Տնտեսական զարգացման ներառականությունը պետք է դառնա առաջնային քաղաքական նպատակ
06 Մարտ 2020 Եթե մենք չենք ուզում տնտեսական ճգնաժամի առաջ կանգնել, մեզ համար տնտեսական զարգացման ներառականությունը իրոք պետք է դառնա առաջնային քաղաքական նպատակ: Այս մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:Վերջինս նախ նշեց, որ ցանկացած երկրի ցանկացած քաղաքական կուսակցության տնտեսական և ոչ միայն տնտեսական քաղաքականությունը հիմնվում է տվյալ քաղաքական ուժի արժեքային համակարգի վրա:

«ՀՅԴ ընկալմամբ սոցիալական պետության հիմնական առաքելությունը իր քաղաքացիներին աղքատությունից զուրկ կյանքի ապահովումն է, ընդ որում աղքատություն ասելով՝ հասկացվում է բազմաչափ աղքատությունը, երբ զրկված է ոչ միայն ֆիզիկական գոյությունն ապահովող եկամտից, այլև՝ պատշաճ կրթություն, առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից, ոտնահարվում է նրա արժանապտվությունը, մշտապես առկա է բռնության սպառնալիք: Սոցիալական պետությունը պետք է իր քաղաքաիցներին պաշտպանի շուկայական ռիսկերից, թույլ չտա շուկայական մրցակցության և առավել ևս տնտեսական ճգնաժամի պայմաններում քաղաքացին մնա միայնակ դժվարություններին դեմ հանդիման»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ Դաշնակցությունը, որպես ընկերվարական և ժողովրդավարական կուսակցություն, հավատում է շուկայական տնտեսությանը, բայց այն համոզմունքին է, որ պետությունը իր կարգավորման և վերաբաշխման մակրոտնտեսական կառավարման համալիր գործառույթներով պետք է ունենա խթանիչ հակակշիռ տնտեսության մեջ և կանխարգելի կամ նվազագույնի հասցնի շուկայական ձախողման հետևանքները:
«Սոցիալական արդարության ներառական տնտեսական աճը դաշնակցության համար հիմնական տնտեսական օրակարգ է: Այստեղ հարց կարող է առաջանալ՝ ինչը ճիշտ է Դաշնակցության համար, միգուցե կարող է սխալ լինի մյուսների համար: Մենք ասում ենք՝ սոցիալական արդարություն և ներառականություն: Ցանկանում եմ հիշեցնել՝ օրինակ Պետերսոնի միջազգային տնտեսական ինստիտուտում արժույթի միջազգային ֆոնդի գործադիր տնօրենի հայտարարությունը՝ «անհավասարությունը հաջորդ տնտեսական ճգնաժամի պատճառ կարող է հանդիսանալ»: Երկրի ներսում քաղաքացիների աճող անհավասարությունն էական ռիսկ է իրենից ներկայացնում: Սա է պատճառը, որ ամբողջ աշխարհում գնալով ավելի է կարևորություն ստանում տնտեսական ներառականությունը, որքանով է տնտեսական աճի կամ տնտեսական արդյունքն արդարորեն բաշխվում հասարակության անդամների միջև»,- շեշտեց նա:
Իսկ թե որտեղ է գտնվում Հայաստանը ներառական զարգացման ինդեքսով, Խաչատրյանն ասաց, որ 2018 թվականի տվյալներով, ցավոք սրտի, պատկերն այդքան էլ դրական չէ՝ Գվատոեմալայի և Հոնդուրասի արանքում՝ 45-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
«Սա անցումային տնտեսությունների շարքում, եթե դրան ավելացնենք նաև զարգացած տնտեսությունները, ապա մեր տեղն ավելի ցածր կլինի: Համեմատության համար ասեմ, որ Ադրբեջանը զբաղեցնում է երրորդ տեղը, Ռուսաստանը՝ 19-րդ, Ղազախստանը՝ 17-րդ: Եթե մենք չենք ուզում տնտեսական ճգնաժամի առաջ կանգնել, մեզ համար տնտեսական զարգացման ներառականությունն իրոք պետք է դառնա առաջնային քաղաքական նպատակ: Ցավոք սրտի, այն քաղաքականությունը, որ մենք այսօր տեսնում ենք, այդքան էլ չի նպաստում ներառականության ապահովմանը՝ մասնավորապես համահարթ հարկումով»,- ընգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/9o1WykCorCQ