Նիկոլ Փաշինյանը ստախոս է, նա չի կարող բանակցել
12 Նոյեմբեր 2020 Նիկոլ Փաշինյանը ստախոս է, նա չի կարող բանակցել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Արցախի հողերը հանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի դեմ երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Տոնոյան» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Տարոն Տոնոյանը, որը երկու օր առաջ է վերադարձել ռազմաճակատից։«Ես ասում եմ՝ չեմ ուզում ստախոս վարչապետ ունենալ։ Չեմ ուզում ունենալ մի վարչապետ, որը Ալիեւի ծաղրանքին է արժանացել, եւ, անկեղծ ասած, չեմ պատկերացնում՝ այդ ծաղրանքից հետո ինչպե՞ս է ինքը Ալիեւի հետ նստելու սեղանի շուրջ բանակցելու։ Որեւէ նորմալ երկրի նախարար, եթե ինչ-որ փոքրիկ հանցանքի մեջ մեղադրվում է, այդ թիմի վարչապետը հրաժարական է տալիս. հիմա մենք երկիր ենք հանձնել, մեր վարչապետը հրաժարական չի տալիս։ Մենք աբսուրդի ու զավեշտի մեջ ենք»,- ասաց Տարոն Տոնոյանը։

Բժիշկ Տոնոյանը նշեց, որ այստեղ բողոքողներից մեծ թվով մարդկանց է ճանաչում, որոնց հանդիպել է ռազմաճակատում. «Այնպես որ այդ թեզը թող չշրջանառեն։ Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը թող ցույց տա՝ իր կինն ու որդին որ դիրքում էին կանգնած, դրա համար եմ ասում՝ չեմ ուզում ունենալ սուտասան վարչապետ»։
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե այս գործընթացում քաղաքական շահարկումներ կան՝ Տոնոյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում քաղաքական շահարկում։ Երկիր կորցնելը, Արցախը կորցնելը, այդքան փախստականներ ունենալը քաղաքական շահարկո՞ւմ է. ձայն չհանե՞նք։ Ժողովուրդն է այդ Ազգային ժողովն ընտրելու, ժողովուրդը կորոշի՝ ինչ Ազգային ժողով ընտրի եւ ինչ վարչապետ ունենա»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով ի՞նչ է փոխվելու՝ Տարոն Տոնոյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կփոխվի մեկ բան, նվաստացած մարդը չի գնա բանակցությունների, կգնա մի մարդ, ով կարողունակ է։ Այս մարդը ստախոս է, նա չի կարող բանակցել»։