Հայ-իրանական հարաբերությունները՝ դաշնակցական պատգամավորների մտահոգության առարկա
25 Նոյեմբեր 2019 Այս օրերին Արցախի Հանրապետության խորհրդարանում ընթանում են 2020թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ քննարկումները:Այսօր՝ նոյեմբերի 25-ին, կայացած ԱՀ արտաքին գործերի նախարարության եւ տեղեկատվության ոլորտի ֆինանսավորման շուրջ քննարկումներն առիթ էին Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Իշխանյանի եւ Ռիտա Մնացականյանի կողմից՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու շուրջ հարցադրումներն ուղղելու:

Դավիթ Իշխանյանի մտահոգությունը միջպետական հարաբերությունների զարգացմանն էր վերաբերում: Հարցին ի պատասխան ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին շրջանում աշխատանքներ են տարվում եւ արդեն իսկ որոշակի արդյունքներ են գրանցվել տնտեսական ոլորտում:
«Ներկա փուլում երկու երկրների միջեւ համագործակցությունը հիմնականում տնտեսական ուղղությամբ է: Սակայն ԱՀ մշակույթի, երիտասարդության եւ զբոսաշրջության նախարարության հետ միասնաբար նախատեսում ենք գալիք տարվա վերջին Շուշիի պարսկական մզկիթի տարածքում ստեղծել հայ-իրանական գիտամշակութային կենտրոն, որն իր ներդրումն է ունենալու հարաբերությունների զարգացման տեսանկյունից»,- մասնավորապես ասել է Մասիս Մայիլյանը:
Ռիտա Մնացականյանի հարցադրումը վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Իրանում հակաարցախյան քարոզչության ընդլայնման շուրջ էր: Պատգամավորի խոսքով՝ հաղորդաշարերի միջոցով Արցախը որպես ագրեսոր ներկայացնելու Ադրբեջանի լոբբիին անհրաժեշտ է հակադարձել պարսկերեն հաղորդաշարերով՝ Արցախյան հարցը բարձրացնելու եւ ներկայացնելու համար:
ԱԳՆ նախարարը ողջունել է պատգամավորի առաջարկը՝ նշելով, որ այն հնարավոր կլինի կազմակերպել Իրանում առկա քարոզչական այլ աղբյուրների միջոցով: Իսկ Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել եւ հնարավորությունների շրջանակում նյութեր տրամադրել:
aparaj.am