Խորհրդակցական հանդիպում-քննարկում՝ Արցախում կայանալիք ընտրությունների շուրջ
22 Հունվար 2020 ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հրավերով հունվարի 22-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցական հանդիպում-քննարկում՝ նվիրված Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:Խորհրդակցությանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, ՀՅԴ պետական պաշտոնյաներ եւ ՀՅ Դաշնակցության շրջանային կառույցների պատասխանատուներ:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն «Ապառաժ»-ին տեղեկացրել է, որ ընտրական գործընթացներին մասնակցելու համար Կենտրոնական կոմիտեն անցած երկու շաբաթվա ընթացքում այցելել է բոլոր շրջաններ՝ տեղում խորհրդակցություններ ունենալով շրջանների պատասխանատու ընկերների հետ: Իսկ այսօրվա խորհրդակցությունն այցելություններն ամփոփելու եւ աշխատանքային ուղղությունները հստակեցնելու նպատակ էր հետապնդում:
Հավելենք, որ ՀՅԴ նախընտրական ծրագրի հիմնադրույթներն արդեն իսկ մշակվել եւ ներկայացվել են խորհրդակցության մասնակիցներին:
aparaj.am