Ով թալանել է և թալանում է բյուջեն՝ սրիկա է․ Թադևոս Ավետիսյան
30 Հոկտեմբեր 2021
Հոկտեմբերի 29-ին Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի հյուրն էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Պատգամավորը խոսել է 2022թ Պետական բյուջեի փաստաթղթում առկա խնդիրների մասին
– Կառավարությունն ԱԺ է բերել 2022 թ․ բյուջեի նախագիծը։ Նախ, խնդրում եմ Ձեր գնահատականը տալ՝ ինչպիսի՞ բյուջե են ներկայացրել, որով Փաշինյանը 7 տոկոս տնտեսական աճ է խոստանում, եւ ի՞նչ խնդիրներ եք արձանագրել հատկապես սոցիալական մասով։
– 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը հակասոցիալական բյուջե է։ Մինչեւ մանրամասներին անցնելը, ուզում եմ հանրությանը ներկայացնել այն մանիպուլյացիան, այն ֆռռացնելու տրամաբանությունը, որով պետբյուջեն փորձում են ներկայացնել որպես դրական տեղաշարժ։ Տեսեք, 2020 եւ 2021 թվականներին այս իշխանությունները մեր մակրոտնտեսական միջավայրն ուղղակի տապալել են։ Այսինքն՝ վերցրել են արտաքին պարտք եւ վճարել են աշխատավարձ, թոշակ եւ այլն։ Սա բերել է մակրոտնտեսական կայունության խաթարման։ Այսինքն՝ էն պարզ կանոնը, որ եթե պարտք ես վերցնում, դա պիտի երկարաժամկետ ծրագրերի վրա ծախսես, որ լինի արդյունավետ, այսինքն՝ չվերցնես ապագայից ռեսուրս եւ բերես էսօրվա վրա դնես, էդ կանոնը խախտվել է։ Երկրորդ. պետական բյուջեի դեֆիցիտն է խախտվել ավելին, քան կարելի էր էդ եկամուտների եւ ծախսերի պարագայում։ Եվ հիմա, քանի որ էլ պարտք չեն տալիս, մեծ հաշվով, եւ դժվար է պարտք վերցնել, քանի որ պարտք տվող միջազգային կազմակերպությունները նաեւ դա մարելու քո հնարավորությանն են նայում, հիմա, երբ ընտրությունները «բարով-խերով» արեցին ու կարծում են՝ վիճակը կայունացել է, փորձում են աղքատի, կենսաթոշակառուի, աշխատող աղքատի, սոցիալական ծրագրերի հաշվին իրենց արարքի հետեւանքներն ինչ-որ չափով շտկել։
– Ինչպե՞ս են շտկելու։
– Սոցիալական ծախսերը, թոշակներն ու նպաստները, նվազագույն աշխատավարձը, պետական ծառայողների ընդհանուր աշխատավարձը չեն ավելացնում եւ փորձում են էդ գումարները, որոնք պիտի եկամուտների ձեւով գան, ուղղեն արտաքին պարտքի առաջանցիկ մարմանը, որպեսզի նվազեցնեն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, եւ նաեւ նվազեցնում են պետական բյուջեի դեֆիցիտը, որպեսզի բերեն մակրոտնտեսական որոշակի կայունության։ Բայց հիմա խնդիրը գիտե՞ք որն է, որ այս ապիկարները մինչեւ հիմա չեն հասկացել, որ հայ մարդն իր ուղեղում աղքատություն չունի։ Հայ մարդը հայտնի է պատմության մեջ իր աշխատասիրությամբ։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում․ իրենք ձախողում են, հետեւանքները կապում են այս ու այն կողմ, մեղավորներ են գտնում, հիմա էլ քաղաքացին, փաստորեն, իր օրնիբուն աշխատանքով ստեղծում է որոշակի եկամուտ, բայց մինչեւ հասնում է շուկա ու խանութ, տեսնում է բարձր գնաճ։ Էսպիսի իրավիճակում մարդկանց սոցիալական խնդիրներն ավելի լարվում են, կյանքի որակն ընկնում է։
– Դուք ասում եք՝ երկարաժամկետ ներդրումներ չեն անում, որոնք պետք է տեղի ունենան կապիտալ ծախսերի տեսքով, բայց Փաշինյանը մշտապես խոսում է դրանց ավելացման մասին, որ նախկինում երբեք նման ծավալի կապիտալ ծախսեր չեն կատարվել՝ հիմնականում վկայակոչելով իրենց սիրելի ասֆալտաշինությունը։
– Այո, կապիտալ ծախսերն էլ մյուս ուղղությունն է, որ 60 տոկոսով ավելացել է։ Բայց սոված փորին ի՞նչ կապիտալ ծախս։ Հիմա Ձեզ հարց եմ տալիս՝ որպես ՀՀ քաղաքացու, եւ ինձ եմ էդ հարցը տալիս․ ենթադրենք՝ մենք խնդիր ունենք մեր երեխայի օրվա հացը առնելու, մեր երեխան թերսնված է, սոված է մնում, որովհետեւ մեր եկամուտները չեն աճում այնչափ, որքան գներն են աճում։ Ամեն հաջորդ օրը մեր ընտանիքի օրվա հացի խնդիրը սրվում է։ Հիմա վերցնենք տանի՞քը կառուցենք, եկած աշխատավարձով դո՞ւռը փոխենք, թե՞ լուսամուտը։ Այսինքն՝ ո՞րն է առաջնահերթը։ Սա բերում է նաեւ արտագաղթի, բերում է մարդկանց աղքատության աստիճանի բարձրացման եւ այլն։
