Սա հակապետական, հակաիրավական քայլ է
24 Հունիս 2020 Սահմանադրության ոչ մի հոդվածով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իրավունք չունի փոքրացնել կամ ընդլայնել սահմանադրական որևէ մարմնի՝ Սահմանադրությամբ տրված լիազորությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:«ՀՀ Սահմանադրության 123 հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով, Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Փորձենք գնահատել, թե Արմեն Սարգսյանը, ստորագրելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին սահմանադրական օրենքը, ինչքանով է կատարել այս կետերից յուրաքանչյուրի պահանջը»,- ասաց նա:
Կյուրեղյանը հարց բարձրացրեց՝ արդյոք նա հետևե՞լ է Սահմանադրության պահպանմանը. «Իհարկե, ո՛չ: Այդ ստորագրությամբ նա ոչ թե Արմեն Սարգսյան անձին, այլ այսօրվա և հետագա ՀՀ նախագահին է զրկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրելու հնարավորությունից: Այդ ստորագրությամբ նա սահմանադրական մարմնին՝ նախագահի ինստիտուտին զրկել է իր սահմանադրական լիազորությունից: Մեր երկրի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ոչ մեկին, ոչ մի անձի նման լիազորություն չի տվել»,- ասաց նա:
Բացի այդ Կյուրեղյանը հարց բարձրացրեց՝ արդյո՞ք նա իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է բացառապես համապետական և համազգային շահերով. «Իհարկե, ո՛չ: Համապետական և համազգային շահերի գնահատման ի՞նչ չափանիշներ է նա օգտագործել, որ ստորագրելով այդ նախագիծը, կանաչ ճանապարհ է բացել ցանկացած ճանապարհով մեր երկրում բռնապետություն հաստատելու ծրագիր իրականացնող մոլագարի առաջ: Ոչ ոք նրան իրավունք չի տվել համապետական և համազգային շահերը գնահատել սեփական շահերի տեսանկյունից»,- ընդգծեց նա:
Կյուրեղյանը նաև ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը չի գործել նաև Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում.: «Արդյո՞ք նա իր այդ ստորագրությունը դնելիս գործել է Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում: Իհարկե, ո՛չ: Սահմանադրության և ոչ մի հոդվածով նա իրավունք չունի փոքրացնել կամ ընդլայնել սահմանադրական որևէ մարմնի՝ Սահմանադրությամբ տրված լիազորությունները»,- շեշտեց նա և հավելեց. «Սա հակապետական, հակաիրավական քայլ է, որով ստեղծվում է նախադեպ՝ հետագայում որևէ մոլագար ղեկավարի որևէ ցանկություն կյանքի կոչելու համար շրջանցել Սահմանադրությունը: Իսկ դա ինքնին վտանգավոր երևույթ է, արգելք է պետություն, պետականություն ամրացնելու համատեքստում»: