Հայ դատի հանձնախումբը շարունակում է պայքարը հանուն Արցախի անկախության․ Անի Չաղլասյան
02 Հուլիս 2021
Դա նշանակում է, որ մարտը շարունակվում է: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի խորհրդի պատասխանատու Անի Չաղլասյանը` անդրադառնալով նահանգի կողմից օրեր առաջ Արցախի ճանաչման բանաձևին։
«Հայ դատի հանձնախումբն իր միջազգային, ազգային, տարածաշրջանային և պետական մակարդակի կառույցներով շարունակում է պայքարը հանուն Արցախի անկախության: Դա նշանակում է, որ մենք երբեք չենք խուսափելու ազատ, անկախ և միավորված Հայաստանի համար մեր նպատակներից, և Արցախը այս պայքարի բաղկացուցիչ մասն է: Դա նշանակում է, որ անկախ այն բանից, թե ինչ ուժեր փորձեն տապալել այդ նպատակները, նրանց դա չի հաջողվի»,- ասաց նա։
Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք Նյու Ջերսիի կողմից Արցախի ճանաչումը կարող է ազդել ԱՄՆ-ի կողմից Արցախի նկատմամբ տարվող քաղաքականության նկատմամբ, ամերիկահայ գործիչը նշեց, որ ԱՄՆ քաղաքականությունը բարդ է և ազդեցություն է կրում բազմաթիվ գործոններից, որոնք պարտադիր չէ, որ ներառեն Հայաստանը, բայց ազդում են Հայաստանի և Արցախի նկատմամբ տարվող քաղաքականության վրա:
«Նյու Ջերսիի բանաձևը բազմաթիվ քայլերից մեկն է, որը Հայ դատի հանձնախումբը շարունակում է ձեռնարկել Արցախի նկատմամբ ԱՄՆ-ի առավել բարենպաստ քաղաքականություն ապահովելու համար: Մենք կշարունակենք նման բանաձևեր առաջ քաշել այլ նահանգներում՝ միաժամանակ զուգահեռաբար աշխատելով դաշնային կառավարության հետ այդ նպատակին հասնելու համար»,- ասաց նա։
Անդրադառնալով քննարկումներին, թե ինչ սահմաններով է ճանաչել Նյու Ջերսի նահանգը Արցախը՝ 44-օրյա պատերազմից առաջ եղա՞ծ, թե այսօրվա տարածքով, Անի Չաղլասյանը նշեց․
«Բանաձևը ճանաչում է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը և անկախությունը: Չնայած այն չի սահմանում որոշակի սահմաններ, բայց տեքստից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերելու նրան, թե որն են հայերը համարելու իրենց հայրենիքը»,- ասաց նա։
Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան