Տեղի ունեցավ «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովը
28 Նոյեմբեր 2019 Այսօր, նոյեմբերի 28-ին «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի ունեցավ «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովը։ Քննարկվեցին ազգային պետականությանը, կրթական, մշակութային և լեզվական քաղաքականություններին առնչվող հարցեր։Խորհրդաժողովի մասնակիցները փորձեցին ուղենշել մտավորականության և պետական կառույցների անելիքներն ու խնդիրները:
Նախաձեռնող խումբը նպատակ ունի նման խորհրդաժողովները դարձնել շարունակական՝ արծարծելու և արժևորելու հանրությանը հուզող հոգևոր-մշակութային խնդիրները:

Սա համազգային և ապագային միտված գործողությունների, մտահոգությունների ամբողջություն է` խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Երբ ՀՅԴ Գերագույն մարմնում քննարկվում էր այսպիսի խորհրդաժողով անցկացնելու հարցը և որոշում կայացվեց դիմել մեր գործընկերներին, ձևակերպվեց շատ հստակ խնդիր. չպետք է այսպիսի հավաքը որևէ կերպ կուսակցականացվի»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ հավաքը կդառնա մի պլատֆորմ, որտեղ հետագայում ևս բանաձևումների, քննարկումների տեսքով կձևակերպվեն մեր մտավորականության, ակադեմիական շրջանակների, հանրության, ազգային ինստիտուտների, նաև Հայ առաքելական եկեղեցու մոտեցումներն ու պահանջները ազգային դաստիրակությանը, ազգային ինքնությանը համապատասխան քաղաքականություններ մշակելու համար:
«Այն երկրները, որոնք այսօր ունեն կայուն առաջընթաց, նրանց զարգացման հիմքը, բանալին, իրենց ազգային ինքնությանը համահունչ քաղաքականություններ վարելն է: Մենք որևէ մեկին չենք հայտարարել թշնամի, որևէ մեկին չենք ուզում դավաճան պիտակավորումը տալ: Շատ կարևոր է, որպեսզի մտավորականությունը, հասարակական, քաղաքական, հանրային կյանքում մեծ հեղինակություն վայելող անձինք այս հարցերի շուրջ իրենց մոտեցումները ներկայացնեն և համախմբվեն այս օրակարգի շուրջ», – հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
https://youtu.be/-nVqGyVSOBQ
Վերջին մեկ ու կես տարում մեր հանրային կյանքում հայեցակարգային, ծրագրային, ռազմավարական փաստաթղթերի բացակայություն կա, բայց այդ բացակայության պայմաններում մեր հանրային կյանք են նետվում գաղափարներ, որոնք խիստ մտահոգություն են առաջացնում հանրության բոլոր շերտերի մոտ՝ խորհրդաժողովի ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
Այս համազգային և համապետական խնդիրների առնչությամբ մտահոգությունը, նրա խոսքով, ավելի է սրվում, երբ ակնհայտ է, որ մի կողմից չկան հստակ ճանապարհային քարտեզներ, թե ուր է գնում Հայաստանը, իսկ մյուս կողմից՝ քաղաքականություն իրականացնող անձինք մերժում են երկխոսությունը։
«Այս հանրային դիսկուրսում, առհասարակ, այն հարցադրումը, բանավեճը՝ ո՞ւր ենք գնում, ինչպիսի՞ երկիր ենք կառուցում, նրա ապագան ի՞նչ քայլերի հաջորդականությամբ է պայմանավորված՝ այս հարցերի շուրջ քննարկում, երկխոսություն չկա թե՛ հասարակության մեջ, թե՛ քաղաքական ուժերի»,-ասաց Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց, որ այսօր անխուսափելի անհրաժեշտություն կա՝ լսելու մի շարք հարցերի պատասխաններ և այդ հարցերը վերաբերում են հետևյալին՝ Հայաստանն ու՞ր է գնում, ի՞նչ ռեսուրսներով է գնում, ի՞նչ արժեքների բազայով է գնում․ «ԵՎ առհասարակ, միջազգային և ազգային արժեքների բախման մեջ արդյո՞ք մենք ունենք բավարար դիմադրողականություն, բավարար ներուժ՝ ճշտելու, հստակեցնելու մեր ո՛ւր գնալու ճանապարհը, արդյո՞ք կա հանրային և շատ ավելի կարևոր՝ քաղաքական գիտակցումը, թե մեր ինքնության կարևորագույն բաղադրիչները՝ մշակույթը, կրթությունը և հոգևոր արժեքները առկա՞ են երկրի ապագայի տեսլականում»։
Նա հավելեց, որ հասարակությունն իր մտահոգությունների ու հոգսերի առջև մենակ չէ:
https://youtu.be/PiltM8rNOa8
«Այստեղ հավաքված են գիտության, արվեստի, մշակույթի գագաթին գտնվող մարդիկ: Ես ընդամենը ֆիզմաթ գիտությունների թեկնածու եմ, և իմ գիտական ներդրումն անհամեմատելի է այստեղ գտնված մարդկանց ներդրման հետ: Ձեզանից որևէ մեկին հայոց լեզո՞ւն խանգարել է մշակույթում, արվեստում և գիտության մեջ բարձունքին հասնելու ճանապարհին: Սեփական օրինակով գոնե նայենք, և հետո այդ նայածի պրիզմայի միջով նայենք այսօրվա վարվող քաղաքականությանը», – խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը:
Անդրադառնալով «գիտական էսթետիզմին»՝ Խաչատրյանը փաստեց. «Գիտություն՝ հանուն գիտության, եթե լավ գիտնական ես՝ ինչո՞ւ է պետք, որ լեզու իմանաս: Լեզուն, վստահ, ձևավորում է մտածելակերպը, մտածելակերպը բերում է գործողություններին, և այդ գործողությունները նաև կերտում են տնտեսական մոդելը, որը կա տարբեր երկրներում: Ես հիշում եմ՝ երբ դեռ ուսանող էի, այն ժամանակ շվեդական սոցիալիզմի մասին շատ պոպուլյար էր խոսելը, և առիթ ունեցա լսել Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և Շվեդիայի վարչապետ Ինգվար Կառլսոնի խոսքը, որտեղ նա ասեց՝ ի՞նչ եք ուզում, շվեդական սոցիալիզմը շվեդների համար է, դուք ձեր սեփական մոդելը մշակեք»:
Ա. Խաչատրյանն իր խոսքը շարունակեց հարցադրումներով. «Կա՞ լավ գիտնական, ով լեզու չգիտի: Իհարկե՝ կա: Բայ այդ գիտնականը կամավո՞ր է հրաժարվել լեզու սովորելուց, թե՞ որոշակի դժբախտ հանգամանքերի հետևանքով լեզու չի իմանում: Ես հիշում եմ՝ 1990-ական թթ. սկզբներին Իգոր Մուրադյանն ինչ-որ բան ասեց, և ՀՀՇ-ականները վրա տվեցին, նա, պատասխանելով՝ ասեց. «это мое несчастье»»:
Ըստ բանախոսի՝ բոլոր գիտնականները, նաև՝ հայ գիտնականները, որոնք լեզու չգիտեն, կամավոր ընտրությամբ չէ, որ լեզու չգիտեն, այլ դժբախտ հանգամանքերի հետևանքով է, որ չգիտեն:
«Այդ դեպքում՝ ինչու՞ ենք մենք զրկում այսօրվա լավ գիտնականներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով երեխա ժամանակ՝ տանը, ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում լեզու չեն սովորել, լեզու սովորել բուհում: Ինչու՞ ենք անարդար վարվում այդ երիտասարդ, պոտենցիալ գիտնականների նկատմամբ», – նշեց նա:
ՀՅԴ ԳՄ անդամն օրինակներ է բերում. «Եթե հարցնենք վատ պարողին՝ հազար պատճառ կբերի, ցածր առաջադիմությամբ ունեցող ուսանողին, չկայացած գիտնականին որ հարցնես՝ կասի՝ ես ուզում էի սովորել, բայց չթողեցին, տրական հոլովը սեռականից չէի տարբերում ինձ դուրս գցեցին համալսարանից»:
Ա. Խաչատրյանն ընդունում է, որ Օքսֆորդի համալսարանն ավարտած տնտեսագետը, ֆիզիկոսն ու մաթեմատիկոսն ավելի բարձր են իրենց գիտելիքներով, քան ԵՊՀ-ն ավարտած մասնագետները:
«Բայց արդյո՞ք լեզուն է պատճառը: Եվ եթե մենք ուզում ենք մեր կրթական մակարդակը հասցնել եվրոպական և ամերիկյան մակարդակի, արդյո՞ք ճիշտ տեղից ենք սկսում: Թե՞ ինչ-որ մի թաքնված օրակարգ կա, որի մասին մեզ չեն տեղեկացնում», – այսպիսի հարցադրումներով իր խոսքն ավարտեց Արթուր Խաչատրյանը:
https://youtu.be/fKqfBXvI1IM