Ապօրինի գույքի բռնագանձման օրենքում կան նաեւ քաղաքական դրդապատճառներ
25 Ապրիլ 2020 Չի կարելի քաղաքական կամ ընթացիկ որևէ այլ նպատակադրմամբ վտանգել երկարաժամկետ ներդրումային իրավիճակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքն ի՞նչ ազդեցություն կունենա ներդրումների տեսակետից, քանի որ ստացվում է, որ որևէ գույք կամ տարածք ձեռք բերելու և բիզնես-ներդրում անելու համար գործարարը նախ պետք է ստուգի, թե արդյո՞ք այն գույքը, որն ինքը պատրաստվում է գնել, ձեռք է բերվել օրինական ճանապարհով:
Տնտեսագետի պնդմամբ՝ օրենքը պետք է լինի ոչ թե սուբյեկտիվ ու նեղ քաղաքական շահերից բխող, այլ խիստ առարկայական, օբյեկտիվ, հավասարակշռված, և հնարավորություն տա մինչև վերջ պարզելու գույքի ծագումնաբանությունը, և «ոտքի վրա», անջանք, հապճեպ որոշումներ կայացնելու հավանականություն չլինի, հակառակ դեպքում հնարավոր է՝ օրենքի կիրառմամբ ապագայում շատ ավելի խորացող խնդիրներ առաջանան: Մինչդեռ, ըստ Ավետիսյանի, ակնհայտ է, որ օրենքի կարգավորումների մեջ իրավականից բացի, կան նաև քաղաքական դրդապատճառներ, ինչը մտահոգիչ է:
«Այն, որ ապօրինի ձեռք բերված գույքի շուրջ պետք է իրականացվի հետաքննություն, անժխտելի է: Օրենքի նպատակն ինքնին վիճարկելի չէ, ընդունելի է, և ցանկացած պետություն պետք է ունենա նման արդյունավետ գործիքակազմ, որը կկատարի նաև կանխարգելիչ բնույթ: Բայց այս օրենքի գործիքակազմը ակնհայտ է դարձնում, որ կան խնդիրներ: Փորձ է արվում ավելի պարզ ճանապարհով և ավելի քիչ ջանքերով այդ երևույթներին գնահատական տալ և հանգուցալուծում ապահովել: Եթե մենք մինչև վերջ խորամուխ չենք լինում և առանց բավարար հիմքերի գույքի բռնագանձման հնարավորություն ենք ստեղծում, առաջանում է ռիսկային գործոն, որը հետևանքներ կունենա ոչ միայն ապագա ներդրումների ներգրավման վրա, այլև գործող բիզնեսների տեսանկյունից»,-ասաց Ավետիսյանը:
Վերջինիս խոսքով՝ շատ կարևոր է, որ պաշտպանվելու և սեփական շահերը ներկայացնելու հնարավորություն ստեղծվի նաև հնարավոր ներդրողների համար, հակառակ պարագայում՝ վախն ու անորոշությունը, ապագա հնարավոր քաշքշուկները, լրացուցիչ դատական գործընթացների մեջ հայտնվելու վտանգը էապես կկաշկանդի նրանց:
Ըստ տնտեսագետի՝ երկու տարին բավական ժամանակ էր հանրային քննարկումների միջոցով և միջազգային փորձի հիմնարար համադրությամբ վերլուծության արդյունքում այնպիսի լուծումներ բերելու համար, որոնք կունենային նաև հանրային լայն ընկալում և ի սկզբանե խնդրահարույց չէին լինի իրենց արդյունավետության կամ իրական նպատակի տեսանկյունից, մինչդեռ, Ավետիսյանի կարծիքով, միջազգային փորձը բավարար չափով ուսումնասիրված չէ:
«Լրացուցիչ ծախսեր, հիմնավորումներ իրականացնելու անհրաժեշտություն կա: Միևնույն է՝ ինչքան էլ ներդրողը փորձի լրացուցիչ տեղեկություն ստանալ գույքի սեփականատիրոջից, դա բավարար չէ, կամայական ներդրողը չի կարող մինչև վերջ համոզված լինել՝ արդյո՞ք ներկայացված փաստաթղթերը բավարար են, որ ինքն իրեն ապահովագրած լինի այդ ռիսկից»,-նկատեց Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ ՀՀ-ն բարձր ներդրումային գրավչություն չունի, ինչն ունի թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ, թե՛ ներքին ու արտաքին պատճառներ: «Այդ ամենին ավելացավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, ինչը բավականին անորոշություններով է լի, ու դժվար է ասել՝ որքան ժամանակ է անհրաժեշտ լինելու՝ սրա հետևանքները հաղթահարելու համար: Ցանկացած պետություն, որն ունի այսչափ խնդիրներ, պետք է իրապես ապավինի թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրումներին, որովհետև դրանք ոչ միայն կայուն զարգացման հիմքն ապահովող հիմանական գործոններն են, այլև օրվա խնդիրները լուծելու ամենաիրական և հիմնական ճանապարհներից մեկը»,-ասաց նա:
Հարցին, թե «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով ի՞նչ է սպասվում բանկերում գրավադրված գույքերին, Ավետիսյանը պատասխանեց, թե ռիսկային գոտում կլինեն նաև բանկերը: «Գույքի գրավադրման դիմաց բանկը փոխառու վարկային միջոցներ է տրամադրում, և գույքի բռնագանձումից հետո գրավի առարկան վերանում է: Երբ վերանում է հիմնական պայմաններից մեկը, էապես կարող է փոխվել վարկերի ռիսկայնությունը, իսկ այդպիսի վարկերի տրամադրումը կդառնա անհուսալի»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողը:
Հեղինակ Մարիամ Սարգսյան