Սենյակային ընդդիմություն չենք և առաջիկայում կունենանք մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան
22 Հոկտեմբեր 2021
Մենք մեր անցյալով և գործունեությամբ ցույց ենք տվել, որ սենյակային ընդդիմություն չենք և քննարկումներով չենք բավարարվելու, բայց այս ամբողջ պրոցեսը պետք է հասունացնենք և առաջիկայում մենք կունենանք մեծ հանրահավաք․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին դիմադրության դրսևորումների մասին։
«Հանրահավաքը հենց այս օրակարգով է․ մեր պետականությունը գտնվում է վտանգի տակ, Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները գնալու են նոր զիջումների, պետք է փորձենք կանխել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Այս ամենը նրանք կանխատեսում են, որովհետև վերլուծում են տարածաշրջանի գործընթացները, տեսնում են թշնամական երկրի հայտարարությունները, տեսնում են՝ ՀՀ իշխանությունների արձագանքը դրանց, տեսնում են այն պայքարը, որ մղում են այն մարդկանց, կազմակերպությունների դեմ, ովքեր փորձում են տեր կանգնել ՀՀ շահերին, և դա բավարար է ենթադրելու համար, որ այս իշխանությունները գնալու են զիջումների։
«Այդ ո՞նց է ստացվում, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի և haqqin.az-ի կարծիքները շատ հաճախ նույնն են։ Սա նշանակում է, որ սրանք ժողովրդի թիկունքում պատրաստվում են նոր դավադրության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Բոլորը փորձում են ընդդիմության դաշտում ոտատեղ ունենալ․ ասաց Իշխան Սաղաթելյանը։ «Երբ մենք խորհրդարանում չէինք, կարողանում էինք օրակարգ թելադրել և ձևավորել, եթե կան ուժեր, ովքեր ունեն այդ ռեսուրսը և հնարավորությունը և կարող են խորհրդարանից դուրս այդ պայքարը մղել, մենք նրանց միայն ողջունելու ենք, համագործակցելու ենք, եթե իրենք անկեղծ և ազնիվ են իրենց նպատակների մեջ՝ առանց որևէ խանդի տեսարանի։ Բայց այդ՝ ընդդիմության ընդդիմություն խաղալը դա իշխանության ջրաղացին ջուր լցնելու գործընթաց է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա պարզաբանեց, որ՝ ուզում է ասել, որ եթե իրենք լավը չեն ու կան լավ ընդդիմադիր ուժեր, որոնք ավելի գաղափարական, ավելի կազմակերպված կարող են պայքարել այս իշխանությունների դեմ, խնդրեմ, դաշտը բաց է, իրենք կգնան, կմիանան նրանց։
«Բայց եթե տանը նստած ֆեյսբուքում սենց խառնում են իրար, դա իրենց գործն է, մենք ուշադրություն չենք դարձնում, մենք գնում ենք մեր ճանապարհով։ Որովհետև ես կարծում եմ, որ մենք ունենք մեկ նպատակ՝ Հայաստանի Հանրապետությունը փրկել այս իշխանություններից, որովհետև այս իշխանությունները չեն սպասարկում հայ ժողվորդի և մեր պետականության շահերը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․