Պարտված երկրի ղեկավարն ի վիճակի չէ շարունակել ղեկավարել այդ երկիրը
15 Նոյեմբեր 2020
Նիկոլ Փաշինյանը հերթական սցենարն է գրել, սա ցնորք է, չի կարող նման բան լինել, սա հերթական քայլն է ընդդիմադիրներին բռնաճնշելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանության յուրացման և մահափորձի նախապատրաստման գործով կան ձերբակալված անձիք և քննարկվում է նրանց կալանավորման հարցը:
«Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ մեղքերին ավելացնում է նոր մեղքեր: Մեր պայքարը շարունակվում է, պետք է մեր ամբողջ հայ ժողովրդին ձերբակալի այլ տարբերակ չկա ․․․ Վստահեցնում եմ, որ մենք իրավական սահմանադրական ճանապարհով հասնելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և դա իշխանության համար պայքար չէ, դա անհրաժեշտ է մեր հայրենիքը փրկելու համար»,- նշեց Սաղաթելյանը:
Հարցին, եթե «Իմ քայլը» խմբակցությունը չի միանում ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաքին, այս պայմաններում քաղաքական ի՞նչ գործիքակազմ է կիրառվելու, Սաղաթելյանը նշեց, որ իրենք շարունակելու ենք հասարակական քաղաքական ճնշումները բացատրելու են, որ խորհրդարանի 88 պատգամավորներին, որ իրենք ունեն պատասխանատվություն այս իրավիճակի համար և անհապաղ պետք է հրավիրեն նիստը, վերացնեն ռազմական դրությունը և լուծեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը:
Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ այս պայքարն իշխանության համար չէ, այն ժողովրդին այս իրավիճակից հանելու համար է իրականացվում։
«Պարտված երկրի ղեկավարն ի վիճակի չէ շարունակել ղեկավարել այդ երկիրը և ստեղծված իրավիճակից պետք է գտնել լուծման ճանապարհներ: Մեր արժանապատվությունը Նիկոլ Փաշինյանը խլել է և նա, եթե ունի արժանապատվություն և ամոթ, պետք է խնդրի ներողություն, մի կողմ քաշվի, որպեսզի հասկանանք, թե ոնց ենք փոսից երկիրը դուրս բերում»,– ասաց նա։
«Սա իշխանության և կուսակցական պայքար չէ, այն ժառանգությունը, որ նա թողել է հաջորդ իշխանությանը, ծանր ժառանգություն է: 12 հազար քմ-ից մնացել է 2500 կմ, տասնյակ հազարներով փախստական, ոչնչացված տնտեսություն, բազմաթիվ մարտահրավերներ: Իշխանությունն այս պարագայում վայելք չէ, իշխանության համար պայքարելը ժողովրդի առջև պատասխանատվության հարց է»,– հավելեց նա:
Հարցին, թե 4 անգամ հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, չէ՞իք կարող բարձրաձայնել, թե ի՞նչ է ստորագրելու, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ երեք անգամ եղել է Նիկոլ փաշինյանի հետ փակ հանդիպում, երկու անգամ՝ կուսակցությունների հետ. «Մեր նպատակն էր իրեն դնել ճիշտ ընթացքի մեջ: Ներկայացրել ենք մեր պահանջները, արել ենք այն, ինչ հնարավոր է: Հանդիպման ժամանակ մեսիջներ գնացին, որ այն, ինչ հնչեցվում է՝ անընդունելի է, և չէինք կարողանում խոսել, որովհետև ասում էին՝ թիկունքը ջլատում եք»:
https://youtu.be/kr6SyuE26Pk