Երբեք չպետք է համակերպվենք այս պարտության հետ, այս ծնկի եկած վիճակից պետք է դուրս գանք․ Իշխան Սաղաթելյան
26 Սեպտեմբեր 2021
Մենք երբեք չպետք է համակերպվենք այս պարտության հետ, այս ծնկի եկած վիճակից պետք է դուրս գանք, այսօրվա մեր հիշատակի երթը նաև այդ խորհուրդը ունի. ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի նախաձեռնած երթ-մոմովառությունից առաջ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։
«Այո, մենք ոտքի ենք կանգնելու․ տեր ենք մեր երկրին, մեր հայրենիքին, ու մեր սուրբ նահատակների թափած արյունը հանուն հայրենիքի իզուր չի անցնելու և իրենց գործը շարունակող լինելու է։ Մենք ոտքի ենք կանգնելու, համախմբվելու ենք ու երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Անցնող մեկ տարում ՀՀ իշխանությունները բարեփոխումների ծրագիր էին ներկայացրել, բայց երկրում ստեղծված ճգնաժամը շարունակում է մնալ չհաղթահարված, արձանագրեց Իշխան Սաղաթելյանը և եզրակացրեց՝ պատճառն այն է, որ ճգնաժամի ստեղծողները և երկիրը աղետի բերած իշխանությունը շարունակում են մնալ իշխանության։
«Այսօր մեր երկիրը վտանգի տակ է, Հայաստանին սպառնացող վտանգները օրեցօր խորանում են, իսկ օրվա իշխանությունը այդ վտանգները ի վիճակի չէ չեզոքացնել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ իրենց օրակարգը շարունակում է մնալ նույնը՝ պետք է կանխել Հայաստանի թուրքացումը, պետք է երկիրը դուրս բերել այս իրավիճակից։
«Մենք պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ գլխավոր խոչընդոտ, դա այսօրվա իշխանություններն են, որոնց հեռացումը իրոք անհրաժեշտություն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Քաղաքական այլ հարցերի նա նպատակահարմար չհամարեց պատասխանել, քանի որ այսօր հիշատակի երթ է։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/cMNx0WC8XlA