Էրդողանի պաշտամունքի ձևավորումը Թուրքիայում կամ Յենի Սուլթան Էրդողան (հոդված 2)
23 Նոյեմբեր 2021
Էրդողանի կառավարման վաղ շրջանը չի փայլել նրա քաղաքական ներուժի որակով. միակ բանը, որ նա ուներ, քվեարկությամբ հաստատված լեգիտիմությունն էր, ինչը, սակայն, անհատի պաշտամունքի կառուցման համար, որպես ներուժ, գործնական մեծ հնարավորություններ չէր պարունակում: Սա պատճառ դարձավ Էրդողանի ու նրա քաղաքական թիմի համար դիմելու արդեն իսկ գոյություն ունեցող մեթոդական գործիքակազմի, որն ապացուցել էր իր արդյունավետությունը Մուստաֆա Քեմալի անհատի պաշտամունքի ձևավորմամբ արևելյան այնպիսի մի հասարակությունում, ինչպիսին թուրքականն էր:
Եթե հարցնենք Թուրքիայի Հանրապետության պատմության վաղ շրջանին վերաբերող սկզբնաղբյուրներին ծանոթ անկախ ուսումնասիրողին, թե ով է Մուստաֆա Քեմալը, վերջինս իր հերթին կհարցնի, թե որ Մուստաֆա Քեմալի մասին է խոսքը:
Մեզ հայտնի է միայն մեկ Մուստաֆա Քեմալ՝ Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը, սակայն հարցին ի պատասխան հնչող այս հարցը ևս անտեղի չէ: Անտեղի չէ, քանի որ 20-րդ դարի երկրորդ կեսին Թուրքիայի քաղաքական դաշտում արմատական դիրքորոշում ունեցող ձախ-սոցիալիստական հոսանքներին հարող ուժերը Մուստաֆա Քեմալ ասելիս պատկերացնում էին իմպերիալիզմի դեմ պայքար մղած առաջին թուրք ռազմաքաղաքական գործչին՝ որպես փաստ ներկայացնելով քեմալա-բոլշևիկյան կապերը, մասնավորապես` բոլշևիկյան վերնախավի հետ Քեմալի նամակագրական արխիվը: Բոլշևիկյան մի պատվիրակության հետ 1920 թ. նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Մուստաֆա Քեմալը հավաստիացնում էր բոլշևիկյան պատվիրակության ներկայացուցչին, որ ինքն ու իր «ընկերները համակրանք ունեն առ կոմունիզմը, սակայն հանգամանքները ստիպում են նրանց լռել այդ փաստի մասին» : Ղազի Մուստաֆա Քեմալը միևնույն ժամանակ իսլամիստների Քեմալն է: «Ղազի»-ն, որն արաբերենում ունի «հերոս՝ իսլամի մարտիկ» նշանակությունը , իսլամում օգտագործվող տիտղոս-տերմին է, որը շնորհվում է հանուն իսլամի «անհավատների» դեմ մարտնչող-հաղթանակող մարտիկին։ 1921 թ. սեպտեմբերի 19-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը այս տիտղոսը մարշալ կոչման հետ շնորհեց Մուստաֆա Քեմալին՝ Սաքարիայի ճակատամարտում հույների դեմ տարած հաղթանակի համար : Չնայած ավելի ուշ իսլամի դեմ Մուստաֆա Քեմալի վարած անհաշտ քաղաքականությանը` այն դարձել էր նրա պաշտոնական անվան բաղկացուցիչ մասը: Այսպիսով` մուսուլման թուրք քաղաքացու համար Աթաթյուրքը մեկն է, ով պաշտպանել է Անատոլիայի մուսուլմաններին անհավատների՝ «գյավուրների» ոտնձգություններից : Ծայրահեղ աջ ուղղվածության ազգայնականները Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքին դիտում են որպես թուրք ազգի ազատագրողի և գտնում, որ յուրաքանչյուր թուրքի պարտքն ու պատիվն է շարունակել իրագործել նրա գաղափարները:
