Մամեդյարովը վստահելի աղբյուր չէ, ինչ էլ որ ասի
16 Դեկտեմբեր 2019 «Լավրովի պլանը» դա այն չէ, ինչ ոմանք մեր մոտ ընկալեցին: «Մադրիդյան սկզբունքների» այլ տարբերակ է հավանաբար միջնորդների կողմից առաջ քաշվում, բայց չեմ կարծում, թե ՀՀ-ն եւ Ադրբեջանը դրա շուրջ են քննարկում»,-«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմը «Լավրովի պլանի», ասել է թե՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի տարբերակն է բանակցում, ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա բնորոշմամբ. «Հայաստանը փորձում է նոր մոտեցում ձեւավորել: Այն ավելի մոտ է ԵԱՀԿ տեսակետներին, քան Ադրբեջանի հրապարակած փաստաթղթին: Մամեդյարովն ինձ համար վստահելի աղբյուր չէ, ինչ էլ որ ասի: Կարող են մտահոգել նրա ասածները, բայց դրանք որպես անառարկելի փաստ քննարկելը սխալ է»:
Կիրո Մանոյանը կրկնեց՝ չի բացառվում, որ ԵԱՀԿ միջնորդները որեւէ փաստաթուղթ են առաջարկում կողմերին, օրինակ՝ փոխզիջումային տարբերակ, բայց հայկական կողմը հայտարարում է՝ որեւէ փաստաթուղթ չի բանակցվում:
«ՀՅԴ-ն 129 տարվա պատմություն ունի: 129 տարում նրանցից ավելի փորձառուները՝ կուսակցության արմատներում կանգնածները, դուրս են եկել կուսակցությունից ինչ-ինչ պատճառներով եւ իրենց կարծիքն են ունեցել: Չի եղել, որ դուրս գալով՝ ազդեն ՀՅԴ-ի ներսում կատարվածի վրա»,- անդրադառնալով ՀՅԴ-ից հեռացված երիտասարդների՝ կուսակցության ներսում իրավիճակի մասին գնահատականներին՝ ասաց Կիրո Մանոյանը:
Նրա բնորոշմամբ՝ ՀՅԴ-ից դուրս եկածների ասածները մեկնաբանելու տրամաբանություն չկա. «Ամեն դուրս եկողի հետ չենք խոսելու: Որ ուղղորդվում են, դա պարզ է: Ուղղորդում են նրանք, ովքեր ասում են, որ ՀՅԴ-ն այսօր որպես քաղաքական ուժ զրո ազդեցություն ունի»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ից հեռացվածների պնդմանը, թե Հրանտ Մարգարյանը ՀՅԴ ԳՄ նախկին անդամ է, բայց փաստացի ինքն է ղեկավարում կուսակցությունը, որ նա իր կլանն է ստեղծել, որը «սերժաքոչարյանաճահո» գործով է զբաղված, Կիրո Մանոյանը նման բնորոշումները որակեց որպես վիրավորանք՝ ուղղված բոլոր ՀՅԴ-ականներին, այդ թվում՝ իրեն. «Աստված իրենց հետ»: