ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված բարեփոխումում հիշատակված երկրների անուններն արդեն իսկ հուշում են, որ զեկույցի հեղինակների նպատակը ՌԴ-ին հարվածելն է
22 Հուլիս 2020 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որը ներառում է Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի վերաբերյալ զեկույց պահանջող կետ: Զեկույցը պետք է պարունակի նշված երկրների այն քաղաքացիների ու սպանվածների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:365news.am-ը այս կետի, դրա ընդունման դեպքում հնարավոր խնդիրների մասին զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:

– Փորձագետների մի շրջանակ նշում է, որ սա հակառուսական բանաձև է: Համամի՞տ եք այս պնդման հետ:
– Երկրները, որոնք հիշատակվում են այս բանաձևի մեջ՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, արդեն հուշում են, որ հեղինակների նպատակը հենց Ռուսաստանին խփելն է, Ադրբեջանի անունն էլ մեջը տեղավորել են:
– Ի՞նչ խնդիրներ կարող են մեզ համար առաջացնել ներառված կետերը, եթե դրանք ընդունվեն:
– Այսպես կոչված այս բարեփոխումը խնդրահարույց է, քանի որ խոսվում է միայն ներքին տեղահանվածների մասին: Չի խոսվում ընդհանրապես տեղահանվածների կամ փախստականների մասին: Պարզ է, որ շատ անարդար մոտեցում են դրսևորել:
Բարեփոխումներն են միայն, որ որդեգրվել են, հիմա մնում է, որ բուն բանաձևը կամ որոշումն ընդունվի, որը Միացյալ Նահանգների ռազմական ծախսերի մասին է: Դրան կցված մոտ 100 բարեփոխումների փաթեթ է այն իրենից ներկայացնում, որոնցից մեկն էլ սա է: Եթե որդեգրվի, կարծում եմ, որ Միացյալ Նահանգների և՛ Պետքարտուղարությունը, և՛ Պաշտպանության նախարարությունը բավական դժվար կացության առաջ կկանգնեն:
Չի կարելի այսպես ասել, որ այս մեկը թաց է, սա չոր է, երբ որ պատերազմական վիճակ էր, և տեղահանություններ եղան, հակահայ սպանդներ եղան և՛ Սումգայիթում, և՛ Կիրովաբադում, նախկին Գանձակում և՛ Բաքվում, և այլ բնակավայրերում, Արցախում: Արցախ ասելով մենք նկատի չունենք միայն ԼՂԻՄ-ը, այլ պատմական Արցախը: Եվ ուրեմն, այդ բոլորն անտեսելով, փորձել ինչ-որ զեկույց ներկայացնել դա բավական դժվար կլինի:
Իրենք կարողացել են այս զեկույցի մասին կետը ընդհանուր փաթեթի մաս դարձնել ու անցկացնել, բայց սրա գործադրությունը բավական բարդ հարց է, քանի որ ԱՄՆ պետքարտուղարությունն ու պաշտպանության նախարարությունը այս հարցը չեն կարող վակումի մեջ ներկայացնել, այլ պետք է ներկայացնեն այն, ինչ եղել է:
Բնականաբար, այս ուղղությամբ էլ աշխատանք կա տանելու, որ առնվազն այդ զեկույցներում հարցերը ճիշտ ներկայացված լինեն: Բայց մինչև այդտեղ հասնելը ուզում եմ ընդգծել, որ սա բավական վատ «բարեփոխում» է:
– Հնարավոր համարո՞ւմ եք այս կետի ընդունումը Կոնգրեսի, իսկ այնուհետև Սենատի կողմից՝ հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան լարված հարաբերությունները:
– Ներկայիս ամբողջ քաղաքականությունը փոխելու մասին չենք մտածելու, որ հակառուսական լինի կամ չլինի: Ռուսաստանի տեսանկյունից շատ ավելի հակառուսական բանաձևեր է որդեգրել Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինի այս կամ այն պալատը: Սա չէ խնդիրը՝ այս դեպքում մեզ էլ են մտցրել մեջը, սա է խնդիրը: Եվ երբ որ խոսվում է օկուպանտ երկրների մասին, այսինքն՝ օտար երկրների կողմից օկուպացված, դա արդեն Միացյալ Նահանգների գործադիր իշխանության այդ երկու նախարարությունները՝ Պետքարտուղարությունը և Պաշտպանության նախարարությունը պետք է, որ արդեն հստակ բնորոշում տան, թե Արցախում ինչ իրավիճակ էր ու ինչպես սկսվեց այդ ամբողջը և այլն: Մնում է, որ բանաձևի որդեգրվելու դեպքում այդ զեկույցների կամ զեկույցի ուղղությամբ աշխատանք տարվի:
– Այս կետը Կոնգրեսի ու Սենատի կողմից վավերացվելու դեպքում կարո՞ղ է Ադրբեջանի կողմից օգտագործվել Արցախյան հակամարտության բանակցություններում հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար:
– Այստեղ արդեն դիվանագիտական աշխատանք տանելու հարցն է բարձրանում: Օրինակ՝ այս 100 բարեփոխումների մեջ է նաև Պետքարտուղարության կողմից ներկայացվող զեկույցը՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության օգտագործման արդյունավետության մասին:
Ադրբեջանն անտեսում է այդ մասը, խոսում է միայն իրեն ձեռնտու կետից: Պարզ է, որ իրենք փորձելու են դրան տալ շատ ավելի մեծ կարևորություն, քան ինքը կարող է ունենալ, մնում է, որ մենք ճիշտ հակադարձենք: Կարևոր է նաև հետևողական լինել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության արդյունավետության մասին զեկույցին, թե ինչքանո՞վ է օգնել դա Ադրբեջանին՝ Հայաստանի և Արցախի դեմ ռազմական գործողություններ մղելիս: Այսինքն՝ ամեն ինչն էլ կարելի է օգտագործել, շեշտադրումի և մշտական աշխատանքի հարց է:
Զրուցեց Հայկա Ալոյանը