Իշխանության ճյուղերը պետք է հակակշռեն մեկը մյուսին
12 Հոկտեմբեր 2019 Թեև ոչ բռնի հայտարարություններով, բայց իրականում՝ բռնի ձևերով, մարդկանց պաշտոններից հեռացնելը ընդունելի մարտավարություն չէ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում՝ Արցախում, ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:Նա նկատեց, որ միջոցները, որ երբեմն գործադրվում են իշխանությունների կողմից, դատարանների գրավումը և այլն, բնականաբար, նորմալ գործընթաց չէ և այդ մասին ՀՅԴ-ն իր տեսակետը հայտնել է ուղղակիորեն վարչապետին՝ ասելով, որ բարեփոխումների կարիք կա, բայց դրանք պետք է լինեն համախոհությամբ, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներով:

«Բազմիցս հայտարարել ենք, որ իշխանության երեք ճյուղերը պետք է անկախ լինեն և հակակշռեն մեկը մյուսին. պետք է զգույշ լինել, որ իսկապես տարանջատված լինեն և մանավանդ, արդարադատության համակարգը անկախ գործի»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ ստեփանակերտյան հայտարարության հետևանքներին, Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասաց. «Բնականաբար, ՀՅԴ համար էլ Արցախը Հայաստան է և վերջ, բայց քանի կա բանակցային գործընթացը և մտադիր ենք, որ Արցախն էլ միանա բանակցային սեղանին, լուծման փնտրտուքի միտում կա: ԵՎ բնականաբար, երբ հայտարարում ես այդ կցկտուր կեցվածքի մասին՝ խաղաղության գործընթացին չի նպաստում: Բայց դա ոչ մի ձևով չի նսեմացնում այն մոտեցումը, որ մեզ համար ընդունելի է՝ ոչ մի զիջում Արցախի հողից»:
Բացարձակ իմաստով խնդիր չունենք այդ մոտեցման հետ, նկատեց նա, բանացային իմաստով կարող է դժվարություններ առաջացնել, բայց դա էլ քաղաքական լուծում է պահանջում և պետք է օգնել ՀՀ-ին, որ լուծումը գտնի:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով.
https://youtu.be/dLaGHTOpN98