Բողոքի ակցիա` ընդդեմ Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածում ադրբեջանական մաքսակետերի տեղադրման
11 Նոյեմբեր 2021
Ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր է տեղադրել: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ի նշան բողոքի` այսօր, նոյեմբերի 11-ին կառավարության մոտ ակցիա են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավորները, քաղաքական և հասարակական գործիչներ, երկրի ճակատագրով անհանգստացող, սրտացավ քաղաքացիներ։
Այսքան ոստիկան որ Սյունիքի մայրուղու վրա կանգնած լիներ՝ որևէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցե․ հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Կառավարության շենքի դիմաց՝ դիմադրության ակցիայի ժամանակ՝ արձանագրելով, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր կառուցելու պատասխանատուն ՀՀ հայրենադավ, դավաճան, կապիտուլյանտ իշխանություններինն է։
«Երեկվանից այս կապիտուլյանտ իշխանության համաձայնությամբ, դավաճանական համագործակցությամբ, փոխադարձ համաձայնությամբ ՀՀ կարևորագույն մայրուղիներից մեկի՝ Սյունիքի Գորիս-Կապան մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխանություն։ Իրենք դրանից չեն ամաչում, վատ չեն զգում,մ չունեն ամոթի զգացում, Փաշինյան Նիկոլը չի ամաչում»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան Փաշինյանն ընդունեց, որ Հայաստանի տարածքը թուրքին հանձնելու որոշումը կայացրել է ինքը՝ Նիկոլը։
«Օրը ցերեկով ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ հայկական հողը թուրքին տալու որոշումը կայացրել է նա։ Եվ ամեն մի մեր հայրենակցի պարտք է այս ամենի համար պատասխան պահանջելու»,-ասաց Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ մեզանից ամեն մեկի պարտքն է պատասխան պահանջելու այն դավաճանական գործողությունների համար, որի հետևանքով այսօր Հայաստանի հարավը կտրվել է մնացյալ ամբողջ երկրից, երբ շրջափակման մեջ են մնացել Սյունիքի մի շարք գյուղեր, իսկ իշխանությունները շարունակում են հպարտանալ, թե բերել են խաղաղություն։
«Նրանք բերել են ստրկություն, բերել են պարտություն, բերել են նվաստացում։ Աժ-ում ունենք հնարավորություն պատասխան պահանջելու, բայց քանի որ հարցը հրատապ է՝ այստեղ ենք պատասխանատվություն պահանջում, և նրանք պետք է իջնեն և պատասխան տան դավաճանական արարքների համար, որի հետևանքով այսօր մեր սյունեցի հայրենակցին՝ այստեղ կանգնած հայ ոստիկանների նման այլ ոստիկաններ թույլ չեն տվել անգամ անցնել Հայաստանի մայրուղով։ Այսպիսին են սրանք սարքել երկիրը և շարունակում են կեղծ խաղաղության խոստումով նորից բերել նվաստացում»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Օր-օրի մեր անվտանգային խնդիրները խորանում են, չի կարելի անտարբեր լինել նման տիպի հարցերին, որովհետև անտարբերությունն էր, որ մեզ հասցրել է այս օրին. հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Ստացվում է, որ մեր մեկ համայնքը մյուս համայնքին կարող է միանալ միայն թուրքի սահմանն անցնելով, ասաց նա, սա՞ է ապաշրջափակումը, սրա՞ վրա են հիմք դնում, որ պիտի զարգացնեն երկիրն ու պետությունը․ նման բան չի կարող լինել, փաստերը շատ են։
Նա արձանագրեց, որ հիմա ղափանցին Գորիս պիտի անցնի թուրքի մաքսակետը և թուրքի զինվորների միջով անցնելով։
«Այսպիսի տնտեսական զարգացում որտե՞ղ եք տեսել։ Թշնամին այնքան է լկտիացել, որ բացահայտ, ողջ աշխարհի առջև ցուցադրում է իր ուժը։ Թուրք-ադրբեջանական տանդեմն է թելադրելու ինչ տնտեսական շարժեր պետք է տեղի ունենան։ Մենք գնալու ենք լրիվ անկլավացման»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
«Պետք է ոտքի կանգնենք և ցույց տանք մեր դիմադրությունը, մեր իմունիտետը։ Այլընտրանք չկա՝ կորցնելու ենք մեր պետականությունը, դառնալու ենք պանդուխտ՝ աշխարհով մեկ ցրված։ Զարթնե՛ք, ձեզ քնեցրել և սպանում են»,-ասաց պատգամավորը։
Զիջում եք մեր հայրենիքը, մեր ճանապարհները, մեր բարձունքները, մեր գյուղերը, մոտենալու են Երևանին՝ սթափվեք, մենք արդեն բավականին կորցրել ենք․ Կառավարության շենքի մոտ հավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը։
«Այս ապիկար, դավաճան իշխանությունները ոչնչացրեցին մեր սերունդը՝ 5000, 7000, 15000 վիրավորներով և զոհերով՝ ոչնչացրեցին, և ահա տալիս են կամաց-կամաց, թուփ առ թուփ տալիս են մեր հայրենիքը, սթափվե՛ք, վաղն այս թուղթը չոքելու է ձեր դուռը, յուրաքանչյուրի դուռը»,-ասաց նա։
Հիմա պետք է կանգնել ոտքի, դիմադրել, կոչ արեց Իգոր Սարգսյանը, թույլ չտալ, որպեսզի մեր ճանապարհները, մայրուղիները տան թուրքին։
«Սրանք մեզ խեղդելու են հենց մեր տան մեջ, սթափվե՛ք, ժողովուրդ, մի՞թե կարելի է հանդուրժել, գլուխը կզացնել այս ապիկարի առաջ։ Ո՞ւմ եք պաշտպանում զինվորնե՛ր, ոստիկաննե՛ր, սթափվե՛ք, չէ՞ որ դուք էլ ձեր տան մեջ համաձայն չեք, սթափվե՛ք, գալիս եք երկու կոպեկ փողի համար այստեղ կանգնում եք, պաշտպանում դավաճան թշնամուն, ով մեր ներսից մեր տունը ծախում է»,-ասաց Իգոր Սարգսյանը։
«Առանց թուրքի Հայաստան» բղավում են հավաքված քաղաքացիները։ Կառավարության շենքի մուտքը մեծ թվով ոստիկաններ են շրջափակել եւ քաղաքացիներին թույլ չեն տալիս մոտենալ։
«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանը եւ Գեղամ Մանուկյանը հայտարարեցին, որ որպես պատգամավորներ՝ իրենք իրավունք ունեն կառավարություն մտնելու եւ գործադիրի անդամներից պարզաբանումներ պահանջելու, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին մոտենալ մուտքին, որի հետեւանքով հրմշտոց սկսվեց։
Հայտնի դարձավ, որ երեք տասնյակից ավելի քաղաքացիների բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Մի քանիսի անունները հայտնի են․ Իգոր Սարգյան՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Գոռ Սարգսյան՝ ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ, Սարգիս Կարապետյան՝ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, Հակոբ Դաշյան՝ ՀՅԴ անդամ, ազատամարտիկ, Լևոն Գեւորգյան՝ ՀՅԴ անդամ, ազատամարտիկ։
Մանրամասները տեսանյութում․
https://youtu.be/-odzBD7YQHs