Պարզ ու հստակ ադրբեջանական վարքի դրսևորում է
24 Հուլիս 2020 Ռուսաստանում կատարվածը ո՛չ ցույց էր, ո՛չ հավաք էր, այլ ադրբեջանցիների ոհմակը տեսել էր միայնակ հայ մարդ՝ հայկական համարանիշներով և հարձակվել վրան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ,ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիների կողմից կազմակերպված հարձակմանը հայ բնակիչներ վրա, հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա:«Պարզ ու հստակ ադրբեջանական վարքի դրսևորում է և չեմ կարծում՝ մեծ ու ավելի լուրջ խնդիրների կբերի, և հուսով եմ, որ բոլոր երկրների իրավապահ մարմիններն էլ կվերահսկեն իրավիճակը»,-ասաց նա և նշեց, որ հատկապես իրավապահ մարմինները անելիք ունեն այդ դեպքում։

Ինչ վերաբերում է ընդհանրապես այլ երկրում հայերի և ադրբեջանցների հարաբերությունների լարվածությանը, ապա Կիրո Մանոյանն ասաց, որ ցույցերի ժամանակ, երբ հակադիր կողմեր կան, կարող են նման բաներ պատահել, բայց Մոսկվայի միջադեպի դեպքում ոչ մի առիթ, պատճառ չկար։
Հարցին, թե այստեղ տվյալ երկրի ղեկավարները ինչ անելիք ունեն, արդյոք անհրաժեշտություն կա՞ միջամտության, Կիրո Մանոյանն ասաց, որ ղեկավաների մակարդակով միջամտության անհրաժեշտություն չի տեսնում, բայց կարծում է, որ իրավապահ մարմինները պետք է իրենց հնարավորության սահմաններում սկսեն միջամտել:
«Եթե ոստիկանությունը չի կարողանում ապահովել անվտանգությունը հայկական պետհամարանիշով շրջող մարդկանց, դա արդեն նշանակում է, որ տվյալ երկրի ոստիկանությունն է, որ հակակշիռ չունի իր երկրում»,-ասաց նա: Ըստ նրա, եթե սա շարունակվող խնդիր լինի, պարզ է, որ անհրաժեշտ կլինի կոշտ հայտարարություններ և քայլեր արվեն, սակայն չի կարծում, որ հարցը հասել է այնտեղ, որ Հայաստանի իշխանությունները այլ երկրների իշխանությունների հետ աշխատեն այս ուղղությամբ:
Հարցին, թե չեք կարծում, որ այս միջադեպերը շարունակական կլինեն և արդյոք հակամարտությունը սփյուռք տեղափոխելու վտանգ չեք տեսնում, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Կարող է փորձ անեն ադրբեջանցիները տեղափոխեն, իրենք փորձում են տարբեր վայրերում հակացույցեր անեն, բայց չեմ կարծում, որ ավելի մեծ կոնֆլիկտի կվերածվի»,-ասաց նա: