ԱՀ Աժ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությանների հանդիպումը Ստեփանակերտում
01 Սեպտեմբեր 2021
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ Աժ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հանդիպումը:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ Աժ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունից Արթուր Մոսիյանը, Դավիթ Իշխանյանն և Վահրամ Բալայանը, իսկ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը:
ԱՀ Աժ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը ողջունեց «Պատիվ ունեմ» խմբակցությանը իրենց հայրենիքում՝ Արցախում:
««Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը ուրախ է ձեզ ընդունել ոչ միայն Արցախի անկախության հռչակման օրվան միջոցառումներին մասնակցելու շրջանակներում, այլ ամեն օր: Լիազորված եմ ԱՀ ԱԺ մյուս 2 ընդդիմադիր ուժերի անունից ասելու, որ մեր օրակարգը նույնն է թե՛ ԱՀ-ում, թե՛ ՀՀ-ում: Այդ առումով մեր ֆրակցիաները թե՛ խորհրդարանական հարթակում, թե՛ քաղաքական տարբեր հարցերի լուծման համար կարող են ձևավորել միասնական օրակարգ»,-ողջույնի իր խոսքում նշել է Ա. Մոսիյանը:
Արթուր Մոսիյանի խոսքով՝ Արցախի և Հայաստանի ընդդիմադիր դաշտերը միահամուռ ուժերով քայլ առ քայլ պետք է հասնեն նույն նպատակին, քանի որ բոլոր խնդիրները նույնն են, որը գալիս է ՀՀ ապիկար իշխանություններից և նրանց կցորդ՝ այստեղի կամակատար իշխանություններից:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ուրախություն հայտնեց Արցախում գտնվելու համար և նշեց, որ իրենք Արցախում չեն հյուրընկալվում և այստեղ տան տիրոջ կարգավճակով են այցելում, քանի որ Արցախը իրենց տունն են համարում:
«Մենք մտահոգված ենք Արցախի ներկայիս իրավիճակով, Արցախի ապագայով և ցավոք սրտի նաև Հայաստանի ներկայով ու ապագայով: Կարող եմ փաստել, որ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը խալխլված է: Ցավոք ունենք ապիկար իշխանություններ և Հայաստանում, և՛ Արցապում, որոնք մեր միասնական հայրենիքը հասցրին այս օրին»,-նշել է Ա. Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը իր խոսքում ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո ստորագրվեց մի խայտառակ փաստաթուղթ, որը իշխանությունները շահարկման առարկա են դարձնում:
Երկու խմբակցության անդամները վստահեցրեցին, որ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը շարունակական է լինելու, քանի որ բոլորի նպատակը մեկն է ՝ հայ ժողովրդի և հայկական երկու պետականությունների անվտանգությունն ու բնականոն զարգացումը:
aparaj.am