ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցել է Թուրքիայի HDP կուսակցության 4-րդ համագումարին
24 Փետրվար 2020 Փետրվարի 23-ին, Անկարայում տեղի ունեցավ Թուրքիայի Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) հերթական 4-րդ համագումարը, որին մասնակցեցին հազարավոր պատգամավորներ, իսկ հազարավորներն էլ զրկված են մասնակցությունից՝ Թուրքիայի իշխանությունների կողմից հարուցված արհեստական արգելքների պատճառով։Համագումարի նախագահության անդամ էր HDP կուսակցության կողմից Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլյանը։

Համագումարին հրավիրված էին եւ ներկա էին տարբեր երկրների եւ շրջանների կուսակցությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա, Թունիս, Պաղեստին, Հորդանան, Մարոկկո, Կիպրոս, Շվեդիա, Լիբանան, Եգիպտոս, Իտալիա, Իսպանիա, Բասկերի երկիր, Կատալոնիա, Դանիա, Նորվեգիա, Անգլիա, Շոտլանդիա, Պորտուգալիա, Ֆինլանդիա, Շվեցարիա, Հայաստան) ներկայացուցիչներ:
ՀՅԴ կողմից համագումարին մասնակցեց Խաժակ Մկրտիչյանը, որը մասնակցել էր նաեւ HDP-ի 3-րդ համագումարին։
Համագումարի աշխատանքների վերջում ընտրվեցին կուսակցության համանախագահները եւ խորհուրդը։ HDP-ի կանոնների համաձայն կուսակցության ղեկավար մարմիններում կանանց եւ տղամարդկանց թիվը հավասար է. համանախագահներ վերընտրվեցին Փերվին Պուլտանը (Pervin Buldan) եւ Միթհատ Սանջարը (Mithat Sancar)։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվար, 2020 թ