Այս կամ այն գաղափարական դաշտում Մուստաֆա Քեմալի գործելը և դրա հիմնավորվածությունը փոքր կարևորություն ունեն, քանի որ Աթաթյուրքի սկզբունքային նպատակը իր ընդարձակ տեսլականի իրագործումն էր: Այն տարբեր գաղափարները, որոնք նա մեկտեղել էր, կոչված էին միայն ծառայելու որպես գործիքներ՝ իրականացնելու իր հիմնական ծրագրերը, և դրանք ինքնանպատակ չէին : Հետևաբար նրա ինտելեկտուալ ձգտումները որևէ սահման չունեին: Որպես երևակայող` նա հնարավոր բոլոր աղբյուրներից վերցրեց այն ամենը, ինչը կարող էր օգտակար լինել իր քաղաքական ծրագիրը և ուտոպիան կյանքի կոչելու համար : Աթաթյուրքն իր ժամանակի սոցիալական իրողությունների արդյունքն էր:
Միջավայրը, որտեղ նա «ձևավորվել» էր, հարկադրել էր նրան ընտրելու որոշակի հատվածներ ու մասեր՝ ամբողջացնելու իր տեսլականը և հասնելու դրա իրականացմանը: Սալոնիկում անցկացրած վաղ տարիները, աշխարհիկ և ռազմական դպրոցներում ստացած կրթությունը, ծառայությունն օսմանյան բանակում, մասնակցությունը երիտթուրքական շարժմանն ու անդամակցությունը «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը հիմնավոր դերակատարություն ունեցան նրա աշխարհայացքի և ուտոպիական հայեցակարգի ձևավորման , ինչպես նաև այդ ծրագրի իրականացման հարցում:
Վերը ներկայացրինք Մուստաֆա Քեմալի մարմնավորումներից մի քանիսը, սակայն ամբողջապես թվարկել, թե ժողովրդագրական և հասարակա-քաղաքական բազմապիսի դիմագիծ ունեցող Թուրքիայում քանիսն են դրանք, հնարավոր չէ: Էլ ավելի դժվար է նշել այն կոնկրետ ժամանակահատվածը, երբ դեռևս ռազմական վարժարանի սան Քեմալը սկսեց հետաքրքրվել քաղաքականությամբ և ներգրավվեց քաղաքական գործընթացներում:
Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի քաղաքական կենսագրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլերի.
1) անկախության համար մղվող պայքարին նախորդած շրջան, որը մեկնարկում է երիտթուրքերի շարքերն անցնելու պահից և տևում մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը (1908-1918 թթ.),
2) անկախության պայքարի շրջան, որի սկիզբը ինքը՝ Քեմալը, սահմանում է 1919 թ. մայիսի 19-ը՝ իր` Սամսուն ժամանելու պահը , և որն ավարտվում է 1923 թ. հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության հռչակմամբ ու դրանից րոպեներ անց ԹԱՄԺ-ի կողմից Մուստաֆա Քեմալի` Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ ընտրմամբ (1919-1923 թթ.),
3) Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի նախագահության շրջան, որը տևում է 15 տարի՝ 1923 թվականից մինչև Քեմալի մահը՝ 1938 թվականը:
Ինչպես Մուստաֆա Քեմալն է գրում իր հուշերում, ռազմական վարժարանում սովորելու սկզբնական շրջանում նրա և նրա ընկերների քաղաքական պատկերացումներն աղոտ էին և սահմանափակվում էին միայն հայրենասիրությամբ ու կայսրության մասին մտահոգություններով . «….ռազմական քոլեջում անցկացրածս տարիներին որոշ քաղաքական գաղափարներ քննարկվում էին: Սկզբում մենք հստակ պատկերացում չունեինք իրերի դրության մասին….» :
Շարունակելով ռազմական գործի ուսանումը՝ Մուստաֆա Քեմալը փորձում էր համատեղել քաղաքական գործունեությունը ռազմական կրթության հետ: Նա փորձում էր իրեն դրսևորել որպես քաղաքականապես իրազեկ և քաղաքական հավակնությունների տեր արհեստավարժ զինվորականի: Նա որևէ հակասություն չէր տեսնում քաղաքական գործունեությամբ զբաղվելու և զինվորական ծառայության միջև: Ըստ նրա` երկուսն էլ հետապնդում են նույն նպատակը՝ պաշտպանել պետությունը : Որպես ազատագրական շարժման ղեկավար և հետագայում նաև քաղաքական առաջնորդ՝ Մուստաֆա Քեմալն իր գործունեությունը, ըստ երևույթին, սկսեց քաղաքականության, պետության և կառավարման մասին տեսական սահմանափակ գիտելիքներով : Տարված լինելով ֆրանսիական քաղաքական փիլիսոփայության գաղափարներով՝ նա այնքան քիչ գիտելիքներ ուներ այդ ոլորտից, որ քննարկումների ժամանակ հաճախ շփոթում էր բարոն դե Մոնտեսքյոյին Ժան-Ժակ Ռուսոյի հետ ։
Ռազմական ուսումնարանում սովորելու տարիներին Մուստաֆա Քեմալը հիմնում է փոքր, գաղտնի մի կազմակերպություն, որը քարոզչություն էր ծավալում հօգուտ օսմանյան սահմանադրության վերականգնման : Մուստաֆա Քեմալն իր փոքր ընկերախմբով հրատարակում էր ձեռագիր թերթ, որում փորձում էր վերլուծել ու մեկնաբանել օսմանյան կառավարության վարած քաղաքականությունը և քննադատում էր պետական կառավարման գործում եղած թերացումներն ու բացթողումները:
Ռազմական և քաղաքական գործիչ Ալի Ֆուադ Ջեբեսոյի վկայությամբ, ով եղել է Քեմալի դասընկերը, թերթի առաջին երկու կամ երեք համարները հրատարակվել են, երբ Քեմալը տակավին ռազմական քոլեջի երրորդ դասարանում էր, այսինքն` քննարկվող դեպքերը տեղի են ունեցել մոտ 1902 թվականին (Քեմալը Ստամբուլի ռազմական քոլեջ է ընդունվել 1899 թ. մարտի 13-ին ):
1907 թ. հոկտեմբերին Մուստաֆա Քեմալն իր հայրենի Սալոնիկ քաղաքում ընդունվեց մասոնների շարքերը , իսկ 1908 թ. փետրվարին անցավ երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության շարքերը։
1908 թ. հուլիսի 24-ին երիտթուրքական հեղաշրջման հետևանքով գահընկեց արվեց Աբդուլ Համիդ II սուլթանը, և Օսմանյան կայսրությունում վերականգնվեց 1878 թ. սահմանադրությունը : Մուստաֆա Քեմալը, ով այդ ժամանակ նշանակված էր իր հայրենի Սալոնիկում և ծառայում էր օսմանյան 3-րդ բանակի շտաբում , հեղաշրջումից օրեր առաջ նշանակվել էր ծառայության նաև Ռումելիայի արևելյան երկաթգծի տեսչությունում որպես ռազմական տեսուչ : Հեղաշրջման նախօրեին նա կատարում էր կապավորի դեր «Միություն և առաջադիմություն» կուսակցության` Սալոնիկում գտնվող կենտրոնի և Սկոպիեի միջև:
Հեղաշրջման ժամանակ Քեմալը, ինչպես ինքն է ասում, Սկոպիեում էր` «Սալոնիկից տրված ցուցումներին համապատասխան գործողությունները համակարգելու նպատակով, քանզի այնտեղ անտեղի շտապողականություն էր նկատվում սահմանադրության հայտարարման համար կազմակերպվելիք ցույցերի հարցում»:
Այնուհետև Մուստաֆա Քեմալը միառժամանակ քաղաքական ակտիվ գործունեությամբ չի զբաղվում: Դա պայմանավորված էր «Միություն և առաջադիմություն» կուսակցության վերնախավի, հիմնականում Էնվեր փաշայի հետ ունեցած անհարթ հարաբերություններով: Քեմալը երբևիցե չի համակրել Էնվերին և ամեն պատեհ առիթով քննադատում էր նրան : Այս ընթացքում Մուստաֆա Քեմալը զբաղեցնում է մի շարք ռազմական պաշտոններ, այդ թվում` ռազմական կցորդի պաշտոն Սոֆիայի օսմանյան դեսպանությունում 1913 թ. հոկտեմբերից : Դեսպանության ռազմական կցորդի պարտականություններից Մուստաֆա Քեմալն ազատվեց 1915 թ. հունվարին, երբ ռազմական նախարար Էնվեր փաշան նրան նշանակեց Գալիպոլիում գտնվող 19-րդ դիվիզիայի հրամանատար։
