Իշխանությունը պատվեր է իջեցնում և իրավապահները հլու-հնազանդ կատարում են
25 Սեպտեմբեր 2020Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, հետաձգվեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի և ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը՝ բողոքի արդյունավետ քննության անհրաժեշտությունից ելնելով: Դատարանը պատճառաբանեց, որ նյութերը չի ստացել, աշխատանքային օրը մոտենում է ավարտին:

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ոչ միայն չբացառեց դատարանի վրա ճնշումները, այլև ասաց, որ ուղղորդում են տեսնում. «Դատախազությունը, փաստորեն, նույն կերպ վարվեց, ինչպես ՀՔԾ-ն: Սա խոսում է այն մասին, որ քաղաքական իշխանությունն, ըստ էության, պատվեր է իջեցնում վերևից, և իրավական համակարգը հլու-հնազանդ կատարում է այդ պատվերը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե չի՞ բացառում, որ դատարանի վրա էլ ճնշումներ կգործադրվեն, Մինասյանը պատասխանեց.
«Ոչ միայն չենք բացառում, այլև հստակ տեսնում ենք այդ ուղղորդումը, բայց մենք՝ իբրև իրավական պետությունը հարգող քաղաքական ուժեր, ուզում ենք իրավական ճանապարհն ամբողջությամբ իրացված համարել: Սրանք բոլորը փաստեր են, հաստատագրվող ապացույցներ են, որ վաղն իշխանափոխությունից հետո մարդիկ պետք է պատասխանատվության առաջ կանգնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: