Սիրիական հակամարտության 10 տարին. արյունաքամ երկիր, կարգավորման մշուշոտ հեռանկար
21 Ապրիլ 2021
Արմեն Պետրոսյան
Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ
2010 թ. դեկտեմբերից արաբական մի շարք երկրներ ընդգրկած «արաբական գարուն» անվանումն ստացած ներքաղաքական վերափոխումների շղթան 2011 թ. մարտի 15-ից հասավ նաև Սիրիա։ Հորդանանին սահմանակից Սիրիայի հարավային Դարաա նահանգի համանուն կենտրոնում մի խումբ դեռահասների գրառումները՝ «Ազատություն, հեռացի՛ր վարչակարգ, քո հերթն է, բժի՛շկ» բովանդակությամբ, հակակառավարական ցույցերն ու դրանց սիրիական իշխանությունների կոշտ ուժային արձագանքն սկիզբ դրեցին 21-րդ դարի ամենաերկարատև և ամենաարյունալի հակամարտությանը։ Հիմնախնդիր, որն առկա է արդեն 10 տարի՝ բողոքի տարաբնույթ գործողություններից, ներքին զինված հակամարտությունից (քաղաքացիական պատերազմ) վերաճելով միջազգային ու մարդասիրական լրջագույն ճգնաժամի։ Դրա շրջանակներում մեկ անգամ չէ, որ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել ամբողջ աշխարհում, իրար դեմ են դուրս եկել համաշխարհային և տարածաշրջանային մրցակից տերություններ, որոնք այս հակամարտության շրջանակներում դիրքավորվել են հակառակ ճամբարներում։
Սիրիական հիմնախնդիրը շարունակում է մնալ մերօրյա աշխարհի ամենախրթին հումանիտար ճգնաժամը։ Տարբեր տվյալներով՝ հակամարտության հետևանքով գրանցված զոհերի թիվը 388–594 հազար է, երկրի բնակչության կեսը՝ շուրջ 12 մլն մարդ, հարկադրաբար լքել է սեփական օրրանը, որից 6,6 միլիոնը, արտագաղթելով երկրից, փախստականի կարգավիճակով ապաստանել է ոչ միայն Սիրիային հարևան, այլև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Սիրիայում մնացած բնակչության ավելի քան 90 %-ի կենսամակարդակը մոտ է աղքատության շեմին։
• Ճգնաժամի ընթացքի համառոտ բնութագիր
Սիրիական ճգնաժամի տասնամյա ընթացքը կարելի է պայմանականորեն բաժանել առավել ընդհանրացված 4 շրջափուլերի՝
1. 2011 թ. մարտ-2011 թ. նոյեմբեր-դեկտեմբեր՝ ներսիրիական հասարակական հուզումների, բողոքի տարաբնույթ գործողությունների շրջափուլ՝ արտաքին սահմանափակ միջամտությամբ (ֆինանսական, գաղափարական, տեղեկատվական, հոգեբանական՝ հիմնականում տարածաշրջանային և արևմտյան որոշ երկրների կողմից),
2. 2012 թ. հունվար-2014 թ․ հուլիս՝ հիմնականում արտատարածաշրջանային և մերձավորարևելյան մի շարք դերակատարների գործուն միջամտությամբ (ֆինանսական, մարդկային (զինյալներ), սպառազինություն, լոգիստիկ, քաղաքական, նաև միջազգային) պայմանավորված՝ ներքաղաքական ճգնաժամի` քաղաքացիական պատերազմի վերափոխման շրջափուլ՝ նաև միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական խմբավորումների ակտիվ ներգրավմամբ,
3. 2014 թ. օգոստոս-2017 թ. հունվար՝ ահաբեկչական սպառնալիքի աճի և միջազգային հակաահաբեկչական պայքարի քողի ներքո արտաքին դերակատարների ռազմական անմիջական ներգրավման ու Սիրիայի տարբեր հատվածներում ներկայության հաստատման, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերի ակտիվ բախման ժամանակահատված,
4. 2017 թ. հունվարից ցայժմ՝ հակաահաբեկչական պայքարի բուռն շրջանի ավարտի, Սիրիայի հատվածայնացման կամ ազդեցության գոտիների բաժանման, ինչպես նաև հակամարտության հարաբերական կառավարելիության շրջափուլ։
Առաջին 3 շրջափուլերի ընթացքում արձանագրվել են հիմնական հակամարտ դերակատարների միջև պարբերական դիրքային փոփոխություններ, հակամարտության՝ տարբեր աստիճանի թեժացումներ, միջազգային լարվածության աճի տարաբնույթ դրսևորումներ, միջազգային բնույթի հանցագործություններ՝ քիմիական զենքի կիրառման օրինակներ, դաժան և զանգվածային ահաբեկչական գործողություններ և այլն։ Արդեն երկրորդ-երրորդ շրջափուլերի ընթացքում ուրվագծվեցին Սիրիայի հատվածայնացման առաջին միտումները։ Դրանց համար որպես բնական սահմանագիծ էր ծառայում Եփրատ գետը, որից արևելք` ԱՄՆ-ի, նրա գլխավորած կոալիցիայի, իսկ ցամաքում նրանց դաշնակից քրդական ուժերի կողմից վերահսկվող և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ծավալվող ռազմագործողությունների գոտին էր։
Եփրատ գետից արևմուտք ընկած հատվածում առկա էր դերակատարների շատ ավելի խայտաբղետ կազմ՝ մի կողմից` Ռուսաստանի, Իրանի, սիրիական կառավարության, նրա մյուս դաշնակիցների, մասամբ նաև քրդական ուժերի, մյուս կողմից՝ Թուրքիայի, տարաբնույթ հակակառավարական, նաև ահաբեկչական խմբավորումների ակտիվ ներգրավմամբ։
Անշուշտ, ազդեցության և ռազմագործողությունների գոտիների նման բաժանումը կոնստանտ չէր, և ոչ հաճախակի պարբերականությամբ արձանագրվել են նաև արտաքին տարբեր դերակատարների կողմից հատկապես օդային գործողություններով պայմանավորված «սահմանանցման» միջադեպեր։
• Զարգացումները Եփրատ գետից արևմուտք ընկած հատվածում
Սիրիական ճգնաժամի վերջին շրջափուլի պայմանական մեկնարկը կարելի է համարել 2017 թ. հունվարը, երբ Ղազախստանի դեռևս չանվանափոխված մայրաքաղաք Աստանայում ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ուղղակի, ԱՄՆ-ի՝ դիտորդի կարգավիճակով մասնակցությամբ գործարկվեց «Աստանայի ձևաչափը»։ Դրա շրջանակներում արդեն նույն տարվա մայիսին անմիջական մասնակից կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Եփրատ գետից արևմուտք ընկած լարվածությունից զերծ 4 գոտիների ձևավորման շուրջ։ Նշված գործընթացը հանգեցրեց հատկապես Եփրատից արևմուտք ընկած հատվածում իրավիճակի աստիճանական կայունացման և այդտեղ ներգրավված արտաքին դերակատարների միջև ազդեցության գոտիների հստակ բաժանման։
Ձևավորված դեէսկալացիոն գոտիներն են.
1. Հյուսիսային գոտին, որը ներառում է հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգը, Լաթաքիա նահանգի հյուսիսարևելյան, Համա նահանգի հյուսիսային, Հալեպ նահանգի արևմտյան շրջանները։ Այս գոտու հիմնական երաշխավորներն էին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։
2. Կենտրոնական Հոմս նահանգի հյուսիսային հատվածը, որի երաշխավորները Ռուսաստանը և սիրիական ընդդիմությունն էին։
3. Դամասկոսի Արևելյան Ղուտա շրջանը, որի երաշխավորները դարձյալ վերոնշյալ 3 երկրներն էին։
4. Հարավային և Հարավարևմտյան Դարաա և Կունայտրա նահանգները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի երաշխավորությամբ։
Անցյալ 4 տարիների ընթացքում, հակաահաբեկչական պայքարին զուգահեռ, լարվածությունից զերծ վերոնշյալ գոտիների մեծ մասը (բացառությամբ Իդլիբ նահանգի) անցել է սիրիական կառավարական ուժերի ամբողջական վերահսկողության տակ՝ ռազմական-բանակցային փոխկապակցված մարտավարության հետևանքով՝ հետևյալ տրամաբանությամբ.
– Վարչակարգի ուժերը և նրանց դաշնակիցները թիրախավորված շրջանն առանց դիմադրության հանձնելու վերջնագիր էին ներկայացնում գոտիներում գործող հակակառավարական խմբավորումներին։ Մերժում ստանալու դեպքում նախաձեռնվում էր կառավարական ԶՈՒ-ի և ՌԴ օդատիեզերական ուժերի համատեղ հուժկու ռազմագործողությունը, որից հետո Թուրքիայի միջնորդությամբ կազմակերպված բանակցությունների հետևանքով ընդդիմադիրները հանձնվում կամ առավելապես լքում էին բնակավայրերը՝ ամրանալով Իդլիբ նահանգում։
– Վերոնշյալի համատեքստում մինչև 2018 թ. երկրորդ կեսը սիրիական կառավարությանը հաջողվեց հիմնականում վերադարձնել բոլոր դեէսկալացիոն գոտիները` բացառությամբ Իդլիբ նահանգի, որը վերածվել է ընդդիմադիր և ահաբեկչական տարաբնույթ խմբավորումների վերջնական հանգրվանի։
– 2018 թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում կայացած Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպման հետևանքով ստորագրված հուշագրով կանգնեցվեց կառավարական ուժերի առաջխաղացումն Իդլիբի ուղղությամբ։ Այս փաստաթուղթը լրացվեց նաև 2020 թ. մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած ռուս-թուրքական բարձր մակարդակի բավականին բարդ բանակցությունների հետևանքով ստորագրված արձանագրությամբ։ Փաստաթուղթը կոչված էր վերջ դնելու 2019 թ. վերջից շրջանում կրկին սրված ռազմական իրադրությանը, որը գագաթնակետին էր հասել 2020 թ. փետրվարի 27-ից մարտի 6-ն Իդլիբ նահանգում Թուրքիայի նախաձեռնած «Գարնանային վահան» կոդային անվանումով ցայժմ վերջին, ընդհանուր չորրորդ ռազմագործողության հետևանքով։ Վերջին պայմանավորվածությունների համաձայն Սիրիայում հաստատված հրադադարի հարաբերականորեն կայուն ռեժիմը փաստացի պահպանվում է նաև ներկայումս՝ ձգելով խաղաղ ճանապարհով Իդլիբի հիմնախնդրի կարգավորումը։
«Աստանայի ձևաչափի» գործողության աշխարհագրական արեալից դուրս են մնացել Եփրատից արևմուտք ընկած հատվածի հյուսիսային և արևելյան որոշ շրջաններ, մասնավորապես Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում` քրդական Աֆրինի շրջանը, սիրիա-թուրքական սահմանին՝ Ազազ-Ջարաբլուս գոտին, որոնք գտնվում են Թուրքիայի և նրա հովանավորյալ տարաբնույթ խմբավորումների (դրանք պայմանականորեն միավորված են «Սիրիական ազգային բանակ» կոչվող ընդդիմադիր խմբավորման կազմում) ազդեցության ներքո, ինչպես նաև նույն նահանգի հյուսիս-արևելքում` քրդաբնակ Քոբանի կանտոնը, Մանբիջ բնակավայրը։
• Զարգացումները Եփրատ գետից արևելք ընկած հատվածում
Վերոնշյալ և Եփրատ գետից արևելք ընկած քրդական շրջանների վերահսկողությունը դեռևս հակամարտության առաջին-երկրորդ շրջափուլերում սիրիական կառավարության և քրդական կառույցների միջև ձեռք բերված համաձայնությամբ անցել էր քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին»։ Դրանց հիման վրա էլ ավելի ուշ ԱՄՆ-ի աջակցությամբ ձևավորվեց «Սիրիական դեմոկրատական ուժեր» (ՍԴՈՒ-SDF) անվանումը ստացած՝ քրդերից, արաբական ցեղերից, քրիստոնյաներից կազմված կառույցը։ Ժամանակի ընթացքում այդ կառույցի կառավարման ներքո գտնվող գոտին ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև Եփրատ գետից արևելք ընկած էներգառեսուրսներով հարուստ Ալ-Ռակկա, Ալ-Հասաքա, մասամբ նաև Դեյր-Զոր նահանգները։ Ըստ էության, 2017-18 թթ. Սիրիայի վերոնշյալ շրջաններում ևս ավարտվել էր հակաահաբեկչական պայքարի ակտիվ փուլը։ Այս հատվածում հետագա զարգացումներում առանցքային եղան ԱՄՆ-Թուրքիա հակասությունները, որոնք զգալիորեն վատթարացրին նաև Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները։
ԱՄՆ նախկին նախագահ Դ. Թրամփի՝ 2019 թ. ընթացքում Սիրիայում ամերիկյան զորակազմի թվաքանակի էականորեն և աստիճանական նվազեցման վերաբերյալ որոշումից հետո` նույն թվականի հոկտեմբերի 9-ին, Թուրքիայի ԶՈՒ-ն, հովանավորյալ ընդդիմադիր «Սիրիական ազգային բանակի» ներգրավմամբ, Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ինքնավար կազմավորման դեմ սանձազերծեց թվով երրորդ՝ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը, որով փաստացի «անվտանգության գոտու» քողի ներքո սեփական ռազմական ներկայությունն ապահովեց նաև Եփրատ գետից արևելք ընկած հատվածում։ Այդ գործողությունը կարելի է դիտարկել նաև որպես շարունակություն նախ Հալեպի հյուսիսում՝ Ազազ-Ջարաբլուս հատվածում, քրդաբնակ և քրդական ուժերի կողմից վերահսկվող շրջանների դեմ 2016 թ. օգոստոսից 2017 թ. մարտ ամիսներին իրականացված «Եփրատի վահան», ապա նաև 2018 թ. հունվար-մարտ ամիսներին Աֆրինի շրջանում նախաձեռնված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունների, որոնց նպատակն էր դեռևս 2014 թ. Սիրիայի քրդերի կողմից երկրի հյուսիսում՝ Թուրքիային սահմանակից շրջաններում, հռչակված 3 ինքնավար կանտոնների (շրջան)՝ Աֆրինի, Քոբանիի և Ալ-Ջազիրայի միջև ուղիղ ցամաքային կապի խափանումը։
Հոկտեմբերի 17-ին Անկարայում ամերիկա-թուրքական, ապա հոկտեմբերի 22-ին Սոչիում ռուս-թուրքական համաձայնություններից հետո դադարեցված «Խաղաղության ակունք» ռազմագործողության հետևանքով Թալ Աբյադ-Ռաս ալ-Այն հատվածում Թուրքիան ստացավ ինքնուրույն վերահսկողությամբ 120 կմ երկայնքով և 32 կմ խորությամբ անվտանգության գոտի, իսկ դրանից արևմուտք և արևելք ընկած շրջաններում անվտանգության գոտու խորությունը կազմելու էր միայն 10 կմ՝ Մոսկվայի և Անկարայի համատեղ վերահսկողությամբ։
Վերոնշյալ զարգացումներից հետո Եփրատ գետից արևելք ընկած հատվածում ևս սիրիական կառավարական ուժերն էականորեն բարելավեցին իրենց դիրքերը քրդական կազմավորումների հաշվին։
Ներկայումս ներսիրիական դերակատարների միջև դիրքային հարաբերակցությունը հետևյալ տեսքն ունի. սիրիական կառավարական ուժերը վերահսկում են երկրի տարածքի շուրջ 63,57 %-ը, «Սիրիական ժողովրդավարական ուժերը» (քրդեր)՝ 25,57 %-ը, տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումները և Թուրքիան՝ 9,72 %-ը, ԻՊ-ը՝ 1,14 %-ը։
• Սիրիական ճգնաժամում ներգրավված արտաքին դերակատարները, նրանց շահերն ու ազդեցության գոտիները
Սիրիական ճգնաժամը ներքին զինված հակամարտության և աշխարհաքաղաքական դիմակայության կարգավիճակի հասավ հիմնախնդրի սկզբնավորման նախնական շրջանից ի վեր, երբ դրան տարբեր ձևաչափերով ներգրավվածություն ցուցաբերեցին մի շարք արտաքին դերակատարներ, որոնց միջամտության դիրքավորումն ու ձևաչափը ժամանակային առումով կրել են որոշակի փոփոխություններ։
1. Իրանը միջամտել է հակամարտության սկզբնական շրջափուլից։ Պաշտոնապես ներկայացվող ձևաչափը ռազմական հրահանգիչների միջոցով աջակցությունն է սիրիական վարչակարգին։ Մինչդեռ Թեհրանի ներգրավվածությունն ավելի լայն շրջանակ է ընդգրկել նրա նախաձեռնությամբ շիայական տարաբնույթ խմբավորումների (տարբեր տվյալներով՝ ընդհանուր մինչև 70 հազար զինյալ), այդ թվում նաև` լիբանանյան «Հիզբալլահ» կազմակերպության ռազմական ակտիվ մասնակցությամբ, ինչպես նաև Բաշար ալ-Ասադի կամ ալաուիական վարչակարգին քաղաքական, տնտեսական օժանդակության ցուցաբերմամբ։ Իրանի ազդեցության և հետաքրքրության աշխարհագրական արեալն ընդգրկում է հիմնականում Սիրիայի կենտրոնական, արևմտյան՝ Իսրայելին սահմանակից շրջանները, մայրաքաղաք Դամասկոսը, Հալեպը և այլն․ ռազմավարական նշանակության խնդիրներից է նաև Թեհրան-Բաղդադ-Դամասկոս-Բեյրութ ցամաքային գիծը վերահսկելու ձգտումը։
2. Թուրքիայի ներգրավման հիմնական դրդապատճառներն են սուննիական ուղղվածության առավել թուրքամետ կառավարության ձևավորումը, Սիրիայի քրդաբնակ շրջաններում քրդական ինքնավարության ձգտումների խոչընդոտումը, Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և նրա սիրիական ճյուղավորումների ակտիվացման բացառումը, ինչպես նաև սիրիահայ համայնքի դիրքերի թուլացումը, հայկական ներկայության, պատմամշակութային-եկեղեցական արժեքների ոչնչացումը։ Հակամարտության ընթացքում` 2016 թ.-ից, Անկարան փոխել է սկզբնական դիրքավորումը՝ համագործակցելով սիրիական կառավարության արտաքին հովանավորների՝ Մոսկվայի և Թեհրանի հետ։ Ազդեցության հիմնական գոտին Իդլիբ նահանգն է, Հալեպ նահանգի՝ Թուրքիային սահմանակից որոշ շրջաններ, Եփրատ գետից արևելք ընկած անվտանգության գոտու հատվածը, որտեղ շարունակում է բնակեցնել իր տարածքում փախստականի կարգավիճակով հաստատված սուննի արաբ, թուրքոման բնակչությանը՝ կտրելով կապը Թուրքիայի և Սիրիայի քրդական բնակչության միջև։ Հավակնում է նաև ռազմավարական նշանակության Մանբիջ բնակավայրում ազդեցության տարածման։