Քեմալի՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցության վերնախավի հետ հակասությունների հիմնական պատճառը վերջինիս վարած արտաքին քաղաքականությունն էր Գերմանիայի հետ: 1913 թ. Բալկանյան պատերազմից հետո օսմանյան կառավարությունը բանակում բարեփոխումներ իրականացնելու նպատակով դիմեց Գերմանիային, և Գերմանիայի կայսերական բանակի գեներալ Լիման ֆոն Սանդերսը, ստանձնելով օսմանյան բանակի բարեփոխման գերմանական առաքելության ղեկավարումը, ժամանեց Ստամբուլ : Մուստաֆա Քեմալը սա դիտում էր որպես Օսմանյան կայսրության ինքնիշխանության սահմանափակում : Բացի այդ` նա վերապահումով էր մոտենում գերմանական դաշնակցային վերաբերմունքին առ Օսմանյան կայսրությունը: Դա հատկապես երևում է Քեմալի՝ 1917 թ. Սիրիայում գտնվող 7-րդ բանակի հրամանատար նշանակվելուց հետո օսմանյան մեծ վեզիրին ներկայացված ծավալուն, բազմակողմանի հուշագրում, որով Քեմալը ոչ միայն զգուշացնում էր օսմանյան ռազմական ղեկավարության մեջ գերմանական կողմի գերակշռության և դրա վտանգների մասին, այլ նաև այն միտքն էր հայտնում, որ Օսմանյան կայսրությունը Գերմանիայի հետ նման համագործակցության շարունակության պարագայում մեծ ռիսկի է դիմում դառնալու գերմանական գաղութ, եթե ներկա իրադրությունը շարունակվի, և կենտրոնական ուժերը հաղթեն պատերազմում : Նշված հուշագրով նա պահանջում էր Սիրիայում և Պաղեստինում տեղակայված օսմանյան ուժերի միանձնյա հրամանատարությունը, սակայն, մերժում ստանալով, 1917 թ. հոկտեմբերի 4-ին հրաժարական տվեց ու վերադարձավ մայրաքաղաք: Ստեղծված իրավիճակը հարթելու նպատակով նրան առաջարկվեց ուղեկցել թագաժառանգ Վահիդեդինին Բեռլին կատարելիք այցի ընթացքում ։ Գերմանական հրամանատարության նկատմամբ իր բացասական վերաբերմունքը Քեմալը չէր թաքցնում անգամ գերմանական սպայակազմի ներկայացուցիչներից, և Լիման ֆոն Սանդերսի հետ առաջին հանդիպման ժամանակ տեղի ունեցած երկխոսության ընթացքում նա իր թերահավատությունն է հայտնում պատերազմում Գերմանիայի հաղթական ելքի վերելքը:
Մուդրոսի զինադադարից հետո «Միություն և առաջադիմություն» կուսակցության ներքին շրջանակներում որոշվեց Անատոլիայում դիմադրություն կազմակերպել ընդդեմ Անտանտի ուժերի : Այս ծրագրի իրագործմամբ զբաղվում էր պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց ստեղծված «Քարաքոլ» գաղտնի կազմակերպությունը , որը կազմակերպում էր զինամթերքի և իթթիհադական սպաների փոխադրումը Անատոլիա : Դիմադրության առաջնորդ ընտրելու ժամանակ Մուստաֆա Քեմալը ընդունվեց որպես լավագույն թեկնածու և, 1919 թ. ապրիլի 30-ին նշանակվելով 9-րդ բանակի (հետագայում՝ 3-րդ բանակի) տեսուչ , մեկնեց Անատոլիա: Նախքան Քեմալին ընտրելը նկատի էր առնվել օսմանյան բանակի գլխավոր շտաբի նախկին պետ և մեծ վեզիր Ահմեդ Իզզեթ փաշայի թեկնածությունը՝ որպես դիմադրության շարժման առաջնորդի, սակայն վերջինս մերժել էր առաջարկը:
Նշանակվելով 9-րդ բանակի տեսուչ` Մուստաֆա Քեմալ փաշան պաշտոնապես պարտավոր էր ապահովել զինապահեստների անվտանգությունը, պայքարել Անտանտի դեմ ընդհատակում ձևավորվող դիմադրության խմբերի դեմ, վերակազմավորել բանակի քայքայված ստորաբաժանումները և կարգուկանոն հաստատել երկրում : Մայիսի 19-ին Քեմալը ժամանեց Սամսուն և, մշակելով գործողությունների ծրագիր, համախոհների հետ անցավ գործի: Հունիսի 21-ին Ամասիայում գումարված գաղտնի ժողովից հետո քեմալականները շրջաբերականով դիմեցին քաղաքացիական և զինվորական իշխանությունների ներկայացուցիչներին: Շրջաբերականում նշված էր, որ սուլթանի կառավարությունը չի կարողանում պահպանել կայսրության տարածքային ամբողջականությունը, և այդ պարտականությունն իր վրա պետք է վերցնի «ազգը» : 1919 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին Քեմալը կազմակերպեց մի շարք համաժողովներ, որոնց մասնակցում էին իթթիհադականների ձևավորած «իրավունքների պաշտպանության խմբերի» ներկայացուցիչները , և, ամբողջացնելով դիմադրության շարժման ծրագիրը, իր համախոհների հետ անցավ դրա իրագործմանը:
Քեմալի ծավալած գործունեությունն անհանգստացնում էր Անտանտին հավատարիմ սուլթանի կառավարությանը: Հուլիսի 5-ին Քեմալը հրաման ստացավ մեկնելու մայրաքաղաք, և երբ հրաժարվեց կատարել հրամանը, երեք օր անց նրան հեռացրին օսմանյան բանակից և իր զբաղեցրած պաշտոնից : Ստամբուլի հրամանը շրջանցելը մեծ ռիսկեր էր պարունակում. Քեմալը կարող էր ձերբակալվել և ուղարկվել Ստամբուլ, որտեղ 1920 թ. մայիսի 24-ին սուլթանի կողմից վավերացված դատական որոշում կար նրան մահապատժի ենթարկելու մասին : Սակայն Քյազիմ Կարաբեքիրը, որին հրամայված էր ձերբակալել Քեմալին և ստանձնել նրա պարտականությունները, ևս հրաժարվեց հրամանի կատարումից` այդպես իր աջակցությունը հայտնելով Քեմալին և փաստացի հայտնվելով նրա հրամանատարության ներքո :
Հետագա ռազմական գործողությունները և քաղաքական գործընթացները թուրքական պատմագրությանը հայտնի են որպես «Ազատագրության պայքար» : Այս ընթացքում դրսևորվեցին Մուստաֆա Քեմալի դիվանագիտական և քաղաքական կարողությունները: Քեմալը քաղաքական ճիշտ հաշվարկների շնորհիվ կարողացավ աջակցություն ստանալ միաժամանակ և՛ իսլամական աշխարհից, և՛ Ռուսաստանի բոլշևիկյան վարչակարգից, և՛ Անտանտից: Օսմանյան խալիֆաթը Արևմուտքի ոտնձգություններից պաշտպանելու նպատակով նա դիմում է իսլամի աշխարհին՝ «Դամասկոսի, Կորդովայի, Կահիրեի և Բաղդադի խալիֆայությունների անկումից հետո թշնամու զենքի տակ ընկած իսլամի վերջին խալիֆաթը» փրկելու կոչով, ինչը անարձագանք չի մնում: Միայն «Համահնդկական խալիֆաթ» կազմակերպությունը հանգանակում և շարժմանն է ուղարկում 125.000 ֆունտ ստերլինգ ոսկով , որը հետագայում Քեմալը ծառայեցրեց որպես հիմնադիր դրամագլուխ 1924 թ. բացված Թուրքիայի ձեռնարկատիրական բանկի ստեղծման համար: Բոլշևիկյան իշխանությունները ևս անմասն չմնացին քեմալական շարժմանն աջակցելուց: 1921 թ. քեմալականները բոլշևիկյան Ռուսաստանից ստացան ահռելի քանակությամբ ռազմամթերք և ֆինանսական աջակցություն , ինչն անգնահատելի խթան հանդիսացավ Քեմալի առաջխաղացման համար:
Քեմալի ծրագրերի իրականացման համար թերևս առավել մեծ նշանակություն ունեցան Անտանտի երկրների ներքաղաքական զարգացումները` Հունաստանի վարչապետ Վենեզիլոսի հրաժարականը , Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջի, Ֆրանսիայի նախագահ Ժորժ Կլեմանսոյի և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի պաշտոնաթող լինելը , ԱՄՆ Սենատի կողմից հայկական մանդատի մերժումը , ինչպես նաև Իտալիայի վարչապետի թուրքամետ կողմնորոշումը ։ Այս ամենը հաշվարկվեց Քեմալի կողմից և հեշտացրեց ու արագացրեց Քեմալի հաղթանակը:
Անկախության պատերազմից հետո Լոզանի հաշտության պայմանագրի կնքմամբ (1923 թ. հուլիսի 24) և հանրապետության հռչակմամբ (1923 թ. հոկտեմբերի 29) ավարտվեց Մուստաֆա Քեմալի քաղաքական պայքարի ամենադժվար ու արդյունավետ փուլը: Ընտրվելով Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ` Քեմալն անցավ իր մյուս՝ ոչ պակաս կարևոր ծրագրերի իրականացմանը: Դրանք էին միապետության վերացումը, խալիֆայության վերացումը, երկրի արևմտականացումն ու արդիականացումը և մի շարք այլ բարեփոխումներ:
1922 թ. նոյեմբերի 1-ին ԹԱՄԺ-ի ընդունած որոշմամբ երկրում վերացվեց սուլթանությունը, և վերջին սուլթանը՝ Մեհմեդ VI Վահդեդինը, որի համհարզը ժամանակին Մուստաֆա Քեմալն էր , ստիպված եղավ լքել երկիրը : Այդ ժամանակահատվածում, սակայն, խալիֆայության վերացումը աննպատակահարմար էր դիտվում մի շարք պատճառներով: Նախ` իսլամական կոչեր հղելով` Քեմալը կարողանում էր որոշակի օգնական ուժեր մոբիլիզացնել հօգուտ շարժման : Եվ հետո` խալիֆայությա` իսլամի կենտրոն լինելու փաստը կարող էր օգտագործվել դիվանագիտական նպատակներով, ինչպես, օրինակ, Լոզանի բանակցությունների ընթացքում : Եվ վերջապես` թուրքերի գերակշիռ մասը դեռ պատրաստ չէր այդ փոփոխությանը, և նշված շրջանում այդ քաղաքական որոշումը հանրային աջակցության չէր արժանանա :
Հաջորդ քայլը խալիֆայության վերացումն էր: Մուստաֆա Քեմալը սկզբունքորեն դեմ էր իսլամի գերակայությանը հանրային կյանքում և խալիֆայության հետ մեկտեղ վերացրեց նաև իսլամական դատարանները , տարանջատեց կրթական համակարգը կրոնից և այլն:
1924 թ. մարտի 3-ին ԹԱՄԺ-ն ընդունեց օրենք, որով խալիֆայությունը դադարեց գոյություն ունենալուց : Վերջին խալիֆ Աբդուլ Մեջիդ 2-րդը հայտարարվեց գահընկեց, և ամբողջ օսմանյան արքայատոհմը արտաքսվեց երկրից: Նույն օրն ընդունված օրենքներով վերացվեց շարիաթի և վաքըֆների նախարարությունը: Արգելվեցին դերվիշական եղբայրությունները, վաքըֆները (կրոնական կալվածքները) պետականացվեցին: Արդեն 1928 թ. ընդունված նոր սահմանադրության մեջ իսլամը որպես պետական կրոն ամրագրող կետը բացակայում էր :
Ընդունվեցին եվրոպական օրենսգրքեր, ազգանունների, եվրոպական հագուստ կրելու մասին օրենքներ, ֆես (օսմանյան ավանդական գլխարկ) կրելը արգելվեց օրենքով: Հիջրայի (մուսուլմանական) օրացույցը փոխարինվեց Գրիգորյան տոմարով, արաբատառ գիրը՝ լատինատառ գրով, ոչաշխատանքային օր դարձավ կիրակին՝ նախկին ուրբաթ օրվա փոխարեն : Այս և նմանատիպ այլ ձեռնարկներով Քեմալը ձգտում էր արևմտականացնելու Թուրքիան և արդիականացնելու թուրքական ավանդական հասարակությունը:
(շարունակելի)
Տիգրան Չանդոյան
«Դրօշակ» թիվ 11 (1660), նոյեմբեր 2021 թ.
(հոդված 1)-ը՝ այստեղ