի անկախությունից առաջ եւ գոյություն է ունենալու անկախ իշխանության մաս լինելու կամ չլինելու հանգամանքից»,- ասել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը: