Արցախը ոչ միայն մեր անվտանգային վահանն էր, այլև՝ տնտեսական լուրջ երաշխիք էր․ Սուրեն Պարսյան
05 Նոյեմբեր 2021
Նոյեմբերի 4-ին «Հայաստան» դաշինքը կազմակերպել էր քննարկում «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով։
«Տարիներ շարունակ մեր մրցակցային առավելությունը տնտեսական առումով եղել է 42 հազար քառակուսի կլիոմետր հողը, քանի որ դա հնարավորությունհ էր տվել Հայաստանին ապահովել մի շարք էժան, մրցունակ ռեսուրսներ. քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող Սուրեն Պարսյանը:
«Հայաստանում այդպես էլ չի գիտակցվել հողի տնտեսական բաղադրիչը։ Մարդիկ կարծել են, որ զիջելով հողը՝ ճանաչման, խաղաղության դիմաց, կունենաք այս կամ այն տնտեսական առավելությունը։ Հիմա փաստացի կա մի իրավիճակ, երբ չունենք այդ հողն ու չունենք տնտեսական հնարավորություններ՝ Հյուսիս-Հարավ, Արևելք-Արմուտք և այլ նախագծերի տեսքով»,- ասաց նա:
Երկրորդ կորուստը՝ ըստ Պարսյանի՝ մարդն է. «Այս պատերազմում ունեցանք 4 հազար հաստատված զոհեր, մոտ կրկնակի հաշմանդամներ: Բնականաբար, այս կորուստները ոչ միայն մարդկային, բարոյական, այլ տնտեսական,ս ոցիալական նշանակություն ունեցող կորուստներ են: Այս 4 հազար զոհը ապագայում մոտ վեց հազար չծնված երեխա է։ Այսինքն, մենք մարդկային կորուստներ ունեցանք ոչ միայն հիմա, այլև՝ ապագայում։ Մենք հիմա մի քանի անգամ ավելի շատ պետք է ուշադրություն դարձնենք ծնելիությանն ու ժողովրդագրության հարցերին»,-ասաց Պարսյանը:
Տնտեսագետը փաստեց, որ Հայաստանը զրկվել է այդ մարդկանց՝ զոհվածների, հաշմանդամություն ձեռք բերածների տնտեսական ներուժն ապագայում օգտագործելու հնարավորությունից։
«Ես այս ամենն ասում եմ, որպեսզի պատկերացնենք, թե ինչ կորուստներ ենք ունեցել, ինչպես կարելի է այն լրացնել»,-նշեց նա։
Անդրադառնալով պատերազմի հետևանքով այլ կորուստներին, Պարսյանը նշեց ջրային ռեսուրսները, որոնք բացի տեղական նշանակությունից, նաև տարածաշրջանային կարևորություն ունեին, մասնավորապես խոսքը Խուդաֆերինի ջրամբարի մասին է, որն ասօր անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Մյուս կորուստը էներգետիկ ռեսուրսներն են, Հայաստանն Արցախից տարեկան կտրվածքով ստացել է սպառած էլեկտրաէներգիայի 5 տոկոսը. ««Հիմա չենք ստանում, քանի որ 36-37 ՀԷԿ-երից 30-ը գտնվում է թշնանու վերահսկողության ներքո: Ավելին, հիմա Արցախն իր մնացած հէկ-երով նույնիսկ չի կարողանում իրեն ապահովել, Հայաստանից Արցախ է էլեկտրաէներգիա մատակարարվում։ Մինչդեռ տարիներ շարունակ ներկայացվում էր, որ Արցախը բեռ է մեզ վրա, քանի դեռ այն կա, չենք զարգանալու։ Մինչդեռ Արցախը ոչ միայն մեր անվտանգային վահանն էր, այլև տնտեսական լուրջ երաշխիք Հայաստանի ընթացիկ ու հեռանկարյին զարգացման համար»,-նշեց Պարսյանը։