ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Թրամփին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ
05 Հոկտեմբեր 2020 ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և Կոնգրեսին՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի և Էրդողանի դեմ՝ պատերազմական հանցագործության համար: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Թրամփի վարչակազմին կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի միջոցով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, նաև նրանց ռազմական առաջնորդների նկատմամբ՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիական անձանց դեմ պատերազմական հանցագործություն իրականացնելու համար:

«Նախագահ Թրամփը, Կոնգրեսի երկկուսակցական աջակցությամբ, պետք է անհապաղ ուղղորդի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին ՝ պատժամիջոցներ կիրառելու Ալիևի և Էրդողանի դեմ, երկուսն էլ ակնհայտորեն մեղավոր են կանխամտածված անակնկալ հարձակումը ղեկավարելու և Հայաստանում ու Արցախում խաղաղ բնակչության վրա հարձակման մեջ», – ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:
Եթե ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պահանջած պատժամիջոցները կիրառի, ապա Էրդողանի և Ալիևի ամբողջ ունեցվածքը Միացյալ Նահանգներում արգելափակվելու կամ սառեցվելու է: ԱՄՆ կանոնակարգերը սովորաբար արգելում են ԱՄՆ քաղաքացիներին արգելափակման տակ հայտնված անձանց հետ ցանկացած գործարք կատարել:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Պատրաստեց Աննա Գրիգորյանը
armenpress.am