Այսօր ամենակարեւոր խնդիրը բովանդակային քննարկումների բացակայությունն է
15 Նոյեմբեր 2019 Խորհուրդ կտայի իշխանություններին չկրկնել նախորդների սխալները. իշխանությունների գահավիժումն սկսվում է այն պահից, երբ սկսում են մեծամտանալ, ինքնասիրահարվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ով մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին:
Նրա խոսքով, նոր իշխանավորները դեռ ոչինչ չարած սկսում են նախորդներին քննադատել. «Այսօր ամենակարեւոր խնդիրը բովանդակային դիսկուրսի բացակայությունն է: Հենց ուզում ես մի բովանդակային բան ասել, որը տարբերվում է իշխանության տեսակետից, միանգամից սկսում են պիտակավորել՝ սեւ ես, թալանչի ես, նախկին ես:
Այսօր թալանից են խոսում մարդիկ, որ այնքան փաստեր կան, որ նույն թալանի հետ առնչվում են: Եթե բացահայտ բյուջեից այդքան գումարներ են հատկացվում, աշխատավարձերի բարձրացումը, պարգեւավճարները, խալի լվալու համար այդքան գումարներ հատկացնելը: Պատկերացրեք, որ նախկինում այդպես լիներ»,-ասաց Ռուստամյանը:
Նա հավելեց, որ իշխանությունները պետք է իմանան, որ քայլեր են կատարում, որոնք կուտակվում են եւ եթե իրենց թվում է, թե պետությունն իրենք են, այս ամենը չի մոռացվելու. «Հակընդդեմ հայցով հանդես են գալու նրանք, որոնք տուժել են այս ոտնձգություններից, կամայականություններից: Ասյօր իրավական դաշտում ինքնիրավչություն է տեղի ունենում՝ սամասուդ, բեսպրեդել: Սա չի կարող անհետեւանք լինել, սա չի մոռացվելու: Սա դառնալու է այն կոնկրետ գործերը, որոնք դրվելու են այսօրվա իշխանության առջեւ: Եթե ամեն ինչ այստես շարունակվի, բնականաբար, ամեն ինչ կուտակման էֆեկտ ունի»-ընդգծեց Ռուստամյանը:
Մեզ խաբում են, թե գնում ենք նոր Հայաստան, մենք հետ ենք գնում, դեպի 1990-ականների Հայաստան,- նշեց Արմեն Ռուստամյանը:
«90-ականների կոսմոպոլիտիզմն է, դրան գումարվել է աղանդավորությունը, այլասերվածության լայնածավալ քարոզչությունը»,-ասաց նա:
Ռուստամյանի խոսքով, մարդիկ պետք է հասկանան, որ քանի որ իրենց ձեռքում է իշխանություն փոխելու բանալին, այդ բանալիից օգտվեն:
Հարցին, թե իրենց վերջնական նպատակն իշխանափոխությո՞ւնն է, Ռուստամյանը պատասխանեց. «Վերջնական նպատակը իրական ժողովրդի իշխանություն հաստատելն է, այսօր հաստատվել է վարչախմբի իշխանություն: Եթե Փաշինյանը այս ամենը կտեսնի եւ կփոխի, բրավո, եւ բոլորս միասին այս գործը կտանենք առաջ: Իսկ եթե ոչ, կունենանք այն, ինչ մինչեւ հիմա ունեցել ենք»: