Մեզ էլ շատ խորհուրդ տվեցին, որ հեռանանք, բայց մենք չլսեցինք, մնացինք
23 Մարտ 2021
Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում ընթանում են մանկապարտեզի, բուժկետի, խաղահրապարակի վերակառուցման աշխատանքները, նաև ծառատունկ է անցկացվում։ Գյուղի նոր դպրոցի կառուցման աշխատանքները ևս ընթացքի մեջ են։ Աղավնո համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ ծրագրերն ու երազանքները շատ են, պարզապես համայնքում բնակվող անձանց թիվն է քիչ։ «Ուզում ենք կառուցողական լինել, որոշեցինք՝ ինչու ոչ, նոր մանկապարտեզ էլ պետք է ունենանք»,- ասաց նա։
Ներկայում Աղավնոյում բնակվում է 28 ընտանիք, համայնքի ղեկավարը փորձում է վերաբնակեցման հարցը լուծել։ Ըստ Չավուշյանի՝ մեծ թվով ընտանիքներ են այսօր ուզում գալ ու վերաբնակվել Աղավնոյում։ Չավուշյանը դիմել է Արցախի իշխանություններին դեռ ամիսներ առաջ, որպեսզի այդ գործընթացը օրենքով կազմակերպվի, ազատ բնակարանները հատկացվեն համայնքի տնօրինմանը, բայց դեռ պատասխան չկա։
«Իմ նամակին պատասխան չի եկել՝ այո կամ ոչ, որ այնուհետ ես իմանամ ինչ անեմ։ Պատերազմից առաջ շատ էին դիմումները, որ մարդիկ ուզում էին գալ Աղավնո, հիմա տներն ազատ են, տունը ապրողին, հողը՝ մշակողին։ Չենք ուզում առանց մեր պետական մարմինների ինքնագլուխ լինենք, դրա համար դիմում ենք, երբ արձագանք չենք ստանում, մեր կարողությունների շրջանակներում պետք է անենք։ Ես չեմ ուղարկել այդ մարդկանց, ինչ-որ մարդիկ ասել են՝ գնացեք գյուղից, պատերազմ է։ Մենք էլ գիտակցում էինք, որ պատերազմ է, բայց չգնացինք ու չենք գնալու։ Պետական մարմիններն են ուղարկել մարդկանց, իրենք աջակցում են նյութական ձևով, և պարզ է, որ մարդիկ չեն գա։ Իսկ եթե աջակցությունները կտրեն, երևի մարդիկ կգան»,- հավելեց նա։
Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ թեպետ Բերձոր, Աղավնո, Սուս համայնքերի կարգավիճակը պատերազմից հետո չեն հստակեցնում, բայց իրենց համար ամեն ինչ հստակ է։ «Մեզ համար հստակ է, ես չեմ ուզում ալիքի տակ ընկնել ու վայ-վույ անել։ Մենք ավելի կարևոր գործ ունենք անելու։ Մեր կողքի համայնքերի բնակիչներն առաջին օրերից էլ գնացել էին, եթե իրենք լսում կամ ենթարկվում են ինչ-որ ուժերի, ըտենց էլ պիտի լիներ, պատահական չէր սա, կազմակերպված էր։ Մեզ էլ շատ խորհուրդ տվեցին, խելք տվեցին, բայց մենք չլսեցինք, ասացինք՝ ունենք այդ խելքը, ու մնացինք»,- հավելեց նա։
Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ իր գերնպատակը հիմա համայնքը զարգացնելն է, թե ինչ կլինի հետագայում, չգիտեն։ «Թե նորից կոնֆլիկտներ կստեղծվեն, թե կփորձեն մուտք գործել, որ մեզ հանեն, չի բացառվում։ Բայց հայն ունի ասելիք, վերջնական ասելիքը չենք ասել։ Հրադադար ենք համարում, ժամանակավոր ենք համարում էս ամեն ինչը, բայց ես կարծում եմ՝ չպիտի հայի գաղթական վիճակը լինի։ Տեսնում եմ ամբողջ Ֆեյսբուքում լացկան վիճակում են։ Ես ասում եմ՝ վեր կաց քայլիր քո տանդ մեջ, հայրենիքիդ մեջ»,- հավելեց նա։