– Եկեք օբյեկտիվ նայենք՝ նախկին իշխանությունները ո՛չ կապիտալ ծախսերն էին ավելացնում, ո՛չ թոշակներն ու աշխատավարձերն էին բարձրացնում։ Մյուս կողմից, կապիտալ ծախսերը նաեւ մուլտիպլիկատիվ էֆեկտ են ապահովում, նույն ճանապարհաշինությունը կամ նոր ջրագծի անցկացումը, դպրոցների կառուցումը պակաս կարեւոր խնդիր չեն մեզ համար՝ ինչպես ռազմավարական, այնպես էլ զուտ տնտեսական տեսանկյունից։ Ես հիմա կառավարության դիրքերից եմ հարցնում` որքանո՞վ է տեղին քննադատությունը։
– Այո, որեւէ մեկը չի ասում, որ կապիտալ ծախսերը կարեւոր չեն։ Էստեղ խնդիրը հետեւյալն է․ կապիտալ ծախսերը, որ ավելացվում են պետական բյուջեում, վերցրեք, 2019-ի քննարկումը նայեք, 2020-ի, 2021-ի, հիմա էլ՝ 2022-ի․ ասում են՝ մենք ավելացնում ենք կապիտալ ծախսերը պետական բյուջեի։ Շատ լավ։ Գալիս է իրականացման ժամանակը՝ 60 տոկոս, 30 տոկոս թերակատարում։ Եթե էդքան կարեւոր է, եւ, ասենք, աղքատի բերանից կտրում են, նպաստառու, կենսաթոշակառուի բերանից կտրում են ու դնում են որպես կապիտալ ծախս, բա ինչո՞ւ չեն իրականացնում մինչեւ վերջ։ Հիմա էստեղ էլ մեղավոր են շինարարները, մեղավոր են մյուսները։
– Դուք ունե՞ք օրինակներ, որ կապիտալ ծախսերը 60 կամ 30 տոկոսով թերակատարվել են։
– Այո, վերցրեք նայեք, օրինակ, 2018 թ. ցուցանիշը, 2019-ի, թե ինչ են դրել պետական բյուջեում եւ որքան են կատարել։ Կատարողականի ժամանակ գալիս՝ սիրուն սղղացնում են, որ հա՝ դե, գիտեք, մրցույթ հայտարարեցինք՝ չեղավ, էս եղավ, էն եղավ․․․ Մի շարք գործոններ բերում են, եւ կապիտալ ծախսերը թերակատարվում են։ Հիմա ես ի՞նչ երաշխիք ունեմ, որ էդ 60 տոկոս աճը, որ դրել են կապիտալ ծախսերում, հաջորդ տարի ամբողջությամբ իրականացվելու է։ Եվ հիմա, որ ասում եք՝ նախորդները-բան, գիտե՞ք, համաձայն չեմ` թոշակ, նպաստ միշտ էլ բարձրացվել են։ Ասեմ ավելին․ 2018-2021 թթ․ ընթացքում եւ 2022-ին էլ նախատեսվում է, էն բարձրացումը, որ եղել է թոշակների, նպաստների դեպքում, միջինից ավելի բարձրացում մենք ունեցել ենք, օրինակ, նախորդ 10 տարիներին։ 2004 թվականին 2003-ի նկատմամբ 33 տոկոսով թոշակ է բարձրացել, 1.6 անգամ նվազագույն աշխատավարձ է բարձրացել։ Ասում է՝ կապիտալ ծախսը վա՞տ է, որ մենք անում ենք: Չէ` լավ է կապիտալ ծախսը, վատ չէ նաեւ, որ անօրինական աշխատողների թիվը կրճատվում է մեր երկրում, ստվերը կրճատվում է։ Բայց վատը նա է, որ օբյեկտիվորեն նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, եւ դրա սոցիալական ազդեցությունը շատ քիչ է։
– Դուք ասում եք՝ աշխատատեղեր չեն ավելացել, բայց Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2021թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ, Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել: Նաեւ` սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, աճել է 15.3 տոկոսով կամ 19 մլրդ 308 մլն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը, նախորդ տարվա համեմատ՝ 11.9 տոկոսով կամ 23 782 դրամով: Այս թվերը մեզ ի՞նչ են տալիս։
– Նախ ասեմ՝ էդ թիվը, որ ասում է՝ գրանցված աշխատողների թվի աճ, շատ լավ` ստվերի կրճատումն ինքնին դրական երեւույթ է։ Բայց որքա՞ն է դրա մեջ նոր ստեղծված աշխատատեղը, կամ էն մարդիկ, որոնք գտել են աշխատանք, այլ ոչ թե չունեին աշխատանքային պայմանագիր, հիմա ունեն, մեր գնահատմամբ՝ շատ քիչ է։ Այսինքն՝ էդ ամբողջի մեջ 10-15 տոկոսն ունի սոցիալական իրական ազդեցություն։
Վահե Մակարյան