Հանուն ներքին հաշիվների՝ չտկարացնենք մեր երկիրն ու ազգը
18 Ապրիլ 2020 Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով` մշտապես թշնամական մթնոլորտում ապրող հայ ժողովուրդը` լինի Հայաստանում, թե սփյուռքում, միասնականության կարիք ունի և ոչ թե բաժանումների:Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառնալով այս օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված ՀՀ իշխանությունների մեղադրանքներին:
«Թող հստակ լինի, որ ես Վեհափառի փաստաբանը չեմ, ոչ էլ պաշտպանը, բայց բոլորս պաշտպանն ենք հայկական եկեղեցի հաստատությանը, որովհետև հայ ժողովրդի (ոչ միայն սփյուռքի) պատմության մեջ եկեղեցին ունեցել է կենտրոնական դեր: Այդ դերը նա խաղացել է երեկ, խաղում է այսօր և հավանաբար վաղն էլ կխաղա»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով` մենք փոքր ազգ ենք, փոքր երկիր ունենք, իրավունք չունենք տարանջատումներ անելու, ստիպված ենք միասնական հարթակ և հավասար հնարավորությունների հարթակ, Հայաստան ստեղծել:
«Իհարկե, սփյուռքի օժանդակությամբ: Պետք է կառուցենք երկիր` սոցիալական արդարության սկզբունքի շուրջ: Եվ միասնական` նաև սփյուռքի օժանդակությամբ պետք է զարգանա երկիրը»,- ասաց նա:
Մուրադ Փազազյանը նկատեց, որ մի բան պետք է բոլորի համար հստակ լինի` եթե ներքին միասնականություն չկա, դժվար թե սփյուռքը կարողանա ամբողջությամբ իր դերը խաղալ:
«Իսկ եթե հակառակը, ներքին միասնականություն հաստատվի, ապա շատ կդյուրացվի սփյուռք-Հայաստան նոր հարաբերությունների ստեղծումը: Մենք միշտ մեր առջև իբրև թիրախ պետք է ունենանք այդ միասնականությունը, որովհետև եթե մեր ուժերը բաժանենք, մեզ կտկարացնենք»,- ասաց նա:
Մուրադ Փափազյանի խոսքով` այդ ամենը հաշվի առնելով` ներքին հաշիվները անիմաստ են դառնում: «Անիմաստ է, որովհետև մենք ունենք մեր ծրագիրը, որին մեծամասնությունը կարող է համաձայնել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե մեղադրողներն ու վիրավողներն ասում են, որ իրենց խոսքերը եկեղեցուն չեն ուղղված, այլ կաթողիկոսին, սփյուռաքահայ գործիչն արձագանքեց. «Ես չեմ ցանկանում մտնել այդ մանրամասնությունների մեջ, որովհետև ես այդտեղ չեմ ապրում, բայց պետք է իմանալ, որ կարևորն այն է, որ իրավիճակը լինի կայուն: Դա շատ կարևոր է»,- ասաց նա` նշելով, որ հիմա այդ կայունությունը վտանգված է,- «ներքին մթնոլորտը, որը միասնության չի գնում, այլ հակառակը՝ մեզ կարող է միայն տկարացնել: Պետք է ուշադիր լինել, որ հանուն ներքին հաշիվների՝ չտկարացնենք մեր ամբողջ երկիրը և ազգը»:
Այս հարցում, ըստ նրա, մեծ պատասխանատվություն ունեն ՀՀ իշխանությունները․ «Նրանք են ղեկավարում երկիրը և նրանք պետք է միասնականության ազդանշան տան: Եթե իշխանությունները չեն ցանկանում գնալ ներքին միասնականության, ուրեմն միասնականություն չի լինի: Իշխանությունները մեծ պատասխանատվություն ունեն, նրանք են ստացել ժողովրդի մանդատը, և նրանք են պատասխանատու մեզ համար. կարող են տանել մեզ դեպի կայուն ապագա, կամ կարող են տանել դեպի քաոս»:
Հռիփսիմե Հովհաննիսյան