Իսրայելի «Young Meretz» և ՀՅԴ Երիտասարդականի համատեղ հայտարարությունը
04 Հոկտեմբեր 2020 Անցած կիրակի օրվանից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) և իր բնակիչները Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ջիհադի վարձկանների օժանդակությամբ ենթարկվել են լայնամասշտաբ հարձակման։Այս հարձակումների արդյունքում արդեն զոհվել են հարյուրավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ։
Հարձակումների սկզբնական շրջանում արդեն պարզ էր, որ Ադրբեջանը օգտագործում է Իսրայելի կողմից պատրաստված զինամթերք, ինչպես օրինակ ԱԹՍ-ներ, ռազմամթերք, հակատանկային հրթիռներ, որպեսզի իրականացնի գրոհները։ Այս զենքերի վաճառքը վկայում է այն մասին, որ Իսրայելը ուղիղ մասնակցություն ունի Արցախյան հակամարտությունում։

Համաձայն «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների» ինստիտուտի՝ Իսրայելի կառավարությունը Ադրբեջանին 2006-2019 թթ.-ի ընթացքում վաճառել է 825 մլն դոլարի զինամթերք։
Իսրայելի «Young Meretz» և ՀՅԴ Երիտասարդականը դատապարտում են Արցախի և Հայաստանի վրա ուղղված հարձակումները և դատապարտում են Ադրբեջանին զենքերի և զինամթերքի վաճառքը։
Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի զենքի և զինամթերքի վաճառքը Ադրբեջանին, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարածաշրջանի ապակայունացման գործում ցանկացած ներդրումից, ինչը երբեք չի բխի Իսրայելի շահերից։
Մենք, որպես Իսրեալի և Հայաստանի երիտասարդական կազմակերպություն հավատում ենք, որ Արցախի հակամարտությունը և առհասարակ ցանկացած հակամարտություն պետք է լուծվի երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով։