Մենք մեր զույգ պետությունների եւ մեր բանակի կողքին եղել ենք ու կլինենք մշտապես
17 Հուլիս 2020 Yerkir.am-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը-Հերթական անգամ Ադրբեջանը ռազմական բախում սադրեց, այս դեպքում ուղղակիորեն Հայաստանի հետ: ՀՅԴ Բյուրոն հուլիսի 14-ին հանդես եկավ հայտարարությամբ, որն ուղղված էր ողջ հայությանը և հավաստում էր Դաշնակցության պատրաստակամության մասին բոլոր հնարավորություններով ծառայելու Հայրենիքի ու հայության անվտանգության և զարգացման գործին: Կարելի՞ է մի քիչ մանրամասնել:
-Նախ ՀՅԴ մեծ ընտանիքի անունից ես կրկին խոր ցավակցություն եմ հայտնում նահատակված հայորդիների հարազատներին, ինչպես եւ ողջ հայ ժողովրդին: Վիշտը բոլորինս է, ինչպես որ բոլորինս է զոհվածների եւ առհասարակ բոլոր մեր քաջարի զինվորների ու սպաների անձնազոհ խիզախումը՝ հանուն հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի պաշտպանության եւ հայ ժողովրդի խաղաղ գոյակցության: Մենք մեկ անգամ ևս հպարտացանք, որ մեր թշնամու հերթական արկածախնդրական փորձը բախվեց հայ մարտիկի ամուր եւ անսասան դիմակայությանը: Ու թշնամին էլ ևս մեկ անգամ ականատես եղավ ընդհանուր վտանգի շուրջ կրկին բռունցքվելու հայության հավաքական կամքին:
Գալով ձեր հաստատումին պետք է շեշտեմ, որ Դաշնակցությունն այն համահակական կազմակերպությունն է, որը նման պատասխանատու պահերին միշտ արձագանքում է հայրենի կարիքների կանչին, մասնավորապես հավաստելով, որ պատրաստ է իր բոլոր հնարավորություններն ի սպաս դնելու հայրենիքի պաշտպանության եւ համակողմանի աջակցության գործին:
Մենք կապի մեջ ենք Հայաստանի ու Արցախի համապատասխան բարձրագույն ղեկավարության հետ՝ հունավորելու համար համահայկական նեցուկի դրսևորումները եւ համադրելու համար հայանպաստ քարոզչական աշխատանքն ու բանակին օժանդակության ծրագրերը:

Հայտնի է, որ երկար ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձել էր իր հին հռետորաբանությանը, թեժացնում էր մթնոլորտը եւ հավանական էր թվում, որ նման զարգացումները կարող են հանգեցնել նոր, վտանգավոր հետեւանքների: Պատահական չպետք է համարել քաղաքական ու քարոզչական այն ակտիվ քայլերը, որոնք ավագ եղբոր՝ Թուրքիայի հետ, ռազմական գործողություններին զուգահեռ, փորձեց նախաձեռնել հակառակորդ կողմը: Գոհունակությամբ անդրադառնում ենք նաև, որ թշնամու քարոզչական արշավը ծանր պարտություն կրեց, Հայաստանի ու հայության հակահարվածը եղավ ազդու: Ադրբեջանում պաշտոնանկ եղավ արտգործնախարարը և այս հարցով թե՛ Ադրբեջանում և թե՛ Թուրքիայում այժմ տիրում է խուճապի մթնոլորտ: Այս խուճապի անընդունելի դրսևորումներից է Հայաստանի ատոմակայանը ռմբակոծելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը, որը, ընդհանրապես, միջազգային հանրությունը մարդկության դեմ իրականացվող մեծագույն ոճիր է համարում:
-Այսինքն, ըստ ձեզ, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին լուրջ ծրագրե՞ր էր հետապնդում հրահրելով այս նոր ընդհարումը: Այս պարագայում քաղաքական-քարոզչական եւ ընդհանրապես ի՞նչ անելիք ունի հայկական կողմը:
-Ես չեմ կարող հստակորեն ասել թե ինչ մտադրություն ուներ Ադրբեջանը սանձազերծելով եւ ընդլայնելով այս սահմանային միջադեպը, սակայն որոշ ենթադրություններ կարելի է անել մեկնելով ակնհայտ փաստերից: Օրինակ արձանագրենք, որ վերջին շրջանում ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենան հետեւողականորեն փորձում էր արտաքին լսարանի համար զարգացնել այն թեզը, թե իրականում չկա արցախահայության եւ նրա մարդկային ու ազգային իրավունքների հարց, այլ հակամարտության առարկան Հայաստանի հարձակողապաշտ մոտեցումն է Ադրբեջանի նկատմամբ և նրանից տարածքի, այսպես ասած, բռնազավթումը: Պատահական չէ, որ սահմանային այս համեմատաբար խոշոր բախումը ձեռնարկվեց ոչ թե Արցախի, այլ Հայաստանի նկատմամբ: Եւ սրան նախորդող ժամանակահատվածում էլ, նույն սահմանագծում, ժամանակ առ ժամանակ կրկնվեցին նման սադրիչ ձեռնարկումները:
Եւ իհարկե հայկական կողմն ունի անելիքներ: Անհրաժեշտ է նույն ակտիվ ու համարձակ հակադարձումը, որ տեղի ունեցավ ռազմական բեմում, կազմակերպել նաեւ քաղաքական-դիվանագիտական ճակատում: Ադրբեջանի անպատասխանատու ղեկավարությունը պատերազմական հանցավոր գործողություն է իրականացրել անկախ գերիշխան երկրի դեմ, ինչն ի դեպ ոչ մի կապ չունի Արցախյան խնդրի եւ նրա հանգուցալուծմանը միտող ուղիների հետ: Մյուս կողմից, հերթական անգամ Ադրբեջանը քամահրական վերաբերմունք է դրսեւորում Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ տարիներ ի վեր գործադրվող ջանքերի եւ այս գործում ներգրավված միջնորդ կողմերի հանդեպ, երբ բազմիցս բանակցության մասնակիցները հայտարարել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին:
Ճիշտ պահն է մերկացնելու ադրբեջանական ղեկավարության այս անպատասխանատու գործելակերպը եւ պահանջելու միջազգային արձագանք:
Ճիշտ առիթն է բացահայտելու նաեւ Թուրքիայի միանշանակ ադրբեջանամետ կողմնորոշումը, Հայաստանի նկատմամբ սպառնալիք հանդիսանալու հանգամանքը և նրա հավակնոտ ծրագրերը, այս տարածաշրջանում ևս ծավալուն հակամարտություններ հրահրելու և դրանցում, որպես փայատեր, մասնակից դառնալու փափագով: Պետք է բոլորի համար պարզ դարձնել, որ նման դերակատարը չի կարող հավակնել անաչառ միջնորդի դերի:
Այս բոլոր հարցերում պետական պաշտոնական, կուսակցական ու այլ մակարդակներով հայկական կողմի անելիքները իրապես շատ են:
Իսկ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը մեր արդեն իսկ ընթացք առած գործնական քայլերի մասին էր վկայում: Դաշնակցությունն իր շրջանային մարմիններով, Հայ Դատի գրասենյակներով ու հանձնախմբերով, ինչպես եւ ուղեկից միություններով ու համակիրներով ռազմական գործողությունների լուրն առնելուն պես աշխատանքի է անցել տարբեր ասպարեզներում: Այդ աշխատանքն իր որոշակի պտուղները սկսել է, ու պիտի շարունակի տալ՝ տարբեր մակարդակներում:
-ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ խոսվում էր նաեւ հայկական զույգ պետությունների եւ հայկական բանակի կողքին լինելու մասին։
Այդպես է. անշուշտ, մեր գործունեության ասպարեզը միայն արտաքին ճակատը չէ: Մենք մեր զույգ պետությունների եւ մեր բանակի կողքին եղել ենք ու կլինենք մշտապես: Այսօրէլ պատրաստ ենք հանձնառություններ ստանձնելու, կազմակերպելու, կոչ անելու համակիր շրջանակներին ու ողջ հայությանը համախմբվելու մեր անընկճելի եւ հերոսական բանակին աջակցութիւն ապահովելու գաղափարի շուրջ: Այն ինչի մասին հիմա խոսում եմ, պարզապես հայտարարություն չէ, մենք նման գաղափարի միս ու արյուն ենք հաղորդել եւ 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո, երբ կարողացանք բավականին շոշափելի գումար հավաքել եւ տրամադրել մեր բանակի կարիքներին:
Եւ հիմա էլ տվյալ գաղափարը վերջին իրադարձությունների ազդեցությամբ չէ որ օրակարգ է բերվել. բավական ժամանակ այս աշխատանքը նախապատրաստելու ընթացքի մեջ ենք եղել, իսկ այժմ անհրաժեշտ է այն տեղափոխել իրագործման հուն:
Հայոց պետությունն ու բանակը մեր բարձրագույն արժեքներն են, որոնց նկատմամբ սիրո ու գուրգուրանքի մենաշնորհ չի կարող լինել, կա համըմդհանուր պատասխանատվություն եւ մենք մեր բաժին պատասխանատվության տերն ենք:
(արեւմտահայերեն)
«Մենք մեր զոյգ պետութիւններուն եւ մեր բանակի կողքին եղած ենք ու պիտի ըլլանք մշտապէս». ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեան
«Երկիր»ի հարցերուն կը պատասխանէ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը
– Հերթական անգամ Ատրպէյճանը ռազմական բախում սադրեց, այս դէպքում ուղղակիօրէն Հայաստանի հետ: ՀՅԴ Բիւրոն յուլիսի 14-ին հանդէս եկաւ յայտարարութեամբ, որն ուղղուած էր ողջ հայութեանը եւ հաւաստում էր Դաշնակցութեան պատրաստակամութեան մասին բոլոր հնարաւորութիւններով ծառայելու Հայրենիքի ու հայութեան անվտանգութեան եւ զարգացման գործին: Կարելի՞ է մի քիչ մանրամասնել:
– Նախ ՀՅԴ մեծ ընտանիքի անունով ես կրկին խոր ցաւակցութիւն կը յայտնեմ նահատակուած հայորդիներու հարազատներուն, ինչպէս նաեւ ողջ հայ ժողովրդին: Վիշտը բոլորինս է, ինչպէս որ բոլորինս է զոհուածներու եւ առհասարակ բոլոր մեր քաջարի զինուորներու ու սպաներու անձնազոհ խիզախումը՝ յանուն հայրենիքի իւրաքանչիւր թիզ հողի պաշտպանութեան եւ հայ ժողովրդի խաղաղ գոյակցութեան: Մենք մէկ անգամ եւս հպարտացանք, որ մեր թշնամիի հերթական արկածախնդրական փորձը բախեցաւ հայ մարտիկի ամուր եւ անսասան դիմակայութեան։ Թշնամին անգամ եւս ականատես եղաւ ընդհանուր վտանգի շուրջ կրկին բռնցքուելու հայութեան հաւաքական կամքին:
Գալով ձեր հաստատումին, պէտք է շեշտեմ, որ Դաշնակցութիւնը այն համահակական կազմակերպութիւնն է, որը նման պատասխանատու պահերուն միշտ կ՚արձագանգէ հայրենի կարիքներու կանչին, մասնաւորապէս հաւաստելով, որ պատրաստ է իր բոլոր հնարաւորութիւնները ի սպաս դնելու հայրենիքի պաշտպանութեան եւ համակողմանի աջակցութեան գործին:
Մենք կապի մէջ ենք Հայաստանի ու Արցախի համապատասխան բարձրագոյն ղեկավարութեանց հետ՝ հունաւորելու համար համահայկական նեցուկի դրսեւորումները եւ համադրելու համար հայանպաստ քարոզչական աշխատանքն ու բանակին օժանդակութեան ծրագրերը:
Յայտնի է, որ երկար ժամանակէ ի վեր Ատրպէյճանի ղեկավարութիւնը վերադարձած էր իր հին հռետորաբանութեանը, կը թէժացնէր մթնոլորտը եւ հաւանական կը թուէր, որ նման զարգացումները կրնան յանգեցնել նոր, վտանգաւոր հետեւանքներու: Պատահական պէտք չէ համարել քաղաքական ու քարոզչական այն քայլերը, որոնք աւագ եղբօր՝ Թուրքիոյ հետ, ռազմական գործողութիւններուն զուգահեռ, փորձեց նախաձեռնել հակառակորդ կողմը: Գոհունակութեամբ կ՚անդրադառնանք նաեւ, որ թշնամիի քարոզչական արշաւը ծանր պարտութիւն կրեց, Հայաստանի ու հայութեան հակահարուածը եղաւ ազդու: Ատրպէյճանի մէջ պաշտօնանկ եղաւ արտգործնախարարը եւ այս հարցով թէ՛ Ատրպէյճանի եւ թէ՛ Թուրքիոյ մէջ այժմ կը տիրէ խուճապի մթնոլորտ: Այս խուճապի անընդունելի դրսեւորումներէն է Հայաստանի աթոմակայանը ռմբակոծելու Ատրպէյճանի հնչեցրած սպառնալիքը, որը, ընդհանրապէս, միջազգային հանրութիւնը մարդկութեան դէմ իրականացուող մեծագոյն ոճիր կը նկատէ:
– Այսինքն, ըստ ձեզ, Ատրպէյճանը Թուրքիայի հետ միասին լուրջ ծրագրե՞ր էր հետապնդում հրահրելով այս նոր ընդհարումը: Այս պարագայում քաղաքական-քարոզչական եւ ընդհանրապէս ի՞նչ անելիք ունի հայկական կողմը:
– Ես չեմ կրնար յստակօրէն ըսել թէ ինչ մտադրութիւն ունէր Ատրպէյճանը սանձազերծելով եւ ընդլայնելով այս սահմանային միջադէպը, սակայն որոշ ենթադրութիւններ կարելի է ընել մեկնելով ակնյայտ փաստերէ: Օրինակ արձանագրենք, որ վերջին շրջանին ատրպէյճանական պաշտօնական քարոզչամեքենան հետեւողականօրէն կը փորձէր արտաքին լսարանի համար զարգացնել այն թեզը, թէ իրականութեան մէջ չկայ արցախահայութեան եւ անոր մարդկային ու ազգային իրաւունքներու հարց, այլ հակամարտութեան առարկան Հայաստանի յարձակողապաշտ մօտեցումն է Ատրպէյճանի նկատմամբ եւ այսպէս ըսած Ատրպէյճանի տարածքներու բռնագրաւումը: Պատահական չէ, որ սահմանային այս համեմատաբար խոշոր բախումը ձեռնարկուեցաւ ոչ թէ Արցախի, այլ Հայաստանի նկատմամբ: Եւ դէպքերու նախորդող ժամանակահատուածին, նոյն սահմանագծին վրայ, ժամանակ առ ժամանակ կրկնուեցան նման սադրիչ գործողութիւնները:
Եւ ի հարկէ, հայկական կողմը ունի ընելիքներ: Անհրաժեշտ է նոյն համարձակ հակադարձումը, որ տեղի ունեցաւ ռազմական բեմին վրայ, կազմակերպել նաեւ քաղաքական-դիւանագիտական ճակատին վրայ: Ատրպէյճանի անպատասխանատու ղեկավարութիւնը պատերազմական յանցաւոր գործողութիւն իրականացուցած է անկախ գերիշխան երկրի դէմ, որը ի դէպ ոչ մէկ կապ չունի Արցախեան խնդրի եւ անոր հանգուցալուծման միտող ուղիներու հետ: Միւս կողմէ, հերթական անգամ Ատրպէյճանը քամահրական վերաբերմունք կը դրսեւորէ Արցախեան հակամարտութեան լուծման ուղղութեամբ տարիներէ ի վեր գործադրուող ջանքերուն եւ այս գործին մէջ ներգրաւուած միջնորդ կողմերու հանդէպ, երբ բանակցութեան մասնակիցները բազմիցս յայտարարած են հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտութեան մասին:
Ճիշդ պահն է մերկացնելու Ատրպէյճանական ղեկավարութեան այս անպատասխանատու գործելակերպը եւ պահանջելու միջազգային արձագանգ:
Ճիշդ առիթն է բացայայտելու նաեւ Թուրքիոյ միանշանակ ատրպէյճանամէտ կողմնորոշումը, Հայաստանի նկատմամբ սպառնալիք հանդիսանալու հանգամանքը եւ անոր հաւակնոտ ծրագրերը, այս տարածաշրջանին մէջ եւս ծաւալուն հակամարտութիւններ հրահրելու եւ որպէս փայատէր, մասնակից դառնալու փափաքով: Պէտք է բոլորին համար պարզ դարձնել, որ նման դերակատարը չի կրնար հաւակնել անաչառ միջնորդի դերի:
Այս բոլոր հարցերումն մէջ, պետական պաշտօնական, կուսակցական ու այլ մակարդակներով հայկական կողմի ընելիքները իրապէս շատ են:
Իսկ ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը մեր արդէն իսկ ընթացք առած գործնական քայլերու մասին կը վկայէ: Դաշնակցութիւնը իր շրջանային մարմիններով, Հայ Դատի գրասենեակներով ու յանձնախումբերով, ինչպէս նաեւ ուղեկից միութիւններով ու համակիրներով ռազմական գործողութիւններու լուրը առնելուն պէս աշխատանքի անցած է տարբեր ասպարէզներու մէջ: Այդ աշխատանքը իր որոշակի պտուղները սկսած է, ու պիտի շարունակէ տալ՝ տարբեր մակարդակներու վրայ:
– ՀՅԴ Բիւրոյի յայտարարութեան մէջ խօսւում էր նաեւ հայկական զոյգ պետութիւնների եւ հայկական բանակի կողքին լինելու մասին։
– Այդպես է. անշուշտ, մեր գործունէութեան ասպարէզը միայն արտաքին ճակատը չէ: Մենք մեր զոյգ պետութիւններու եւ մեր բանակի կողքին եղած ենք ու պիտի ըլլանք մշտապէս: Այսօր ալ պատրաստ ենք յանձնառութիւններ ստանձնելու, կազմակերպելու, կոչ ընելու համակիր շրջանակներուն ու ողջ հայութեան՝ համախմբուելու մեր անընկճելի եւ հերոսական բանակին աջակցութիւն ապահովելու գաղափարին շուրջ: Այն ինչի մասին հիմա կը խօսիմ, պարզապէս յայտարարութիւն չէ, մենք նման գաղափարի միս ու արիւն հաղորդած ենք եւ 2016-ի Ապրիլեան քառօրեայէն ետք, երբ կարողացանք բաւականին շօշափելի գումար հաւաքել եւ տրամադրել մեր բանակի կարիքներին:
Եւ հիմա ալ, տուեալ գաղափարը վերջին իրադարձութիւններու ազդեցութեամբ չէ որ օրակարգի վրայ բերուած է. բաւական ժամանակ այս աշխատանքը նախապատրաստելու ընթացքի մէջ եղած ենք, իսկ այժմ անհրաժեշտ է զայն տեղափոխել իրագործման հուն:
Հայոց պետութիւնն ու բանակը մեր բարձրագոյն արժէքներն են, որոնց նկատմամբ սիրոյ ու գուրգուրանքի մենաշնորհ չի կրնար գոյութիւն ունենալ, կայ համըմդհանուր պատասխանատուութիւն եւ մենք մեր բաժին պատասխանատուութեան տէրն ենք: