ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, իսկ սոցիալական ծրագրերն անեսթեզիա են
22 Հոկտեմբեր 2021
Արցախում տպավորություն է ստեղծվել, որ քաղաքական իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից. ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգները եւ դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի տոնի օրը, ՀՀ ղեկավարությունից ոչ ոք ներկա չէր, իսկ 44-օրյա պատերազմից հետո Արցախը պետք է զգար Հայաստանի իշխանությունների աջակցությունը, բայց այդպես էլ ոչ ոք չեկավ:
«Սա հաղորդագրություն է արցախցիներին, որ իրենք այլեւս ձեռքերը լվացել են Արցախից, մեսիջ է Ադրբեջանին, որ խելոք իրենց կպահեն՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում»,- ասաց Մոսիյանը:
Նա կիսում է այն տեսակետը, որ Արցախը երբեւէ Հայաստանի կողմից այսքան որբացած իրեն չի զգացել: Ընդգծեց՝ վերջին 30 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Արցախը կարիք ունի ավելի մեծ ուշադրության, սակայն Հայաստանի կողմից դա չկա:
Անդրադառնալով իշխանությունների կողմից իրականացվելիք սոցիալական ծրագրերին՝ շեշտեց, որ դրանք պարզապես ժողովրդին քնեցնելու քայլեր են: «Հումանիտար աղետի եզրին կանգնած Արցախի համար սա մեծ բան չէ: Միայն սոցիալական հարցեր լուծելով՝ խնդիր չես լուծի: Այսօր մենք Արցախում ունենք բնակչություն պահելու խնդիր, եւ առանց երկու հիմնական մարտահրավերների՝ անվտանգության եւ կարգավիճակի հարցի լուծման, մնացածը դառնում է ածանցյալ»,-ընդգծեց Մոսիյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
https://youtu.be/bpP0DEdk5GI