Համախմբումը պետք է լինի օրակարգի շուրջ
08 Հունիս 2020 «Դաշնակցությունը բազմիցս իր գնահատականները հնչեցրել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին, հանդես է եկել համապատասխան առաջարկներով, պահանջով։ Եվ ընդամենը մեկ շաբաթ առաջ մենք հատուկ հայտարարություն արեցինք՝ ներքաղաքական իրավիճակի հետ կապված։ Ծառուկյանի հետ այդ թեմայով քննարկում չենք ունեցել»,- ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն ու համախմբման կոչին, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։Դիտարկմանը՝ մտածում են համախմբման մասին, Սաղաթելյանը նշեց. «Համախմբումը պետք է լինի օրակարգի շուրջ, ստեղծված իրավիճակից դուրս գալու շուրջ։ Մենք այդ մասին բազմիցս հայտարարել ենք, պետք է լինեն կոնկրետ օրակարգեր, իսկ այդ օրակարգերը պետք է բխեն ժողովրդի ու պետության շահերից։ Այս պահին այդպիսի որևէ քննարկում չկա։ Մենք մեր առաջարկներն արդեն մեկ տարի է հնչեցնում ենք»։

Հարցին՝ ինչ օրակարգ է առաջարկում Դաշնակցությունը համավարակի հետևանքները հաղթահարելու և այս իրավիճակից դուրս գալու համար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Այդ օրակարգը նոր չենք առաջարկել, մենք մեր առաջարկություններն արել ենք 3 ամիս առաջ՝ կազմված 48 կետերից բաղկացած ծրագրից։ Այս ժամանակահատվածում մեր բոլոր հնարավորություններով, միջոցներով փորձել ենք օգտակար լինել մեր քաղաքացիներին։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական օրակարգին,մի քանի օր առաջ մենք հայտարարել ենք, որ ԱԺ-ն պետք է շտապ հատուկ նիստ գումարի և ամբողջական գնահատական տա ստեղծված իրավիճակին,պատասխանատվության կանչի ձախողած պաշտոնյաներին ու համատեղ ելքեր փնտրի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»։
Հարցին՝ ինչպես են գնահատում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ հակաճգնաժամային ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու կոչերը և արդյոք պատրաստ են համագործակցել, Սաղաթելյանը նկատեց, որ երբ քննարկում լինի, որ կհայտարարվի այդ մասին.«Քաղաքական ուժերն անխտիր ինչ-որ առաջարկություններ արել են։ Առանձին վերցրած ամեն մեկին մեկնաբանելը ճիշտ չեմ համարում»։
Դիտարկմանը՝ Արթուր Վանեցյանի հետ հանդիպում ունեցել են արդյոք, Սաղաթելյանը շեշտեց, որ քաղաքական ուժերի հետ մշտապես շփումներ ունեցել են,այդ թվում նաև պարոն Վանեցյանի։
Դուսյա Ղազարյան