Յուրաքանչյուր դաշնակցական պատրաստ է իր բոլոր ուժերով, իսկ եթե հարկ լինի՝ նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին
26 Փետրվար 2020 Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ելույթը ՀՅԴ 130-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը.
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Հարգարժան ներկաներ,
Հայ Յեղափոխական Դաշնակցության 130-ամյակի տոնակատարությունների մեկնարկը տրվում է Արցախից: Այն տեղի է ունենում Շուշիում` նորօրյա ազատագրական պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ բերդաքաղաքում, որի ազատագրման ազդարարման պատիվը տրվեց մեր նահատակ գաղափարակից ընկերոջը՝ Աշոտ-Բեկորին: Բոլորիս աչքի առաջ է այն պահը, երբ Դաշնակցության դրոշը ծածանվեց քաղաքի պարիսպների վրա: Շուշիի ազատագրումը ավետեց Աշոտ Ղուլյանը՝ նստած բերդաքաղաքի պարիսպներին: Մեր ականջներում դեռ հնչում է նրա ձայնը՝ Գեւորգի Պետրոսյանին. ասեք, որ Էնում պատեն նստած, հինչ ա՞նիմ:
Դաշնակցությունը ծնվել է ազգային-ազատագրական պայքարին լծված ընկերվար հեղափոխականների միասնական կազմակերպության ստեղծման նպատակով: Այդ առումով Դաշնակցության համար ազգային-ազատագրական պայքարը միշտ էլ եղել է գործունեության առանցք: ՀՅԴ-ն իր էությամբ կարողացել է շուրջը համախմբել բոլոր այն ազնիվ և նվիրյալ անձանց, որոնք պատրաստակամ են եղել անմնացորդ նվիրումով հայրենիքի զոհասեղանին դնել ամենաթանկագինը: Ինչպես ասվում է Դաշնակցականի երդման մեջ՝ «յուրաքանչյուր դաշնակցական պատրաստ է իր բոլոր ուժերով, իսկ եթե հարկ լինի՝ նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին»:
Տասնամյակներ շարունակ Դաշնակցությունը «վտարված» էր հայրենիքից. այն հայրենիքից, որի հողը սնուցվել էր նաև նրա գաղափարակիր մարտիկների արյունով և որտեղ ավելի քան յոթանասուն տարի խորհրդային հակադաշնակցական, հակաազգային քարոզչությունը չկարողացավ ամլացնել դաշնակցական արյան հզորությունն ու բեղմնավորման կարողությունը:
Հենց այդ գաղափարական արմատներն էին, որ 1980-ականների վերջերին նոր ծիլեր տվեցին և պարարտ հող ստեղծեցին ՀՅ Դաշնակցության՝ Հայրենիք վերադարձի համար: Նա վերադարձավ՝ մեկ անգամ ևս փաստելու, որ պատրաստ է նվիրվելու հայրենիքի ազատագրությանը, պետականության կերտմանը, ճանապարհ հարթելու դեպի Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան:
Անկախությանն ու ազատագրական պայքարին զուգահեռ՝ Դաշնակցությունն իր ողջ ներուժով մասնակցություն ապահովեց նաև հայրենի պետականաշինության գործում՝ երբեմն մաս կազմելով իշխանության, երբեմն էլ հանդես գալով որպես ընդդիմություն:
Դաշնակցությունը թե՛ իշխանություն և թե՛ ընդդիմություն եղած ժամանակ միշտ էլ հանդիսացել է կայունություն ապահովող վստահելի ուժ: Դաշնակցության համոզմամբ՝ երկրի ներսում ցնցումներն ու անկայուն իրավիճակները սերտորեն կապված են երկրի անվտանգության հետ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արցախը գտնվում է կիսապատերազմական կամ պատերազմական իրավիճակում: Այդ առումով մեզ համար անընդունելի են բոլոր տեսակի ներքին ցնցումները, որոնք գալիս են՝ հասարակությանը պառակտելու, սևերի ու սպիտակների բաժանելու, թշնամական մթնոլորտ սերմանելու:
Ազգային գաղափարախոսությունն ու ընկերվարությունը հնարավորություն են տալիս Դաշնակցությանը՝ որպես հանձնառու կուսակցություն միշտ ներկա գտնվելու ժողովրդի կողքին: Հաճախ շատերը փորձում են մեզ դիտարկել որպես սովորական քաղաքական ուժ՝ չգիտակցելով, որ Դաշնակցությունը վեր է այդ ամենից. այն գաղափարախոսություն է, որն իր ուրույն տեղն է ապահովել յուրաքանչյուր հայի հոգում: Անկախ նրանից, թե այդ հայ անհատը կուսակցական է, թե անկուսակցական, մշակ է, թե իշխանավոր, աղքատ է, թե հարուստ, իր հոգու խորքում ունի Դաշնակցության գաղափարախոսությունից մի մասնիկ:
