Ունենք լուրջ խնդիրներ և գտնվում ենք ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ
10 Հունիս 2020 Երբ կառավարությունը մարտի 16-ին որոշում կայացրեց արտակարգ դրություն մտցնել, նպատակն այն էր, որ կանգնեցնեն կամ բացառեն վարակի տարածումը, բայց, ըստ էության, այս կառավարությունն ի վիճակի չեղավ դա իրականացնել և հիմա վարակը արագ տեմպերով տարածվում է Հայաստանում, ավելին՝ նոր տարածաշրջաններ և բնակավայրեր են ընդգրկում վարակակիրների ցանկում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի նախօրեին արած հայտարարությանը, թե մեծ է հավանականությունը, որ արտակարգ դրությունը կերկարացվի։
«Երկարաձգման որոշումն, ըստ իս, տեխնիկական որոշում է և որևէ նոր բովանդակային վերահսկողական լծակներ և մեխանիզմներ չի պարունակում, շարունակվելու է նախորդ 1 ամսվա իներցիոն քաղաքականությունը, այսինքն տնտեսական ակտիվությունը որոշակի սահմանափակումներով խթանել, բայց, միաժամանակ փորձել վերահսկել վարակի տարածումը, որը ձախողվեց։ Մենք չենք կարող տնտեսական ակտիվությունը խրախուսել, միաժամանակ, որոշ մարդկանց կարանտինում պահել փորձելով՝ մարդկանց ստիպել պահպանել որոշակի կանոններ, բայց դա ուղղակի անհնար է, դա ոչ միայն մեր փորձն է ցույց տալիս, այլ նաև միջազգային փորձը, հնարավոր չէ «և, և» -ի քաղաքականություն իրականացնել»։
Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ նա ընդգծեց, որ մենք ունենք լուրջ խնդիրներ և գտնվում ենք ֆինանսատնտեսական լուրջ ճգնաժամի մեջ, որն ավելի ու ավելի է խորանալու։
«Ցավոք, այս կառավարությունն ու դրա տնտեսական բլոկը որևէ հետևություն չի իրականացրել և շարունակում է նույն տրամաբանությամբ քայլերի իրականացումը, որի արդյունքում տնտեսական, սոցիալական խնդիրներ ենք ունենալու։ Հաջորդ ալիքը, որ ունենալու ենք՝ դա լինելու է վարկային ճգնաժամը։ Հունիս-հուլիս ամիսներին, երբ մարդիկ չկարողանան վճարել իրենց վարկերը, ստեղծվելու է վարկային մեծ ճգնաժամ, որի արդյունքում բիզնեսներ են սնանկանալու, մարդիկ բնակարաններն են կորցնելու, և բնական է այս ամենին կառավարությունը պատրաստ չէ։ Իրոք այս տարի կառավարության համար լուրջ ճգնաժամանային տարի է լինելու և կառավարության իրավիճակը նախանձելի չէ և կառավարությունը օր առաջ պետք է հասկանա, որ միայնակ՝ իր ուժերով ու թիմով չի կարողանալու դուրս գալ այս իրավիճակից և պետք է օր առաջ ապահովի ազգային համախմբում»։
Տնտեսագետն հիշեցրեց, որ այս տարվա առաջին չորս ամիսներին ունենք շուրջ 1.7 տոկոսի տնտեսական անկում, ինչն աննախադեպ է վերջին 20 տարիների ընթացքում։
«Նման վատ ցուցանիշ մենք չենք ունեցել անգամ 2008 թ-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում։ Սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը հիվանդ է և կառավարության հայտարարած այն հույսերը, որ սա հնարավորություն է մեր տնտեսության համար և Հայաստանի տնտեսվարողները կկարողանան օգուտներ քաղել այս ճգնաժամից՝ հօդս է ցնդել։ Մենք նման տնտեսություն չունենք, նման տնտեսական ծրագրեր չունենք, ամենակարևորը՝ նման թիմ չունենք»։
Անդրադառնալով հաջորդիվ առաջանալիք խնդիրներին՝ նա ընդգծեց, որ կորոնավիրուսի ազդեցության հետևանքով ունենք և ունենալու ենք մեծ ֆինանսատնտեսական կորուստներ։
«Անկախ նրանից, որ կառավարությունը կերկարացնի արտակարգ դրություն, թե ոչ՝ մեր տնտեսական ճգնաժամային իրավիճակն ավելի է խորանալու, այս իրավիճակում պետք է հաշվի առնենք, որ գրեթե բոլոր ոլորտները, բացառությամբ ռեստորանային, հարսանեկան սրահների գործունեությունից՝ մյուս ոլորտների գործունեությունը թույլատրված է։ Խնդիրը ոչ թե արտակարգ դրության երկարաձգումն է, այլ այն, որ պահանջարկ չկա, այսինքն չկան վճարունակ մարդիկ, ովքեր ձեռք կբերեն ապրանքներ ծառայություններ, մարդիկ խնայողությունները պահում են սև օրվա համար, իսկ սև օրերը մոտենում են»։