3. Պարսից ծոցի արաբական միապետությունների միջամտության նպատակներն էին սուննիական ուղղվածության կառավարության ձևավորումը, Սիրիայի` Իրանի ազդեցության ոլորտից դուրսբերումը, արաբական աշխարհում Դամասկոսի ազդեցության թուլացումը։ Ներկայումս այս դերակատարների ազդեցության շրջանակը խիստ սահմանափակվել է երկրի հյուսիսում՝ Իդլիբում, և հարավում՝ Դարաայում, փոքրաթիվ խմբավորումների վրա ներգործելու եղանակով։
4. Իսրայելի միջամտության ռազմավարական նպատակը Սիրիա պետության, նրա ռազմաքաղաքական ներուժի թուլացումն է, դեռևս 1967 թ. վեցօրյա պատերազմի ընթացքում այդ երկրից գրավված Գոլանի բարձունքները Դամասկոսին վերադարձնելու հնարավորության բացառումը, Սիրիայում Իրանի և նրա հովանավորյալ խմբավորումների դիրքերի չեզոքացումը։ Միջամտության հիմնական ուղղվածությունը տարբեր միջոցներով թիրախային հարձակումների տարբերակն է։ 2013 թ.-ից ի վեր Իսրայելն ավելի քան 300 տարաբնույթ հարձակումներ է իրականացրել Սիրիայում կառավարական ուժերի, Իրանի, իրանամետ խմբավորումների և լիբանանյան «Հիզբալլահ» խմբավորման դիրքերի դեմ։
5. Ռուսաստանի ներգրավման դրդապատճառներն են Բաշար ալ-Ասադի կառավարությանը համակողմանի աջակցության ցուցաբերումը, հակաահաբեկչական պայքարը, Սիրիայում սեփական դիրքերի ամրապնդումը, Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովի ափին միակ ռազմաբազայի հիմնումն ու ամրապնդումը, աշխարհաքաղաքական ազդեցության, հեղինակության ընդլայնումը։ Ազդեցության հիմնական գոտիներն են Սիրիայի առափնյա շրջանները, Հալեպ, Հոմս և Դամասկոս նահանգները, մասամբ նաև արևելյան Դեյր-Զոր նահանգը։ 2015 թ. սեպտեմբերի 30-ից Մոսկվայի գործուն միջամտությունը սիրիական հակամարտությանը տրամագծորեն փոխեց դրա հետագա ընթացքը։
6. ԱՄՆ-ի միջամտության (2014 թ. սեպտեմբերի 22-ից ԻՊ-ի դեմ ձևավորված միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի տեսքով) նպատակներն են Սիրիայում վարչակարգի փոփոխությունը, առավել ամերիկամետ կառավարության ձևավորումը, հակաահաբեկչական պայքարը, Սիրիայում Իրանի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության թուլացումը, դաշնակից Իսրայելին սպառնացող վտանգների չեզոքացումը։ ԱՄՆ-ի ազդեցության գոտիներն էին Հալեպ նահանգում քրդաբնակ Քոբանի շրջանը, Մանբիջ բնակավայրը, Եփրատ գետից արևելք ընկած Ալ-Ռակկա, Ալ-Հասաքա, մասամբ նաև Դեյր-Զոր նահանգները, սիրիա-հորդանանյան սահմանին` Ալ-Թանֆ ռազմաբազան: Ներկայումս Վաշինգտոնը որոշակի ազդեցություն ունի Սիրիայի հյուսիսարևելյան` էներգակիրներով հարուստ շրջաններում, ինչպես նաև Ալ-Թանֆում։
7. Եվրոպական դերակատարներից սահմանափակ ներգրավվածություն ունեն Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնց նպատակները հիմնականում համընկնում են ԱՄՆ-ի հետաքրքրություններին, գործողության արեալն ընդգրկում է Մանբիջ շրջանը, Դեյր-Զոր և Ալ-Ռակկա նահանգները։
8. Հայաստանը 2019 թ. փետրվարի 8-ից Սիրիայում իրականացնում է մարդասիրական առաքելություն, նպատակը սիրիացի ժողովրդին, հատկապես սիրիահայ համայնքին աջակցությունն է, գործընկեր դերակատարների հետ համագործակցության խորացումը։ Առաքելությունը գործում է Հալեպ նահանգում հումանիտար ականազերծողներից, բժիշկներից, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։
9. Միջազգային ահաբեկչական խմբավորումներից ներկա շրջափուլում առավել ակտիվ է «Ալ-Կաիդայի» սիրիական ճյուղավորումը, որը գործում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» անվամբ հիմնականում հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում, մասամբ նաև կենտրոնական Համա նահանգի հյուսիսում. նպատակը խալիֆայության ձևավորումն է։ Ընդհատակ անցած բջիջների միջոցով մասամբ Ալ-Ռակկա և հատկապես Դեյր-Զոր ու Հոմս նահանգներում շարունակում է որոշակի դերակատարություն ունենալ նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը դեռևս 2014 թ. հունիսի 30-ին խալիֆայություն էր հռչակել Իրաքի և Սիրիայի տարածքներում՝ «սրբազան պատերազմ» հայտարարելով բոլոր անհավատների դեմ:
Սիրիական հիմնախնդրի խաղաղ կարգավորման միջազգային հիմնական ձևաչափերն են ՄԱԿ-ի հովանու ներքո 2012 թ. հունիսի 30-ին ձևավորված «Ժնևի համաժողովը» և վերոնշյալ «Աստանայի ձևաչափը»։ Այս հարթակների տրամաբանության շրջանակներում էլ 2019 թ. հոկտեմբերի 30-ին առաջին նիստն է գումարել ընդհանուր առմամբ 150 հոգուց կազմված Սիրիական սահմանադրական հանձնաժողովը, որի նպատակն է նոր մայր օրենքի մշակումը և դրա հիման վրա հիմնախնդրի հանգուցալուծումը։ Մինչդեռ հանձնաժողովի` արդեն թվով 5 նստաշրջաններում դրա մասնակիցներին այդպես էլ չի հաջողվել շոշափելի հաջողություն արձանագրել։
• Սիրիահայ համայնքի և Հայաստանի դիրքավորումը սիրիական ճգնաժամի շրջանակում
Ճգնաժամի հետևանքով մարդկային և նյութական զգալի կորուստներ է կրել նաև սիրիահայ համայնքը, որի անդամների թիվը մինչհակամարտային շրջանում հաշվվում էր շուրջ 60-80 հազար։ Այն բավականին կազմակերպված և Սիրիայի տնտեսական, հասարակական, մշակութային կյանքում բավականաչափ շոշափելի դիրքերի հասած էթնո-կրոնական խմբերից մեկն էր։ Ռազմական գործողությունների հետևանքով սիրիահայերի շրջանում մարդկային կորուստների թիվը հասնում է շուրջ 250-ի։ Համայնքի նոսրացման հետևանքով նրա ներկայացուցիչների թիվը ներկայումս հաշվվում է 25-30 հազար, որոնց զգալի մասն ապրում է Հալեպ քաղաքում։ Ճգնաժամի ընթացքում սիրիահայերով բնակեցված շրջանները հիմնականում մնացել են կառավարական ուժերի վերահսկողության ներքո, իսկ համայնքի հավաքական դիրքորոշումը դրսևորվել է «դրական չեզոքության» հարթությունում՝ հնարավորինս աջակցելով հիմնախնդրի բացառապես խաղաղ և քաղաքական կարգավորմանը։
Հակամարտության ընթացքում Թուրքիայի դրդմամբ սիրիահայ համայնքը ենթարկվել է նաև թիրախավորված հարձակումների թուրքամետ տարաբնույթ զինյալ խմբերի գործողությունների միջոցով։ Այսպես` 2014 թ. մարտի 21-ին «Ջաբհաթ ալ-Նուսրա» և «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումները Թուրքիայի տարածքից հարձակվել են սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ հայկական գյուղաքաղաքի վրա՝ ամբողջությամբ հայաթափելով շրջանը, որի նկատմամբ վերահսկողությունը սիրիական կառավարական ուժերը վերականգնել են նույն թվականի հունիսի կեսերին։ Նշված միջադեպից ամիսներ անց՝ սեպտեմբերի 21-ին, արդեն ԻՊ զինյալները պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող Դեյր-Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Համայնքը հոգևոր, նյութական զգալի կորուստներ, կենցաղային, տնտեսական, անվտանգային զրկանքներ է կրել նաև Հալեպում, Դամասկոսում, Հոմսում, Ռակկայում և այլուր։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Երևանը ևս որդեգրել է հիմնականում «դրական չեզոքության» դիրքորոշում՝ պահպանելով շփման հարթակները սիրիական կառավարության և դրանում ներգրավված արտաքին դերակատարների՝ Ռուսաստանի, մասամբ նաև Իրանի, իսկ հակակառավարական խմբավորումների հետ հաղորդակցման անհրաժեշտ մեխանիզմներ ապահովելու համար՝ նաև մի շարք արևմտյան երկրների հետ։ Երևանի դիրքորոշման հիմնական դրդապատճառներն են հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները, սիրիահայ համայնքի և նրա հոգևոր, մշակութային, պատմական ժառանգության անվտանգության երաշխավորումը և այլն։ Հակամարտության անցած 10 տարիներին Հայաստանն ընդունել է ավելի քան 20 հազար սիրիացի ներգաղթյալների, որոնց մեծ մասին տրամադրվել է ՀՀ քաղաքացիություն։ Սիրիա են այցելել ՀՀ նախարարական և խորհրդարանական մի շարք պատվիրակություններ, ինչպես նաև ՌԴ-ի հետ համագործակցությամբ Հալեպ քաղաք է առաքվել մարդասիրական օգնության 4 խմբաքանակ։ Իսկ ՊՆ մարդասիրական առաքելության գործուղման հետևանքով Երևանի դիրքորոշումը սիրիական ճգնաժամում փոխադրվել է որակապես նոր՝ փաստացի հումանիտար նպատակով «ներգրավման» մակարդակ։
Ամփոփելով կարելի է նշել, որ, չնայած անցած տասնամյակի ընթացքում սիրիական ճգնաժամի շրջանակում տեղ գտած տարբեր մակարդակի ակտիվացումներին, ռազմական ակտիվությանը, երկրին և նրա բնակչությանը հասցված անդառնալի վնասներին և ներկայումս հաստատված հարաբերականորեն վերահսկելի կայունությանը, այնուամենայնիվ, այս հակամարտությունը դեռևս բավականաչափ հեռու է հանգուցալուծման շրջափուլից։ Նման իրավիճակի փաստացի հիմնավորումն այն է, որ դրանում ներգրավված ինչպես ներսիրիական, այնպես էլ արտաքին առանցքային դերակատարների որևէ խումբ չի հասել բացարձակ առավելության հակառակորդների նկատմամբ և չի կարող պարտադրել հանգուցալուծում։ Սիրիայի տարածքն էլ վերածվել է դրան միջամտած արտաքին դերակատարների համար սակարկությունների հարմարավետ հարթակի, որտեղ որոշակի պայմանական զիջումների միջոցով կարելի է արձանագրել ավելի կարևոր ձեռքբերումներ այլ՝ առավել կենսական շահերի գոտիներում։