Հանդիպումներ ԱՀ Մարտունու շրջանի համայնքների բնակիչների հետ
24 Հոկտեմբեր 2019 Հոկտեմբերի 23-ին ԱՀ թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի, Պառավաթումբ և Ննգի համայնքների բնակիչների հետ:Հանդիպման նպատակը «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ Սահմանադրության նախագծի վերաբերյալ վերոնշյալ ընտրատարածքի բնակիչների տեսակետներին ծանոթանալն էր: Մինչ այդ պատգամավորը հանդիպումներ էր ունեցել նույն շրջանի Հացի, Աշան, Նոր շեն համայնքներում: Նա ներկայացրել է օրենքի նախագծի հետ կապված մանրամասները, պարզաբանել նախագծի քննարկման ընթացակարգը և պատասխանել ներկաների հարցերին:

Դավիթ Իշխանյանի խոսքով՝ ինքը նպատակ ունի լսել իր ընտրողների կարծիքը՝ տվյալ նախագծի վերաբերյալ վերջնական տեսակետ ձևավորելու համար: Նա նպատակ ունի նման հանդիպումներ ունենալ թիվ 7 ընտրատարածքի 16 համայնքներից յուրաքանչյուրում, որից հետո արդեն հստակ կլինի նախագծի նկատմամբ իր դիրքորոշումը: Դավիթ Իշխանյանը կարևորել է ընտրողների հետ ԱԺ մյուս պատգամավորների կողմից նման հանդիպումներ ունենալու անհրաժեշտությունը:
Ըստ Դավիթ Իշխանյանի, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը քննարկումներ է ունեցել և նախնական մոտեցումներ կան հարցի առումով: Հանդիպումների ընթացքում նա որոշ իրավական և քաղաքական հիմնավոր տեսակետներ է փոխանցել ներկաներին՝ առավել պարզաբանելով օրինագծի նախագիծը:
Արդեն կայացած հանդիպումներից պարզ է դառնում, որ բնակչությունը հիմնականում անտեղյակ է ստորգրահավաքի բուն նպատակից ու էությունից, շատերը չեն էլ իմացել, թե ինչ են ստորագրում: Մի շարք համայնքներում հանդիպումներին ներկա ստորագրահավաքի նախաձեռնողները նշել են, որ մարդիկ իրենց ստորագրությամբ դժգոհություն են հայտնել գործող իշխանությանը, սոցիալական, տնտեսական վիճակի, իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ:
Հետաքրքրական էր գյուղերից մեկում հանդիպմանը ներկա պապիկի մեկնաբանությունը ստորագրահավաքին կողմ արտահայտվող այն մարդկանց, ովքեր ասում են` «թող մի անգամ էլ Սամվել Բաբայանը լինի նախագահ, ինչ կա որ»: Տարիների փորձ ունեցող պապիկը զարմանում է՝ «հո պահեստապետ չենք ընտրում»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համախոհները նախաձեռնել էր ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու գործընթաց: Սահմանդրության տվյալ մասերի փոփոխմամբ ՀՀ քաղաքացիներին ևս որպես թեկնածու ընտրվելու իրավունք կտրվի Արցախի նախագահական և ԱԺ պատգամավորական ընտրություններում:
2019թ. հուլիսի 31-ին ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության կարգով կազմակերպված ստորագրահավաքի արդյունքում հավաքված 21049 ստորագրություն, որոնցից ԿԸՀ-ն վավերական է ճանաչել 19934-ը: Սահմանդրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդը, հանրապետության նախագահը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն տաս տոկոսը (տվյալ դեպքում առնվազն 10278 քաղաքացի):
ԱՀ ԿԸՀ-ի կողմից ստորագրությունների վավերականությունը հաստատելուց հետո «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ Սահմանադրության նախագիծը ներկայացվել է ԱՀ ԱԺ-ին: Այն հոկտեմբեր ամսին շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում, որից հետո նախատեսվում են քննարկումներ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ԱԺ լիագումար նիստում: Առաջին և երկրորդ ընթերցմամբ հաստատվելու դեպքում այն կստանա օրենքի ուժ և հանրաքվեի կդրվի:
aparaj.am