Այսպիսով, Դաշնակցությունն իր մեջ ամբողջացնում է թե՛ ազատամարտիկի, թե՛ մշակութային գործչի, թե՛ բանվորի, թե՛ ուսուցչի և թե՛ աշխատավորի կերպարը: Նա առաջամարտիկ է պատերազմի դաշտում, տնտեսական ճակատում, մշակույթի ասպարեզում, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Այս ամենը նկատի ունենալով, միգուցե նաև պարտավորված՝ Դաշնակցությունը դառնում է առաջնորդող: Փույթ չէ, թե այս կամ այն ընտրություններում քանի տոկոս է ձեռք բերում, կարևորը մեր հանձնառությունն ու առաջնորդողի դերն է:
Օրեցօր զարգացող աշխարհում դեմ հանդիման ենք կանգնում նոր մարտահրավերների: Այդ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն ու միայն ուժերի համախմբմամբ և միասնականությամբ:
Մենք հաղթել ենք միասի՛ն, չենք զիջի միասի՛ն և կզարգանանք միասի՛ն: Սա է մեր տեսլականն ու ապագան: Միասնությունն ու մեր ուժերի համախմբումը հաջողությունների գրավականն է. ուրիշ ձևաչափ ու այլ ելք չունենք: Եթե չենք յուրացրել այդ պարզ կարգախոսը, ուրեմն անհաջողություններն ու կորուստներն անխուսափելի են:
Խոսքը գործի վերածելու, անձնական շահախնդրությամբ չառաջնորդվելու և քաղաքական կամք ցուցաբերելու ժամանակն է:
Մենք գիտակցում ենք, որ պատասխանատու ժամանակաշրջան ենք թևակոխել: Ոչ միայն հայության, ոչ միայն Հայաստան աշխարհի, այլև տարածաշրջանային շահերով հետաքրքրվող ուժային կենտրոններն իրենց ուշադրությունը սևեռել են Արցախում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին: Յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրություններն ու շահերը, հետևաբար՝ նաև ներազդելու ձգտումները, իսկ ներազդելու համար փորձում են գտնել նոր լծակներ: Այս պարագայում խնդիրն այն է, թե որքանով է մեր դիմադրողականությունն ամուր, որքանով է մեր կեցվածքը համահունչ օտարածին ներթափանցումներին դիմակայելու համար:
2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողություններն ապացուցեցին, որ մեր ժողովուրդն ունակ է օրհասական պահերին միասնական բռունցք դառնալու: Այստեղ հաղթեց ժողովրդի ներքին բնազդը, այն մի մասնիկ Դաշնակցությունը, որը կա յուրաքանչյուր հայի հոգում:
Ես կարող եմ այս հարթակից խոսել մեր հաջողությունների ու կորուստների մասին՝ ոլորտ առ ոլորտ, հանգրվան առ հանգրվան, շրջան առ շրջան, բայց այսօր դրա ժամանակը չէ:
Լինենք ազնիվ ու անաչառ, խոստովանենք, որ երբ մեզ լքել է միասնականության ոգին ու համախմբման ուժը, կրել ենք պարտություններ: Երբ պառակտվել ենք, չի ուշացել թշնամու հարվածը: Մեր հանրությունը մոտ է այդ եզրագծին: 30 տարիների ընթացքում մենք այսչափ մոտ չենք եղել պառակտման կարմիր գծերին: Համոզված եմ, որ այս հանգրվանում ևս ազգային սթափ գիտակցությունը չի լքելու մեզ, և դա կախված է յուրաքանչյուրիցս՝ անհատ առ անհատ, ընտանիք առ ընտանիք, կուսակցություն առ կուսակցություն:
Մեր խոնարհումը բոլոր նահատակներին, ովքեր կերտեցին այս օրը:
Սերունդների առջև պատասխանատվության գիտակցությունը չի կարող դավաճանել մեզ: Ունեցածը պահելու, զարգացնելու և ընդլայնելու ճակատագիրը մեր սերունդներին է վերապահված:
Ուզում եմ ՀՅԴ 130-ամյակի կապակցությամբ շնորհավորել բոլորիդ եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ վստահ լինելով, որ Դաշնակցությունը, ինչպես անցած 130 տարիներին, ապագայում եւս հավատարիմ կլինի իր առաքելությանը, իսկ հայրենի իշխանությունները և աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցներն իրենց իրական ու արժանի գնահատականը կտան համահայկական ու ազգային մեր կառույցին, որի անունը Հայ Հեղափոխական Դաշնակցություն է:
Կեցցե՛ Արցախը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը՝ Միացյալ, Ազատ և Անկախ Հայաստանով: